ԵՊՀ-ի մամուլի խոսնակը դատի է տվել ԵՊՀ հիմնադրամին

ԵՊՀ-ի մամուլի խոսնակը դատի է տվել ԵՊՀ հիմնադրամին

«Դատալեքս» դատական-տեղեկատվական կայքից տեղեկանում ենք, որ ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը դատական հայց է ներկայացրել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի դեմ։ Գործը մակագրվել է դատավոր Կարինե Պետրոսյանին։

Հայցվորը պահանջում է  այլ աշխատանքի տեղափոխելու մասին հրամանն անվավեր ճանաչել։

«Հրապարակի» հետ զրույցում  ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտնեց, թե ինքը տեղյակ չէ ինչի մասի է խոսքը։

«Ես տեղեկություն չունեմ, եթե դուք տեղեկություն ունեք, խնդրեմ, մեկնաբանեք։Իրոք չունեմ տեղեկություն»,- նշեց Գեղամ Գևորգյանը։

Մեր պնդմանը, թե Գևորգ Էմին-Տերյանի պահանջը ,այլ աշխատանքի տեղափոխելու մասին հրամանն անվավեր ճանաչելուն է վերաբերվում և սովորաբար նմանատիպ հրամանների արձակումը հենց ռեկտորների լիազորությունների մեջ են մտնում, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը արձագանքեց․ «Ես օրական մի քանի տասնյակ հրաման եմ արձակում և  ոչինչ հիշել չեմ կարող։ Եթե ինչ-որ բան անօրինական է, խնդրեմ, թող դիմի դատարան»։

Գևորգ Էմին-Տերյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կպարզաբանի իրավիճակը միայն այն ժամանակ, երբ վարույթը ընդունվի․ «Թող ընդունվի վարույթ, դեռևս ոնց որ չի ընդունվել, ես կպարզաբանեմ, կպատասխանեմ ձեր հարցերին։ Ֆեյսբուքյան իմ էջով կանդրադառնամ»։
Մեր ճշտող հարցին, թե արդյո՞ք Գեղամ Գևորգյանն է  այլ աշխատանքի տեղափոխելու մասին հրաման տվել և ի՞նչ աշխատանքի մասին է խոսվում, ԵՊՀ խոսնակը նորից չցանկացավ պարզաբանել։