Կեղծ ու իրական

Կեղծ ու իրական

Ուժեղ, կամային ընդդիմություն երազելով մնացինք: Միշտ, բոլոր ժամանակներում մեր ընդդիմադիրները չեն արդարացրել հանրային սպասումները: Կա՛մ շատ թույլ են եղել ու վախվորած, կա՛մ` ծախվելու հակված եւ անսկզբունք: Իսկ երբ ուժեղ են եղել, եւ կարծել ենք, որ վերջապես իշխանությանը համարժեք ախոյան է հայտնվել, հանկարծ սկսել են հոգնել ու թողնել քաղաքական ասպարեզը: Ով ինչ ուզում է ասի` ժամանակին ուժեղ ընդդիմության իրական օրինակներ ենք ունեցել` հանձինս Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ի, Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի, Լեւոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության»: Այլ ուժեր էլ են գործել. մինչեւ 2008-ը Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ն էր լուրջ քաղաքական ուժ, անգամ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը» եւ Հրանտ Խաչատրյանի ՍԻՄ-ն էին գործոն դաշտում: Հետո եկավ եռյակով կառավարվող «Ելքի» ժամանակը, եւ երեք գործիչներն էլ` Արամ Սարգսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը, էական դերակատարում եւ կշիռ ունեին երկրում:

Այժմ ետ նայենք եւ փորձենք տեսնել, թե որտեղ են այս բոլոր անձինք եւ ինչպիսի դերակատարում ունեն 2021-ի քաղաքական թատերաբեմում: Զրո կամ զրոյին ձգտող: Իսկ ով էլ որ պահպանել է իր որոշակի կշիռը` ոչ թե իր ղեկավարած քաղաքական ուժի շնորհիվ, այլ անձնական որակների, կենսագրության եւ խարիզմայի: Սրանում, անշուշտ, մեղքի մի մեծ բաժին ունի իշխանությունը, որը մշտապես ձգտում է քայքայել, ոչնչացնել, գնել ու կառավարել ընդդիմադիր ուժերին: Բայց փոքր չէ նաեւ իրենց` ընդդիմադիր քաղաքական առաջնորդների մեղքը, որոնք այդպես էլ չեն կարողանում ինստիտուցիոնալ ընդդիմություն ձեւավորել, փոքր շնչառություն ունեն` մեծ շահեր, պայքարից շուտ հոգնում են եւ հարվածներից ընկրկում` ասպարեզը զիջելով կեղծ ընդդիմությանը: