«Նորացրել են» և՛ թատրոնը, և՛ դերասանական կազմը

«Նորացրել են» և՛ թատրոնը, և՛ դերասանական կազմը

Հունիսի 12-ից ամիսների դադարից հետո հանդիսատեսի առաջ իր դռները բացեց Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը: Ու չնայած նրան, որ թատրոնից հեռացել է դերասանական կազմի զգալի մասը` թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ մասին, թատրոնը ամիսներ տևած դադարից հետո այժմ կրկին գործում է: Թատրոնի վերաբացումը Եվգենի Շվարցի «Սովորական հրաշք» ներկայացման առաջնախաղով էր, որին ներկա էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ թատրոնի նոր տնօրենը Տաթև Մելքոնյանն է, ով երկար տարիներ աշխատել է Տիկնիկային թատրոնում և մտերիմ է ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հետ, ավելի կոնրետ` նրա կադրն է, իսկ Բաբայանը գաղտնիք չէ, որ ոչ միայն «Բաց հասարակությունների հիմնադրամի» տնօրենների խորհրդի անդամ էր, այլև բացահայտ աջակցում է ՔՊ-ական իշխանությանը:

Ինչպե՞ս է թատրոնում մթնոլորտն այժմ: Դժվար չէ՞ աշխատել մի թատրոնում, որի երկարամյա գեղարվեստական ղեկավարը հեռացել է թատրոնից` մի շարք դերասանների հետ միասին: Թատրոնի դերասանուհի Միլենա Ավանեսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց.

«Ես չեմ ցանկանա խոսել Մհեր Մկրտչյանի մասին, եթե մասնագիտական հարցեր կլինեն, սիրով կխոսեմ, բայց այդ մասին չեմ ցանկանում խոսել: Ամեն ինչ ինձ համար հիանալի է, ես մեծ հաճույքով եմ գնում աշխատանքի, մնացածի մասին չեմ կարող ասել: Ողջ խաղացանկը կարող եք գտնել` հունիս-հուլիս ամիսներին, բավականին հարուստ խաղացանկ ունենք, իսկ օգոստոսին` արձակուրդ է մեզ մոտ», - նշեց դերասանուհին:

Վերանորոգումից հետո ի՞նչ է փոխվել թատրոնում. «Եվ տեխնիկական մասը, նոր հագեցած տեխնիկա ունենք և դահլիճն է նորոգվել, ամեն ինչ գրեթե նոր է»:

Բավականին շատ դերասաններ լքել են թատրոնը՝ չցանկանալով աշխատել նորանշանակ տնօրեն Տաթև Մելքոնյանի հետ, նրանց ո՞վ է փոխարինում այժմ, կա՞ նոր դերասանական կազմ. «Այո, բայց չեմ կարող անուններով ասել»:

Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի թատրոնը Մհեր Մկրտչյան թատրոնը տնօրեն չուներ, իսկ գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանն ամիսներ առաջ ազատվեց պաշտոնից` ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով: