Խորհուրդ Արցախի ԱԳ նախարարին՝ քաղաքականության մեջ էմոցիաները «վատ տոնի» նշան են

Խորհուրդ Արցախի ԱԳ նախարարին՝ քաղաքականության մեջ էմոցիաները «վատ տոնի» նշան են

Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը Հանրայինի եթերով հեռարձակվող «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարել է, թե «իրենք ուզում են հասկանալ՝ արդյոք ռուսական կողմն ունի՞ համբերության բաժակ»։ Հասկանալի է, որ թեման եղել է արցախյան իրավիճակը, մասնավորապես՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցը։ «2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը սահմանում է, որ Լաչինի միջանցքի անվտանգությունը պետք է ապահովեն ռուս խաղաղապահները, եւ այն եռակողմ հայտարարության կարեւորագույն էլեմենտն է»,- հայտարարել է նախարար Ղազարյանը՝ արձանագրելով, որ արցախյան կողմն ակնկալում է ռուսական կողմից գործուն քայլերն այդ կետի ապահովման հարցում։ Վերջինս նաեւ հավելել է․ «Պատերազմից հետո մեր հայրենակիցները վերադարձել են Արցախ՝ տեսնելով, որ ռուսական խաղաղապահ զորակազմն այնտեղ տեղակայված է, բայց հիմա հայտնվել է պատանդի կարգավիճակում: Մենք տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների կարմիր գծերը հատելով առաջ է գալիս, ռուսական կողմից էլ տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, թե իրենց ուշադրությունն այլ տեղ է: Մենք ուզում ենք հասկանալ, թե արդյոք կա՞ մի վերջնագիծ, սահմանագիծ, համբերության բաժակ արդյոք ունի՞ ռուսական կողմն այս առումով»:

Մտահոգությունները, որոնք առկա են թե՛ Արցախում եւ թե՛ Հայաստանում, հասկանալի են լիովին։ Նախարար Ղազարյանի հայտարարությունների տոնայնության էմոցիոնալ ֆոնն էլ զուտ մարդկայնորեն ընկալելի է, եւ կարելի է ըմբռնումով մոտենալ։ Այո, ռուսական խաղաղապահ զորակազմից ակնկալիքներն ավելին են, քան այժմ «գետնի վրա» տեսնում ենք որպես գործողություն։ Այո, առհասարակ ռուսներից մենք միշտ շատ ավելի ակնկալիքներ ենք ունեցել եւ ունենք, ու հիմա որոշակի վիրավորվածություն կամ հիասթափություն կարող է լինել։ Այս ամենը զուտ մարդկայնորեն հասկանալի է։ Սակայն քաղաքականության մեջ էմոցիաներ պարզապես չկան, եւ էմոցիոնալությունը քաղաքականության մեջ առհասարակ տեղ չունի։ Ուստի արդեն քաղաքական առումով նման հայտարարություն անելը սխալ է։

Նախ, որովհետեւ Արցախի ֆիզիկական գոյությունը, կարեւոր չէ՝ լավ, թե վատ, այժմ կախված է հենց ռուսական խաղաղապահ զորակազմից, ու սա նկատի ունենալով, սխալ է «համբերության բաժակի սահմանների» մասին խոսելը կամ դրանք կասկածի տակ դնելը։ Ի վերջո, այն, որ Ղազարյանը դեռ համարվում է Արցախի ԱԳ նախարար, եւս ռուսական կողմի շնորհիվ է։ Հասկանում ենք, իհարկե, ամեն ինչ՝ սկսած ռուսական շահերից մինչեւ աշխարհաքաղաքականություն եւ ռեգիոնի նոր ճարտարապետության ձեւավորում։ Սակայն կուզենայինք հարցնել, իսկ ինչ կլիներ, եթե, օրինակ, ռուս խաղաղապահներն առհասարակ կանգնած չլինեին հիմա Արցախում։ Ողբերգական այլ մանրամասներից խուսափելով, պարզապես ֆիքսենք՝ Սերգեյ Ղազարյանն իրեն կհամարեր հայրենազրկված արցախահայության վտարանդի իշխանության, այսպես կոչված, ԱԳ նախարար։ Սա թերեւս ամենադիպուկ բնորոշումն է ու լավ առիթ, որ նախարար Ղազարյանը մինչեւ որոշ հայտարարություններ անելը մտորի, թե որքանով է իր ասելիքը պատեհ կամ անպատեհ։ Որքանով է օգտակար Արցախին կամ վնասակար։