Թաթայի համերգի մուտքն ազատ է Գյումրիում․ ԿԳՄՍ նախարարությունն ու Հ1-ն են հրավիրել

Թաթայի համերգի մուտքն ազատ է Գյումրիում․ ԿԳՄՍ նախարարությունն ու Հ1-ն են հրավիրել

«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնն այս տարի կանցկացվի 3 համայնքում՝ Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում՝ հուլիսի 27-ին, օգոստոսի 10-ին և 24-ին: Տեղեկացանք, որ  Փառատոնի առաջին կանգառը Գյումրիում է, որտեղ հուլիսի 27-ին Վարդանանց հրապարակում տեղի կունենա Թաթա Սիմոնյանի համերգը, մուտքն ազատ է: Իսկ ահա օգոստոսի 24-ին Եղեգնաձորում ելույթ կունենա «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած «Լադանիվա» խումբը:
Նշենք, որ այս  փառատոնն անցկացվում է երկրորդ անգամ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Հանրային հեռուստաընկերության հետ համատեղ: «Մշակույթի ռազմավարության կարևոր կետերից է մարզերում մշակութային կյանքի ակտիվացումն ու համապատասխան միջավայրերի ձևավորումը, ինչին էլ միտված է «Ֆեստիվառ» փառատոնի իրականացումը: Մարզային 3 քաղաքներում «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնի անցյալ տարվա միջոցառումները ցույց տվեցին, որ ծրագիրը պահանջված ու սպասված էր մարզերում»,-իր խոսքում նշել էր ԿԳՄՍ Նախարար Ժաննա Անդրեասյանը
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում մարզերում, որոնք ուղղված են մշակութային ակտիվության խրախուսմանը:

«Այդ իմաստով «Ֆեստիվառն» իրոք աննախադեպ ցուցանիշներ է ունեցել. ավելի քան 50 հազար այցելու է գրանցվել: Փաստական այս արդյունքը հիմք դարձավ, որպեսզի մարզային երաժշտական այս փառատոնը դառնա ամենամյա: Քաղաքների ընտրության պարագայում փորձ է արվել հնարավորինս ընդլայնել աշխարհագրությունը, և ներառել այն քաղաքները, որոնցում կարևորվում է զբոսաշրջային մեծ ակտիվությունը: Որակյալ երաժշտության և ծրագրի առկայությանն առանցքային նշանակություն է տրվում: Փառատոնային այս ձևաչափը նաև հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին նորովի բացահայտել Հայաստանը»,- նշել է նախարարը:

Նրա տեղեկացմամբ՝ փառատոնային միջոցառումները նախատեսվում են ոչ աշխատանքային օրերին, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան մասնակցելու համերգներին, ինչպես նաև այցելելու տվյալ մարզի պատմամշակութային վայրեր: Ըստ նախարարի հենց այդ փառատոնների շնորհիվ էլ մարզերում տնտեսական ակտիվություն է նկատվում: Նշենք, որ այդ օրերին համայնքներում տեղական արտադրողներին տրամադրվում են վրանային հատվածներ՝ իրենց արտադրանքը ներկայացնելու և վաճառելու համար:

Գյումրու մի քանի հյուրատներից հետաքրքրվեցինք, թե կան նախապես ամրագրված համարներ եւ արդյոք «Ֆեստիվառը» տուրիստական մեծ աշխուժություն է հաղորդում համայնքներին: Պատասխանները գրեթե նույնաբովանդակ էին, ասացին, որ երբ քաղաքում միջոցառումներ են նախատեսվում, այդ օրերին հյուրընկալվողների թիվը զգալի է, «Ֆեստիվառը» նույնպես բացառություն չէ, բայց դեռևս փառատոնին մասնակցելու նպատակով ամրագրումներ չկան: Գյումրեցիները կատակում են՝ մի օր էլ Թաթայի հույսով կապրենք, այն որ Թաթան է Գյումրի գալու, եկողներ հաստատ շատ կլինեն: