Մենք ու աշխարհը դատապարտում ենք, Բաքուն՝ լկտիաբար արդարանում

Մենք ու աշխարհը դատապարտում ենք, Բաքուն՝ լկտիաբար արդարանում

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, ի ցույց դնելով իր ագրեսիան եւ էթնիկ զտումներ իրականացնելու մտադրությունները, դիմեց հերթական սադրանքին՝ փակելով Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է` ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, եւ այս կամրջով պետք է ընթանար Արցախը Հայաստանին կապող նորակառույց ճանապարհը, որի մասին հիշատակված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Դրանով, փաստորեն, ամբողջապես շրջափակվեց Լեռնային Ղարաբաղը։

Բաքվից արձագանքեցին, թե սահմանային անցակետի տեղադրման մասին տեղեկացրել են ռուս խաղաղապահների հրամանատարությանը եւ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնին։ Ռուսաստանի ՊՆ-ն, սակայն, «միակողմանի եւ չհամաձայնեցված» որակեց Ադրբեջանի գործողությունները։ «Միակողմանի եւ չհամաձայնեցված գործողությունների հետեւանքով ադրբեջանական կողմն արգելափակել է Լաչինի միջանցքով երթեւեկությունը ռուս խաղաղապահների համար մեկ անցակետի մոտ։ Խաղաղապահների ղեկավարությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ»,- ապրիլի 24-ին հայտարարություն տարածեց ՌԴ պաշտպանական գերատեսչությունը։
Դրանից հետո Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, թե այդ որոշումն իրենց երկրի ինքնիշխան իրավունքն է եւ նպատակ ունի թափանցիկ վերահսկողության ռեժիմ սահմանել՝ իբր, Ղարաբաղում Հայաստանի կողմից զենք-զինամթերքի տեղափոխումը բացառելու համար։ 

Ապրիլի 27-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնայի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ նման հայտարարություններ հնչեցրին Իլհամ Ալիեւն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Նման լկտի պատճառաբանությամբ էլ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից փակ է Լաչինի միջանցքը, ինչի առնչությամբ միջազգային դատապարտող կոչերն այդպես էլ մնացին իբրեւ ալիեւյան ռեժիմի անպատժելիության դիվանագիտական ապարդյուն արձանագրություն։

«Այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ եռակողմ հայտարարության հետագա գործունեությունը լրջորեն վտանգված է»,- ապրիլի 23-ին հրատապ հրավիրված Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Քննարկման մասնակիցները որոշեցին դիմել եռակողմ հայտարարության կողմերին եւ հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման եւ Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով անցակետի տեղադրման փաստը, ընդգծեց, որ այդ ամենի գլխավոր պատասխանատուն Ռուսաստանն է՝ ի դեմս խաղաղապահ զորախմբի առաքելության։ «Եթե մինչեւ հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից»,- ապրիլի 27-ին կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով` Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում` այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցակետ տեղադրելով Լաչինի միջանցքում։

«ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է վերահսկողության տակ պահի Լաչինի միջանցքը եւ այսպիսով ապահովի միջանցքի բնականոն գործունեությունը։ Այսինքն՝ բացի ՌԴ-ից, որեւէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի։ Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքով ազատ երթեւեկությունը։ Սա ճշգրիտ այն է, ինչ նախատեսված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ»,- հայտարարեց Փաշինյանը։
Մինչեւ այդ՝ ապրիլի 23-ին, ՀՀ արտգործնախարարությունը 2020 թ․ եռակողմ հայտարարության աղաղակող խախտում որակեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։ Ավելի ուշ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց ներկայացրեց ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով։ 

Հիշեցնենք․ 2022-ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։ 2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլեւ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։ Նույն՝ ապրիլի 23-ին ԱՄՆ-ն եւս արձագանքեց Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրմանը։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարեց, թե Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղության գործընթացում վստահության ձեւավորմանն ուղղված ջանքերը: «Մենք կրկնում ենք, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդկանց ազատ տեղաշարժի ու առեւտրի նպատակների համար։ Կոչ ենք անում կողմերին՝ վերսկսել խաղաղության բանակցությունները, զերծ մնալ սադրանքներից ու թշնամական գործողություններից սահմանի երկայնքով»,- ասվում է Պատելի հայտարարության մեջ։

«Այս իրավիճակն անընդունելի է, քանզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական եւ մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով»,- ապրիլի 28-ին Երեւանում հայտարարեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնան։ Նա նաեւ հիշեցրեց, որ մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ է կայացրել՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները՝ միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար: Որոշումը պարտադիր է բոլորի համար եւ պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաեւ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն»,- ասաց նախարարը։

Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելը լարվածությունը նվազեցնելու ԵՄ կոչին հակասող էր համարել։ Հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով՝ ընդգծել էր Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն:

Այն, որ Ադրբեջանը շարունակում է ոչ միայն անտեսել միջազգային հանրության կոչերը, այլեւ նորանոր սադրանքների դիմել, վկայում է, թե որքան անպատժելի եւ ցինիկ կարող է լինել ոճրագործը, երբ «զոհի» հետ հայտնվում է միեւնույն տեղանքում։ Հատկապես, երբ միջազգային խաղացողները չեն խուսափում մարդկանց ճակատագրերը որոշելիս փոխադարձ մեղադրանքներ ուղղել միմյանց՝ մասնավորաբար այս դեպքում խորացնելով Հայաստանում եւ ԼՂ-ում ստեղծված անվտանգային ճգնաժամն ու հումանիտար աղետը։

ՀԳ․ Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ Լաչինի միջանցքի բնապահպանները հեռանում են, այլեւս այն փակ պահելու իմաստը չկա, քանի որ ադրբեջանական կողմը փակել է Հակարիի կամուրջը եւ անցակետ տեղադրել։

Արա Ալոյան