Իրանն արձագանքել է Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական նկրտումներին․ «Սպառնալիքներն օրեցօր ավելանում են»

Իրանն արձագանքել է Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական նկրտումներին․ «Սպառնալիքներն օրեցօր ավելանում են»

Նոյեմբերի 9-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հրադադարի և կապիտուլյացիայի համաձայնությունից հետո բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծվել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների համար։

Ստորագրված համաձայնագրի 9-րդ կետով նախատեսված է միջանցք, որը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքով Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը պետք է միացնի Ադրբեջանի հետ։ Իրավիճակն այնպիսին է, որ մարզի սահմանների պաշտպանությանը բացի կանոնավոր բանակից մասնակցում են նաև կամավորական ջոկատները։ Օրերս ադրբեջանական կողմին հաջողվել էր ստիպել հայկական կողմին դեպի Արավուս գյուղ (Սյունիքի մարզ) 800 մետրի չափով հետ նահանջել։ Հայաստանի իշխանությունները բավականին զիջողական են գործում սահմանների գծանշման հարցով, որի օրինակներից մեկն էլ կապված է Գեղարքունիքի մարզի Սոթքի հանքավայրի հետ։  

Օրերս թուրքական «Թուրքիայի ռադիոհեռուսաստեսության թերթ» առցանց հեռուստաընկերության եթերի ժամանակ էկրանին ցուցադրվել էր մի քարտեզ, որում Հայաստանի Սյունիքի մարզը պատկերված է Հայաստանի կազմից դուրս։ «Սյունիքի» փոխարեն գրված է «ԶԱՆԳԵԶՈՒՐ» (ZENGEZUR), տարածքը կարմիր գույնով առաձնացված է Հայաստանից, իսկ Հայաստանը պատկերված է ծիրանագույն։ Տարածքի վրա նաև Արցախի Հանրապետության դրոշին նմանվող դրոշ է պատկերված, սակայն այն տարբերությամբ, որ հայկական եռագույնի փոխարեն ադրբեջանական եռագույնն է։

Դրոշի վրա առկա է սպիտակ եռանկյունաձև նախշանկար, որը խորհրդանշում է Սյունիքի «բաժանումը» Ադրբեջանից։ Սա ակնհայտ խեղաթյուրում և քարոզչական կողծիք է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ու ևս մեկ անգամ խորհրդանշում է թյուրքական ծավալապաշտական նկրտումները հայկական հողերի նկատմամբ։

Էկրանին պատկերված քարտեզի կողքը գլխագրում թուրքերենով նշված է՝ «Փող չկա, եկեք հող տանք» ("Para yok toprak verelim")։

Իսկ գլխագրի տակ կետեր են թվարկված՝
․Ղարաբաղում հետաքննությունը շարունակվում է
․Ե՛վ պետությունը, և՛ Ազգը հայցվոր են
50 միլիարդ դոլար փոխհատուցման նախահաշիվ, բայց

.Հայաստանը փող չունի
.«Եկեք Զանգեզուրը տանք»։

Թուրքական հեռուստաընկերության եթերում ցուցադրված քարտեզին անդրադարձել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ իր տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության կոնտեքստում։ Այս մասին տեղեկանում ենք իրանական «Ազարիհա» տելեգրամյան ալիքից։

«Թուրքական «TGRT» առցանց ՀԸ-ի հակաիրանական հաղորդավարն այս անգամ թիրախավորել է մեր երկրի հյուսիսային սահմանները։ Անցյալ ամիս մեր երկրի դեմ առնվազն երկու անջատողական հայտարարություն արած TGRT-ի հակաիրանական հաղորդավարն այս անգամ պնդեց, որ եթե Հայաստանը 50 միլիարդ դոլար փոխհատուցում չի վճարում Բաքվի Հանրապետությանը, ապա նա պետք է Սյունիքի  մարզը հանձնի Բաքվի Հանրապետությանը»,- գրել է իրանական տելեգրամյան ալիքը։

Հետաքրքիրն այն է նաև, որ «Ազարիհան» «Ադրբեջանի Հանրապետության» փոխարեն գրել է «Բաքվի Հանրապետություն»։ Ինչ վերաբերում է 50 միլիարդ փոխհատուցում պահանջելուն, ապա այս մասին ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ 

«Ազարիհան» գրել է, որ այս ծրագիրը նշանակում է Իրանի միջազգային սահմաններից մեկի կազմաքանդում։ «Իհարկե, հաղորդավարը չի ասել, թե ինչու պետք է պատերազմ չսկսած երկրները փոխհատուցում վճարեն պատերազմի համար: Թուրքիայի՝ Իրանի հյուսիսային սահմաններին հաստատվելու ջանքերը շարունակվում են, և նրա սպառնալիքներն օրեցօր ավելանում են: Ըստ ամենայնի, Թուրքիայում որոշ մարդիկ ռազմական բախում են փնտրում Իրանի հետ»,- գրել է իրանական տելեգրամյան ալիքը։

Լեռնային Ղարաբաղի 45-օրյա պատերազմի ընթաքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերն իր ջոկատները, տանկերն ու ռազմատեխնիկան էր տեղակայել երկրի հյուսիս-արևմուտքում։ ԻՀՊԿ ուժերը տեղակայվել էին Իրանի Արևելյան Ապտրպատական նահանգի Ջուլֆա քաղաքում, որը սահմանակից է Նախիջևանին, և Խոդա Աֆարին երկրամասում, որը սահմանակից է պետերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած ԼՂՀ հարավային հատվածներին։ Պատերազմի ամբողջ ընթացքում Իրանը նախազգուշական հայտարարություններով է հանդես եկել կապված իր սահմանների և բնակչության անվտանգության հետ։ Հարևան պետությունը պատերազմող կողմերին զգուշացրել էր չխախտել իր բնակչության և սահմանների անվտանգությունը։

Նշենք, որ Իրանն ունի Արևելյան Ազերբայջան (հայ․՝ Արևելյան Ատրպատական) և Արևմտյան Ազերբայջան (հայ․՝ Արևմտյան Ատրպատական)  անուններով նահանգներ, որոնք մեծամասամբ բնակեցված են ազերիներով, և Իրանը զգուշանում է այդ բնակչության շրջանում թուրք-ադրբեջանական քարոզչությունից և սեփական տարածքների նկատմամբ նկրտումներից։