Քաղաքակիրթ աշխարհը չի կարող երկար թաքնվել Ալիևի նավթադոլարներից առաջացած թանձր ծխի հետևում․ միջնորդագիր՝ Վալենսիայի խորհրդարանին

Քաղաքակիրթ աշխարհը չի կարող երկար թաքնվել Ալիևի նավթադոլարներից առաջացած թանձր ծխի հետևում․ միջնորդագիր՝ Վալենսիայի խորհրդարանին

«Թեև Ադրբեջանը, մեղմ ասած, արհամարհում է (չասելու համար` թքած ունի) միջազգային հանրության կոչերը, դատապարտումներն ու հորդորները, որոնք հնչում են նրա հասցեին վերջին, առնվազն, երկու տարիների ընթացքում` իր վարած հայատյաց, ցեղասպան և ամենատիրական քաղաքականությանն ի պատասխան, այդուհանդերձ, իրավաքաղաքական դաշտում աշխարհասփյուռ հայության սկսած պայքարը չպետք է դադարի և պետք է լինի շարունակական, մինչև, ի վերջո, աշխարհը գիտակցի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունն ու կարեւորությունը։

Այլևս ակնհայտ է նաև, որ այդ պայքարից զերծ են մնում արտերկրի մեր դեսպանատները` պայմանավորված Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությամբ։ Միջազգային իրավաքաղաքական տարբեր կառույցների և կազմակերպությունների, ինչպես նաև` որոշ երկրների կողմից հնչեցրած կոշտ և հասցեական հայտարարությունները, ի վերջո, մնում են անարդյունք, եթե դրանք սահմանափակվում են հենց միայն հայտարարություններով։ Եվ հենց այս հայտարարությունների անատամ լինելուց է օգտվում Ադրբեջանի մինի սուլթանը` ժամանակ առ ժամանակ ավելի կոշտ ու կոպիտ քաղաքականություն վարելով տարածաշրջանում և իրավիճակը հասցնելով ընդհուպ մինչև հումանիտար ճգնաժամի և նույնիսկ էթնիկ զտման ու վերջնական ցեղասպանության։ Եվ այս անտարբերության մթնոլորտում, թվում է, թե այլևս ավելորդ են դառնում տարբեր երկրներում տեղի ունեցող ցույցերը, դատապարտելու և պատժամիջոցներ կիրառելու պահանջով տարբեր կառույցներին ներկայացվող միջնորդագրերն ու բանաձևերը, պայքարն ընդհանրապես։ Այդուհանդերձ, լռել նույնպես չի լինում... անկարելի է... հանցավոր է... Այլապես, ինչո՞վ պիտի տարբերվենք մեր մաշկի վրա ցեղասպանության մրմուռն զգացող հայերս, այդ ամենին մատների արանքով նայող ու չտեսնելու տվող նույն միջազգային հանրություն կոչվածից։ Վալենսահայությունը նույնպես միանում է հայկական աշխարհի պայքարին, որն, իհարկե, մերօրյա հայաստանյան իշխանությունները գրչի մի հարվածով կամ գիտակցաբար կամ անզգույշ արած մի հայտարարությամբ, կարող են ամբողջովին չեզոքացնել»,- hraparak.am-ին ասաց Վալենսիայի Հայ համայնքի նախագահ Արարատ Ղուկասյանը՝ տեղեկացնելով, որ  Արարատ հայկական միության նախաձեռնությամբ` անցած ուրբաթ բողոքի ակցիա է կազմակերպվել Վալենսիայի խորհրդարանի դիմաց։

Այն իրականացվել է առավոտ կանուխ` նպատակ հետապնդելով բողոքի ձայնն ավելի լսելի դարձնել քաղաքական գործիչներին, ովքեր հենց այդ ժամերին են անցնում աշխատանքի։ Մոտ երկու ժամ տևած ակցիան, որը նպատակ է հետապնդել նաև հանդիպում ձեռք բերել խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ, ի վերջո, թեև` մասամբ, սակայն տվել է իր արդյունքը։

«Մասամբ, քանի որ չորս խմբակցություններից միայն մեկը` «Կոմպրոմիսը» հանդիպում հրավիրեց միության ներկայացուցիչների հետ, որը և տեղի ունեցավ հենց խորհրդարանում։ Հանդիպումը տեղի ունեցավ կուսակցության խոսնակ Իսաուրա Նավառոյի (Isaura Navarro) հետ։ Հայկական միության կողմից ներկա էին կազմակերպության փոխնախագահ Գայանե Աբովյանը, քարտուղարուհի Աննա Սանասարյանը և Կրթության հարցերով պատասխանատու Աստղիկ Սաղաթելյանը։ Հայկական կազմակերպության ներկայացուցիչները հանգամանորեն ներկայացրեցին Արցախում և Հայաստանի սահմաններին տեղի ունեցող իրադարձությունները, Արցախում տիրող և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամը։ Միջնորդագիրը ներկայացվեց խորհրդարանի ընդունելության բաջնում, իսկ Իսաուրա Նավառոն խոստացավ հնարավորինս շուտ այն ներառել խորհրդարանի առաջիկա նիստերից մեկի օրակարգում։ Նույն միջնորդագիրն արդեն ուղարկվել է մյուս խմբակցություններին` հուսով, որ վերջիններս նույնպես կարձագանքեն։ Վերջում նշենք, որ նմանատիպ նախաձեռնություններն, ի վերջո, պիտի որ իրենց արդյունքը տան, քանի որ քաղաքակիրթ աշխարհը չի կարող երկար թաքնվել Ալիևի նավթադոլարներից առաջացած թանձր ծխի հետևում»,-հավելեց Ղուկասյանը։