Լսիր խելոքներին

Լսիր խելոքներին

Խելացի մարդիկ այս անասելի ժխորի եւ հիվանդ մթնոլորտի մեջ տարբերում-լսում են խելոք խորհուրդներն ու քննադատությունները: Կարողանում են անտեսել հիմար, անիմաստ խոսքերը, չարակամների ու նախանձների ուղղորդված կարծիքները եւ լսում են անշահախնդիր ու օգտակար տեսակետները` արդյունքում վերանայելով իրենց գործողությունները, հետեւություններ անելով սխալներից: Իրականում` այսօր երկիրը ղեկավարողների (եւ ցանկացած ղեկավարի) գլխավոր խնդիրը հենց դա է` շփոթահար հանրության մեջ ջոկել առողջ տեսակետն անառողջից եւ առաջնորդվել դրանցով, այլ ոչ թե հիվանդագին, հետամնաց ու ապակողմնորոշող արձագանքներով: Իհարկե, ոմանք սիրում են լսել այն, ինչ ուզում են լսել: Այն, ինչը հաստատում է իրենց սխալ տեսակետը:

 

Հաճախ այդպես է վարվում նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա երբեմն այնպիսի հայտարարություններ է անում եւ այնպիսի կարծիքներ վկայակոչում, որ զարմանում ես, թե դրանք որտեղ եւ ովքեր են ասել, ինչո՞ւ մենք չենք լսել` միայն ինքն է լսել: Օրինակ, երեկ կառավարության նիստում հայտարարեց, որ «մարդիկ կան, շարժում է սկսվում, որոնք ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ինչի՞ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն եւ անվճար բուժվեն»: Ո՞վ է նման բան հայտարարել, որտե՞ղ, ովքե՞ր են պետական բյուջեի մասին այդպես «հոգացողները», որոնք կարծում են, որ շատ ավելի կարեւոր բաների վրա են ծախսվելու իրենց վճարած գումարները, գուցե` պարգեւավճարներ տալո՞ւ կամ տգետ չինովնիկների արտերկրյա գործուղումների՞ վրա:

 

Առհասարակ, այս երեք տարվա մեջ ավանդույթ ձեւավորվեց, որ իշխանությունը սկսեց «լսել» ոչ թե երկրի մտավորականներին, էլիտային, այլ քծնանքի ռեկորդներ խփող իր թիմակիցներին կամ փոքր ինֆորմացիա եւ գիտելիքներ ունեցող զանգվածին: