Ֆորս մաժորային իրավիճակում գործատուն իրավունք ունի չվարձատրել. Քաղսի համայնքի ղեկավար

Ֆորս մաժորային իրավիճակում գործատուն իրավունք ունի չվարձատրել. Քաղսի համայնքի ղեկավար

Պարետի որոշմամբ մայիսի 18-ից վերաբացվեցին մանկապատեզները: Եթե քաղաքային համայնքներում մանկապարտեզները որոշ չափով  աշխատում են,  ապա գյուղական համայնքներում մանկապարտեզները դեռ փակ են: 

Կոտայքի մարզի Քաղսի համայնքի մանկապարտեզը նույնպես անորոշ  ժամանակով չի գործի:    Մեզ  դիմած մանկապարտեզի  աշխատակիցը նշում է, որ գյուղապետը այլեւս չի պատրաստվում անգամ հարկադիր պարապուրդ վճարել, աշխատակիցներն էլ՝ հայտնվել են անելանելի վիճակում:

Քաղսի համայնքի ղեկավար  Ռաֆայել Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքի բյուջեյով հնարավոր չի աշխատակիցներին աշխատավարձ վճարել. «Խնդիրը երկու կողմ ունի՝ իրավական եւ բարոյական:  Իրավական կողմը  այն է,   որ  156 հադվածի  6-րդ, եւ  7-րդ  կետը հստակ ասում է, թե ինչի համար իրենք չեն վարձատրվում,  այսինքն՝  երկրում ֆորս մաժորային իրավիճակում գործատուն իրավունք ունի չվարձատրել: Հիմա իրենց 2 ամիս վարձատրել ենք:

 Քանի որ, այս վիճակը երկարացավ եւ  ծայրն էլ չի երեւում,  որոշեցի, որ մայիս ամսին տնօրենը,   հաշվապահը եւ  դաստիարակները, ովքեր հեռավար ուսուցում են անցել վարձատրել աշխատավարձի 2/3-ի  չափով: Հունիս ամսից դաստիարակներն էլ  չեն վարձատրվի, որովհետեւ, դաստիարակների խոսքով՝ այլեւս հեռավար ուսուցում չեն կարողանում կազմակերպել,  որ դա ձեւական բնույթ է կրում: Երեխաները  չեն միանում,  ծնողներն  էլ՝  չեն զբաղվում: Բարոյական կողմ էլ այն է,  որ եթե  աշխատողները չեն աշխատում,  իրենցից ավելի ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ ունենք, որ այս ամսվա մեջ մտադիր եմ ալյուր եւ դիմակներ բաժանել: Շատ դիմումներ ունեմ, որ վիրահատության համար մարդիկ գումար են խնդրում, քանի որ ուրիշ ճար էլ չունեն: Այս ամենը  ես հանգամանորեն բացատրել եմ եւ   ասել եմ, որ ձեզ աշխատանքից չեմ ազատում,  բայց պետք է հասկանան, որ  չեն  վարձատրվի:  Որ ահազանգել են,  մի քիչ տարօրինակ ա հնչում իմ համար,  որովհետեւ աշխատակիցները բոլորը ներկա են եղել,  բացատրել եմ իրենց ու ըմբռնումով են մոտեցել , ինչը որ շատ գովելի է»:

-Մի գուցե համարձակություն չեն ունեցել Ձեր դեմ արտահայտվելու:

-Չեմ կարծում,  որ իմ պաշտոնավարման ընթացքում այնպիսի ձեւ եմ դրսեւորել,  որ իմ աշխատակիցը համարձակություն չունենա, իր  խնդիրը բարձրաձայնելու:  Այս հարցը մարզպետի հետ  չեմ քննարկել,  ավագանու հետ եմ քննարկել եւ ընդհանուր որոշման եկել: 

Զրուցեցինք նաեւ մի քանի համայնքի ղեկավարների հետ, պարզելու, թե այլ գյուղական համայնքներում մանկապարտեզի աշխատակիցները վարձատրվո՞ւմ են, թե ո՞չ:
Նոր Գեղիի համայնքի ղեկավար` Վարդան Պապյանը մեզ հետ զրույցում ասաց,  որ  համայնքում 3 մանկապարտեզներ կան, այս պահին չեն գործում, սակայն աշխատակիցները  վարձատրվում են 100% -ի   չափով.   «Եթե այս իրավիճակը երկարաձգվի  մենք մտադիր ենք վճարել մինչեւ վերջ:  Բյուջեն չունի հնավարություններ,   ուղղակի մեր աշխատակազմը,  այդ  թվում՝  ես  կամավոր ձեւով  կհրաժարվենք  մեր աշխատավարձի  ինչ-որ մասից, որ կարողանանք մնացածներին  2/3%-ի   վճարենք»: 

«Մենք հարցում արեցինք ծնողներին,  եկանք այն եզրակացության, որ առայժմ մանկապարտեզ դեռ չենք բացելու,  բայց աշխատակազմը  պատրաստ է ցանկացած պահին անցնել աշխատանքի: Այս պահին հարկադիր պարապուրդ ենք վճարում աշխատավարձի՝ 2/3-ի չափով:   Մենք շահագրգռված ենք որեւէ մեկին  աշխատանքից չազատել: Որքան կարող ենք  այս իրավիճակին դիմանալ  եւ հաղթահարել,   այնպես պետք է անենք, որ օրենքի  շրջանակներում մարդկանց օգտակար լինենք»,-մեզ հետ զրույցում ասաց Լեռնանիստ համայնքի ղեկավար՝  Արտյոմ Հայրապետյանը: