Նամակներ ինքնամեկուսացումից - 2

Նամակներ ինքնամեկուսացումից - 2

Անտառապահի հայտնվելու ժամանակը

Ներիր, սիրելի Արմինե, որ ուշացրի երկրորդ նամակս։ Ճնշող է պարտադիր առանձնացումն այս հրաշալի, բայց հիվանդանոց մոլորակում, կամքիցս անկախ, շարունակ մանկությանս օրերն եմ հիշում, նույնիսկ մեր սարերի բույրն եմ առնում․
Մոլությունից հեռու, հոգսերից ազատ, ուր ծերությունը ցավ չունի, ջահելությունը՝ թակարդ, ինչպես գրել է անհայտ բանաստեղծը։ Ափսոս՝ այդ ամենն արդեն անցել է իմ սերնդի համար, եւ մնացել է միայն հիշողության բույրը․․․

Հիշողություն ասացի, ու աչքիս առաջ պատկերացավ հրաշալի Վլադիմիր Վիսոցկին, ում հետ պատիվ ունեցա ծանոթանալու մտերիմ ընկերոջս՝ «Յունս» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ Մարկ Գրիգորեւի միջոցով, Մոսկվայի գրողների տան ռեստորանում, որը նախքան հրդեհը հրաշալի է նկարագրել Բուլգակովը։ Մարկի հետ Սիբիրից էինք վերադարձել եւ սիբիրյան մեր թափառումների երկու ամիսների ընթացքում շատ էինք կարոտել ռեստորանային կյանքը, քանզի Սիբիրում ռեստորաններ չկային։

Վիսոցկին նստած էր Չինգիզ Այթմատովի, համակրելի, ինքնավստահ Ղազախստանի գրողների միության նախագահ Օլժաս Սուլեյմանովի հետ, ով «Ազիա» վերնագրով գիրք էր գրել եւ, իր կարծիքով, անմահացել էր թյուրքալեզու ժողովուրդների մեջ։ Նրանց հետ մի ռուս գրող էլ կար, որի ազգանունը հիմա արդեն ինձ համար կորուսյալ է։

Այնուհետեւ եղավ շատ հետաքրքիր մի բան․ Վիսոցկին թողեց իր երեւելի սեղանակիցներին եւ միացավ մեզ՝ ջահելներիս։ Դա մեզ համար երջանկություն էր։ Իմ պայուսակում սիբիրներում թափառած «Նաիրի» կոնյակի վերջին շիշն էր մնացել, եւ զրույցն այնքան հոգեւոր էր ու հետաքրքիր, որ չիմացանք, թե ինչպես շիշն ավարտվեց։ Երկրորդ շիշը պատվիրեց Վիսոցկին, ու զրույցը շարունակվեց։ Նա պատմում էր Լենինգրադի իր հայ ընկերների մասին, պատմում էր «Չոռնի պիստալետ» իր երգի ստեղծման մասին։ Հիշում էր Երեւանում ԿԳԲ-ի դահլիճում իր միակ համերգը, որին, ի դեպ, ես՝ ուսանողս, մի կերպ խցկվել էի եւ ոտքի վրա կանգնած՝ լսել էի մինչեւ վերջ, որովհետեւ տեղ չկար նստելու։

Այդպես խմում էինք, եւ կենացները քաղցրանում էին, ու Վիսոցկին անսպասելի փոխեց թեման եւ մեզ պատմեց Չապաեւի օրագիրը․
1 հունիսի ․ Այսօր մենք քայլելով մոտեցանք անտառին, դեռեւս ձի չունեինք։
2 հունիսի․ Մեր զինվորները ձիեր գողացան հարեւան գյուղերից, եւ մենք մտանք անտառ։
3 հունիսի․ Թշնամիները նահանջեցին, մենք գրավեցինք անտառի կեսը։
4 հունիսի․ Թշնամիները դիմադրում էին, բայց մենք, միեւնույն է, շարժվում էինք առաջ։
5 հունիսի․ Մենք գրավեցինք ամբողջ անտառը, գերիները մեզ հետ էին, որոնց չէինք սպանել ու պիտի դատեինք։
6 հունիսի․ Մենք տոնում-խրախճում էինք մեր հաղթանակը։
7 հունիսի․ Եղավ անսպասելին, եւ մեր հաղթանակը վերածվեց ոչնչի։ Եկավ անտառապահը ու բոլորիս դուրս քշեց անտառից։
- Տղերք ջան, Չապաեւի պատմությունը մեր երկրի հետ է լինելու, չնայած երկիրը դեռ լռում է եւ լռության մեջ ընտրում իր անտառապահին, իսկ անտառապահը միշտ գալիս է,- ասաց Վիսոցկին ու բարձրաձայն ծիծաղեց,- ձեր կենացը, տղերք, դուք հաստատ անտառապահին կտեսնեք, նա դեռեւս լուռ է, բայց միշտ՝ սթափ։

ՀԳ․ Ի դեպ, այդ շրջանում ես ծխամորճ էի ծխում, Վիսոցկին իր ծոցի գրպանից հանեց մի ծխամորճ, որը համարակալված էր, եւ նվիրեց ինձ։ Եվ այդ հրաշալի ծխամորճն իմ մոտ է մինչեւ հիմա, որպես սրբազան մասունք։


Հարգանքներով՝ Մերուժան 
ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ