Մեծ իրարանցում էր ու խուճապ․ Փաշինյանն էր ընդմիջման գնում

Մեծ իրարանցում էր ու խուճապ․  Փաշինյանն էր ընդմիջման գնում

Ինձ համար գլուխս կախ գնում եմ Լուսավորիչ փողոցով։

Մեր քաղաքում ոստիկանները, գիտենք, շատ են, ամեն քայլափոխի մի հինգ-տաս ոստիկան կհանդիպես։ Այդ պահին, բայց, նրանք շատ ավելի շատ էին։ Կանգնած էին խաչմերուկներում, ճամփեզրերին, հետիոտների անցումների վրա։ Մտքերով տարված քայլում եմ՝ մեկ էլ Լեո-Պարոնյան խաչմերուկ չհասած, էն խաչմերուկ, որտեղ Փաշինյանի շարասյան մեքենան տրորեց մայր դառնալ պատրաստվող Սոնա Մնացականյանին ու հեռացավ, մի անպատկերացնելի աղաղակ սկսվեց։ Մինչ այդ հանգիստ կանգնած ոստիկաններն իրար հերթ չտալով սկսեցին սուլել, անկանոն շարժումներ անել, աջ ու ձախ վազել։ Մեկն ընկավ, մյուսը՝ նրա վրայով ցատկելով սլացող մեքենաներին կանգ առնելու ազդանշան տվեց, երրորդը մայթից-մայթ վազելով ռացիայի մեջ է գոռում։ Ոստիկանական բարձրախոսից իրարամերժ հրահանգներ են հնչում․

- Կանգ առ, կանգ առ, շարժվի՛ր, շարժվի՛ր, ասում եմ՝ կանգ առ, արա՛գ-արա՛գ, արա՛գ ․․․

Արգելակող ավտոմեքենաների բարձրացրած փոշին ու ծուխը խառնվել էին սուլիչների աղաղակին, ռացիաների խշշոցին ու անասելի մի վիճակ ստեղծել։

- Ի՞նչ է պատահել, ի՞նչ է պատահել, - լսվում էր այս ու այն կողմից։

Մեկը, թե․

- Պատերազմ է, Երեւանն են ռմբակոծում։

Պատերազմի մասին լուրը հարցական նշանի պես կախվեց փողոցի վրա ու մարդկանց հայացքներում։

Սրտացավ մեկը լուսամուտներից փողոցի աղմուկին հետեւող բնակիչներին ներս քաշվել էր հորդորում․

- Բեկորները ձեզ կկպներն, ներս քաշվեք, ժողովուրդ, ներս քաշվեք, - կրկնում էր նա ու կրկնում, իսկ փողոցում տիրող աղմուկը, ոստիկանական մեքենաների շչակները, բարձրախոսներից հնչող իրարամերժ հրահանգները չէին դադարում։

Մեծ իրարանցում էր ու խուճապ։

Բայց պատերազմի բոթին վայել այդ աղմուկի միջից հանկարծ մի ոստիկան՝

- Ոչ մի պատերազմ էլ չկա, ժողովուրդ, մի անհանգստացեք, ուղղակի, մեր բոլորի սիրելի վարչապետ Փաշինյանն ընդմիջման է գնում։

Եւ, իրոք, քիչ, անց աղմուկը դադարեց, սուլիչները լռեցին, անկանոն վազվզող ոստիկանները շարվեցին ճամփեզրին, փոշին ցնդեց, երեւաց ոստիկանական շարասյունը՝ մի տաս մեքենա, ապա մի տաս՝ հատուկ ազդանշաններով անվտանգություն ապահովող մեքենաներ, որոնք «գրկած» տանում էին մեր սոված Փաշինյանին։

Թեթեւացած, որ պատերազմ չկա, որ ռմբակոծում չի լինելու, շարունակեցի ճանապարհս, հույսով, որ վերադարձիս չեմ հանդիպելու ճաշից վերադարձող, արդեն հագեցած Փաշինյանին ու մեկ անգամ եւս անասելի աղմուկը չեմ լսելու, չեմ տեսնելու ռացիաների խշշոցին խառնված ծուխն ու փոշին ու անկանոն վազվզող ոստիկաններին։

Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան էջից