Ճաշը եփել պրծել են, մնում է ուտելը

Ճաշը եփել պրծել են, մնում է ուտելը

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ վաստակավոր արտիստ, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Ստեփանյանն է:

- Կրկին սահմանին լարված իրավիճակ է: Նորից ռազմական ագրեսիա, վիրավորներ ունենք: Առհասարակ, այս համատարած պարտությունների ու չվերջացող պատերազմի արդյունքում փոխվե՞լ է ձեր` արտիստներիդ կյանքը։ Կարծես Ձեր գործընկերներից ոմանք խիստ անտարբեր են:

- Փոխվել է, շատ է փոխվել, մեր վիճակը սա է: Պատերազմական վիճակն ահավոր է, հա էլ պատերազմի մեջ ենք.... ինչ ասեմ, չգիտեմ: Էն, որ ասում են` ճաշը եփել պրծել են, մնում է ուտելը: Չգիտեմ՝ ինչ անտարբերության մասին է խոսքը, գուցե անտարբեր են, որովհետեւ ոչ մի բան տեղից չի շարժվում, բայց հույսներս չենք կորցնում: Գուցե լավ լինի ամեն ինչ: Ես հավատում եմ լավին: Ինձ երբեմն կշտամբում են իմ լավատեսության համար, սակայն ես վստահ եմ, որ ամեն ինչ հարյուր տոկոսով լավ է լինելու:

- Հայաստանում երբեւէ այսքան բարդ շրջան հիշո՞ւմ եք:

- 1992 թվականին մենք էլի շատ վատ, ահավոր վիճակում էինք, մենք, Ստեփանակերտից մազապուրծ եղած, Վանաձոր էինք երեխաների հետ տեղափոխվել, բայց ես էլի լավատես էի: Իրոք լավ եղավ.... մեր կյանքը մշտապես պատերազմների հետ է կապված:

- Մասնագիտական աշխատանքով զբաղվելն այս բարդ շրջանում հե՞շտ է: Չկա՞ հոգեբանական կաշկանդվածություն:

- Մեր պայքարն էլ դերասանական աշխատանքն է: Ինչքան կարողանանք, աշխատելու ենք: Սա էլ մեր պայքարն է:

- Այժմ ի՞նչ ներկայացումներում եք խաղում:

- Այս պահին Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնում եմ, մի կատակերգական ներկայացման վրա ենք աշխատում, որ մարդիկ գոնե մեկ-երկու ժամ կարողանան ուրախանալ, ցրվել, այսպես ասած:

- Ի՞նչ ներկայացում է:

- «Քշի գնա» ներկայացումն է: Պրեմիերան երկու օր առաջ էր: Ասեմ, որ տոմսերն արդեն իսկ վաճառված են: Մարդիկ սիրով են դիտում նման ներկայացումները: Գոնե կարողանում են մի քանի ժամ ցրվել եւ ուրախանալ:

- Կարծում եք՝ մարդիկ ունե՞ն ուրախանալու կարիք ու ցանկություն:

- Անպայման: Հոծ բազմությունն այդ մասին է փաստում:

- Հեռուստասերիալներից, ֆիլմերից նկարահանման առաջարկներ չե՞ք ստանում այժմ:

- Այս պահին հայկական սերիալներից եւ ֆիլմերից առաջարկներ չկան: Հիմա ռուսական «Մանյունյա» սերիալում եմ նկարահանվում: Արձակագիր Նարինե Աբգարյանի ստեղծագործության հիման վրա է այն նկարահանվել: Առաջիկայում եւս նոր ռուսական սերիալում եմ նկարահանվելու, այն կոչվում է «Սիմոն»: Սերիալները Հայաստանում չեն ցուցադրվում, սակայն դրանց կարող եք հետեւել Յութուբով:

- Ռուսական հեռուստաշուկայում աշխատելը շահեկա՞ն է:

- Հայ ռեժիսորների հետ էլ է լավ: Մեծ սիրով բոլորի հետ աշխատում եմ: