Քաոսի մեջ է ստեղծվում լույսը․․․

Քաոսի մեջ է ստեղծվում լույսը․․․

Ժողովուրդն ասում է՝ քաոսի մեջ ենք։ Բայց ի՞նչ է քաոսը՝ խառնակությու՞ն, խառնակ վիճա՞կ․․․ Պարզվում է, որ Քաոսը հունական դիցաբանության աստվածներից է։  Ըստ դիցաբանության՝ Քաոսից է սկիզբ առնում ամեն ինչը։ Քաոսն ապրել է մթության մեջ, որի պատճառով նրա կերպարանքը հնարավոր չէ նկարագրել։ Քաոսից է առաջացել Տարտարոսը՝ ահավոր անդունդը, լեցուն հավիտենական խավարով։ Երբ ժողովուրդն ասում է ՝ քաոսի մեջ ենք, համապատասխանում է դիցաբանության նկարագրած վիճակին։ Մթության մեջ ենք ու բոլոր կերպարանքները, պատկերները խառնված են։ Այսինքն մի վիճակում ենք , երբ բոլոր պատկերները, կերպարանքներն աղճատվել  ու նույնացվել են, որպեսզի չերևա հիմնական դեմքը, որը թաքնված է խավարում ու հնարավոր չէ նկարագրել։

Հենց այդպես էլ դիցաբանության մեջ նկարագրվում է․ «Քաոսը անծայրածիր տարածություն է, որ ներկայացնում է աշխարհի նյութական տարրերի խառնակ ամբողջություն, որից ծագել են բոլոր գոյացությունները»: Քաոս առաջացնողը կամ Քաոսը  աղճատում, նույնացնում է կերպարանքները։ Դա է պատճառը, որ բոլոր դեմքերը ներկայացվում է Քաոսի գորշ գույնով, բոլորին սևացնում են ու մարդիկ ընկնում են անելանելի վիճակի մեջ՝ լավ, ու՞մ վրա դնենք մեր հույսը, ու՞ր է լույսի այն շողը, որով առաջնորդվենք։ Բայց դիցաբանության մեջ կա հուսադրողը՝ ինչքան քաոսը մեծանում, ինչքան խավարը խտանում է, հենց իր մեջ էլ  ստեղծվում է կյանքի աղբյուրը։ Քաոսից է առաջանում Սերը՝ Էրոսը, ամեն ինչին կենդանություն տվողը։ Քաոսից է ստեղծվում հավերժական Լույսը՝ Եթերը, պայծառ օրը՝ Հեմերան։ Ինչևէ համատարած քաոսի մեջ լույսն արդեն նշմարվում է և ինչքան էլ Քաոսը դիմադրի, հենց նրա մեջ է ծնվելու  լույսը ու կանոնավորի երկրի գոյության բնական ընթացքը․․․

Դիցաբանությունը դիցաբանություն, հավատալիքը հավատալիք, բայց այստեղ գործում է խորը փիլիսոփայություն, որ վստահաբար կարող ենք ասել՝ 2018-ից հետո ստեղծված քաոսի մեջ է ստեղծվում  Լույսը։ Ասում են՝ երբ դուք  լույս եք ճառագում, ափերից հանում եք նրանց, ովքեր քաոսի, խավարի մեջ են։ Այնպես որ,  այն գործողությունները, որ ձերբակալությունների, զենքի միջոցով ձեր դեմ են կիրառվում,  դրա ապացույցն են։