Հայաստանի խնդիրը

Հայաստանի խնդիրը

Երբ իշխանությունից հեռանում է քաղաքական թիմ, փոխարենը գալիս են պոպուլիստներ, եւ կառավարական «դաչաներում» արդեն ոչ թե խորքային հարցեր, այլ բլոտի շուրջ ինչ-որ տեղից մի քանի միլիոն դոլարանոց ներդրող գտնելու,  ներքին ռեսուրսներն «արդարացի» բաժանելու, երկիր մտնող երկաթգիծն ապամոնտաժելու-պարսիկներին համար գնով վաճառելու եւ ստացվածքով բյուջեի «ճեղք» փակելու թեմաներն են քննարկվում, երբ ծանրակշիռ խոսքի մտավորականի բերանը փակում, ասպարեզը տալիս են պնակալեզ ռոմանտիկներ, եւ կերուխումի իրենց սեղանների ցածրակարգ երգիչ-երգչուհիներին արժանացնում են վաստակավորի կոչման, եւ քաղաքականությունը դառնում է պաշտոնի համար կենաց-մահու պայքար, երբ բոլոր այլընտրանքները բացառում, ահռելիորեն ահագնացնում են պատերազմի սպառնալիքը եւ հույսները դնում Ալեքսանդրապոլի հին բերդի վրա ռուսական դրոշի ապահովությանը, ամեն ինչ վերածվում է տգեղ ֆարսի:

Այսօր մեր քաղաքական «տեքստը» բլոտից է՝ «քուանշ» են տալիս, կամ՝ «սրում»: Ասում են՝ «թարս կապույտ ենք անելու»: Եւ՝ էլի նման «գոհարներ»: Երկիրը չունի քաղաքական տեքստ: Հայաստանի խնդիրը ԽՈՍՔԻ այլասերումն է: Դեգրադացիան, որ սկսվել է 1998-ի իշխանափոխությամբ եւ դեռ տեւում է, որովհետեւ տեղի է ունեցել իրականության արժեզրկում: Չի լինում այն, ինչ չի ձեւակերպվում որպես պետական նպատակ: Մեզ մոտ պետականությունը փոխակերպվել է «համազգային կառույցի»: Սահմանադրությունը՝ «համահայկական հռչակագրի»: Որ ի՞նչ: Ո՞վ եւ ինչպե՞ս է իրականացնելու այդ «հռչակագիրը»՝ ոչ ոքի չի հուզում:

Կարեւորը՝ այնտեղ հիշեցում կա Սեւրի պայմանագրի եւ Վիլսոնի իրավարար վճռի մասին, ինչից մեր «ազգայինները» թուլանում եւ հաճույք են զգում: Մի քանի օր է՝ նրանք հրճվանքով ձեռքերն են շփում՝ Հունաստանը եւ Թուրքիան պատերազմի շեմին են: Հետո՞: Նախ, հարց է՝ ո՞վ կհաղթի: Թուրքիայի պաշտպանության նախարարը ցինիկ հայտարարել է, որ Հունաստանի դեմ բանակ շարժելու հարկ չի լինի, կհերիքեն միայն Ստամբուլի շրջանի «գորշ գայլերը»: Իսկ եթե մի րոպե պատկերացնենք, որ կհաղթի Հունաստանը եւ կգրավի Թուրքիայի եվրոպական մասը, ապա դրանից ո՞րն է մեր շահը: Եթե երկիրը պաշտոնապես ձեւակերպած լիներ քաղաքական իր ԽՈՍՔԸ, թուրք-հունական պատերազմի ապոլոգետները մարգինալ խումբ կլինեին: Մինչդեռ դրության տերը՝ հանրային տրամադրությունների կտրվածքով, նրանք են: Հայաստանի խնդիրը վերադարձն է բանական ԽՈՍՔԻ, բլոտի ոճի հաղթահարումն է: Պոռոտախոսության բացառումը: Սեփական արժեքի եւ դերի հաշվարկված գիտակցումն ու որպես քաղաքական նպատակ ձեւակերպումը: Մինչեւ այդպես չլինի, անորոշության մեջ խարխափելու ենք: Ամեն նոր իշխանություն մեղադրելու է նախորդին, լինելու է վհուկոսրս, եւ դիմակայությունը փողոցներից եւ հրապարակներից հասնելու է մեր տները: Բարիկադի տարբեր կողմերում կանգնելու են հայր եւ որդի: Եղբայրը ցանկանալու է եղբոր ունեզրկումը: Ունենալու ենք «պավլիկմորոզովներ»: Եթե արդեն չունենք…