Փաշինյանը բրիտանացի նախարարներին խոստացավ ավարտին հասցնել սկսածը

Փաշինյանը բրիտանացի նախարարներին խոստացավ ավարտին հասցնել սկսածը

The Telegraph պարբերականի լրագրողը Նիկոլ Փաշինյանին բազմաթիվ հարցեր տվեց, որոնք մնացին անպատասխան, նրա ցրողական, խուսափողական պատասխանները ոչ մի բանի մասին էին: Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է անդամակցել ՆԱՏՕ-ին կամ իր առաջ խնդիր դրե՞լ է` միանալ Եվրամիությանը, Վլադիմիր Պուտինի այցի դեպքում նա կկալանավորվի՞, թե՞ կանտեսի Հայաստանի օրենսդրությունը, ի վերջո, հնարավոր չեղավ պարզել` Հայաստանն իրեն դաշնակից է համարում Ռուսաստանի՞ն, թե՞ Արեւմուտքին, որովհետեւ հնարավոր չէ միաժամանակ լինել երկու իրար թշնամի եւ իրար դեմ պատերազմող կողմերի բարեկամ եւ դաշնակից: Բայց մի հարցի նա տվեց շատ հստակ պատասխան, եւ հարցազրույցի իմաստը, մեխը հենց այդ հարցն էր ու դրան տրված պատասխանը, ավելի շատ երդում- հավաստիացումը:

Լրագրողի վերջին հարցին. «Ո՞րն է Ձեր ուղերձն իմ ընթերցողներին, այն նախարարներին, ովքեր կարդում են իմ թերթը, որովհետեւ, ինչպես Դուք ասացիք, աշխարհը լրջորեն քննարկում է միջուկային պատերազմի հավանականությունը մի իրականությունում, երբ չգիտենք, թե վաղն ինչ է լինելու», Փաշինյանն ուղղակի շշմելու պատասխան տվեց: Նա հավաստիացրեց, որ, չնայած բազմաթիվ դժվարություններին, ինքը կանի աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է իրեն, անկախ դժվարություններից եւ բարդություններից, որն ինքը պատրաստ է հաղթահարել:

«Ես Ձեր ընթերցողներին հետեւյալը կասեմ․ ես գիտեմ, թե ինչքան դժվար է, ես գիտեմ՝ ինչ բարդություններ է պետք հաղթահարել, եւ ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Կանեմ աշխատանքի այն բաժինը, որը վերաբերում է մեզ, եւ ես հույս ունեմ, որ մեր տարածաշրջանի մյուս երկրները նույնպես այդպես կվարվեն: Մեր որոշ գործընկերների դեպքում կա որոշակի  վստահություն, որ նրանք այդպես կվարվեն, մյուսների դեպքում վստահությունն այդքան մեծ չէ, բայց մեր արտաքին հարաբերությունների առանցքային նպատակներից եւ իմաստներից մեկը դա է, եւ մենք այդ քաղաքականությունը վերնագրել ենք տարածաշրջանացում, որպեսզի մենք կարողանանք մեր տարածաշրջանում հասնել խաղաղության». սա Փաշինյանի պատասխանի բառացի մեջբերումն է, որն առնվազն ապշեցնում է իր անկեղծությամբ եւ սարսափեցնում իր տակ թաքնված ենթատեքստով: 
Ո՞ւմ էր ուղղված այս հավաստիացումը, Մեծ Բրիտանիայի ո՞ր նախարարներին նկատի ուներ The Telegraph-ի լրագրողը, ո՞վ է կատարել աշխատանքի այն բաժանումը, որի մասին խոսում էր Փաշինյանը, եւ ի՞նչ աշխատանք է բաժին հասել Հայաստանին, որը Փաշինյանը խոստանում է պարտաճանաչորեն կատարել: Ի՞նչ «տարածաշրջանացման» մասին է խոսում Փաշինյանը, ո՞րն է դրա իմաստը եւ նպատակը, հայ հասարակությունը մինչեւ հիմա չգիտեր, որ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակն ու վերջնակետը «տարածաշրջանացումն» է: Գուցե «տարածաշրջանացում» ասելով Փաշինյանը նկատի ունի Հայաստանի պետականությունը ոչնչացնելու քաղաքականությունը, որին ուղղված է իր ողջ գործունեությունը: Չկան պետություններ, այլ կա տարածաշրջան, որտեղ տիրում են խաղաղություն եւ համագործակցություն, որովհետեւ պետությունների առկայությունը, դրանց գոյությունը միշտ հղի է մրցակցությամբ եւ նոր պատերազմի սպառնալիքով: Գուցե այս գլոբալիստական խելահեղ գաղափարախոսությունն են ներշնչել Փաշինյանին եւ առաջադրանք տվել՝ ոչնչացնել Հայաստանի պետականությունը՝ հանուն համընդհանուր խաղաղության եւ համաշխարհային երջանկության հաստատման: Իսկ դժվարությունների եւ բարդությունների մասին խոսելիս էլ նկատի ունի Հայաստանի հասարակության ակտիվ դիմադրությունը՝ պետությունը ոչնչացնելու իր մտադրությանը: 

Իսկ ի՞նչ աշխատանք է բաժին հասել մյուս երկրներին ու նրանց ղեկավարներին, որոնց մի մասը, ըստ Փաշինյանի, նույնպես կատարում է իր բաժինը, իսկ մյուսները` ոչ այնքան: Գուցե նրանք էլ են բրիտանացի նախարարներից առաջադրանք ստացել՝ ոչնչացնել իրենց պետությունը, բայց Փաշինյանը դժգոհում է, որ չնայած ինքն ամբողջ ուժով եւ եռանդով լծվել է իրեն բաժին հասած աշխատանքի կատարմանը եւ լուրջ հաջողություններ ունի, բայց մյուսները, ոնց որ թե, այնքան էլ հետեւողականորեն չեն կատարում իրենց բաժին աշխատանքը, չեն ոչնչացնում իրենց պետությունը: Իսկ թե ինչպես են մյուսները կատարում իրենց բաժին հասած աշխատանքը, Փաշինյանին չպետք է մտահոգի, ի վերջո, նա չի կարող տեղյակ լինել, թե նրանց ինչ աշխատանք է բաժին հասել, նրանց ինչ է հանձնարարել բրիտանացի նախարարը կամ նախարարները, նրանք պարտավոր չեն Փաշինյանի հետ կիսվել իրենց մտադրություններով, ինքն իր հանձնարարությունը ստացել է եւ վերջ: Այնպես որ, իր գնահատականները թող իրեն պահի: Թերեւս դրանից ելնելով Փաշինյանը խոստացավ, որ անկախ նրանից, թե ով ոնց է աշխատում, ինքը խոստանում է, որ ինքն իր բաժին աշխատանքը կկատարի եւ կհասցնի ավարտին, բրիտանացի նախարարները թող հանգիստ լինեն, գրաֆիկից շեղումներ չեն լինի:

Փաշինյանի ասածներին ուրիշ տրամաբանական բացատրություն դժվար է գտնել, դժվար է հասկանալ, թե ուրիշ ինչ աշխատանք կարող էր բաժին հասնել Հայաստանին, որը Փաշինյանը կատարում է: Նա իշխանության գալուց հետո միայն մի աշխատանք է հետեւողականորեն կատարում`Հայաստանի եւ հայ ժողովրդի ոչնչացումը: Որպեսզի Փաշինյանը չկարողանա կատարել իր խոստումը եւ մինչեւ վերջ իրականացնի աշխատանքը, նրան պետք է ուղղակի հեռացնել աշխատանքից: Չնայած աշխատողին աշխատանքից կարող է ազատել միայն գործատուն, որը հնարավոր է հենց բրիտանացի նախարարներն են, որոնց համար էլ նա տեսախցիկների առաջ հաշվետվություն էր ներկայացնում:

Ավետիս Բաբաջանյան