Ու՞ր են անհետացել համակարգիչները․ մեզ համար ամեն ինչ պարզ է․ Վարոսյան

Ու՞ր են անհետացել համակարգիչները․ մեզ համար ամեն ինչ պարզ է․ Վարոսյան

Գրել էինք, որ Վերաքննիչ դատարանը քննում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի կալանքի դեմ բողոքը։ Համայնքապետի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր  Արմեն Դանիելյանին, պնդում են՝ իրենց համար անհասկանալի է՝ ինչպես է գործը մակագրվել հենց նրան։ Ասում են՝ պատահական չեն  համարում Վերաքննիչի համակարգիչների առգրավումը, ինչից հետո համակարգիչների բացակայության արդյունքում գործը ոչ թե համակարգիչների միջոցով է մակագրվել Դանիելյանին, այլ նախագահն է մակագրել նրան։

«Նորից պարզաբանում չհնչեց, թե առհասարակ ուր է համակագիչը։ Դատախազը, որը ներկա էր նիստին, առնվազն պիտի որ դրա մասին տեղեկություն ունենար, իսկ դատախազի կողմից անգամ փորձ չարվեց գոնե դատարանից տեղեկություն ստանալ համակարգիչների մասին։ Ո՞նց եղավ, որ հենց այդ օրը պիտի մակագրությունը տեղի ունենար, ինչու մի երկու օր չսպասեցին։ Եթե համակագիչը առգրավվել է կամ, ասենք, ցնդել է ,ապա պետք է ապահովել մեկ այլ համակարգիչ»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Փարամազյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը։

«Ես ժամանակից առաջ կընկնեմ ու կասեմ, որ սա ամիսներ շարունակ դառնալու է հանցավոր պրակտիկա։ Կոնկրետ այս մակագրությունը դառնալու է հանցավոր պրակտիկա։ Բնականաբար, այս դատավորը մեր բողոքը մերժելու է,իսկ մենք շարունակելու ենք սպառել ներպետական ատյանները, որպեսզի կարողանանք արդեն հարցը եվրոպական դատարանում բարձրացնել։ Մենք սովոր ենք նրան, որ Հայաստանի ներպետական ատյանները քաղաքական տիպի գործերով միշտ եղել են ուղղակի սպառելու վայր։ Այն բանից հետո, երբ որ համակարգիչը անհետ կորել է Վերաքննիչ քրեական դատարանից, մեզ համար արդեն ամեն ինչ պարզ էր։ Ստեղ կոնկրետ Դանիելյանից սպասել դատական պաշտպանություն ուղղակի անիմաստ է»,- պնդեց Վարոսյանը։

Նշենք, որ քիչ անց պարզ կլինի ինքնաբացարկի վերաբերյալ ներկայացրած միջնորդության որոշումը։