Մի՛ դարձրեք խաղաքարտ

Մի՛ դարձրեք խաղաքարտ

Յուրաքանչյուր պատերազմ, որն անջնջելի հետք է թողել պատմության վրա, ժամանակի հետ առասպելացվել է, դրոշմվել նաեւ տվյալ ժողովրդի էթնիկ գիտակցության, էթնոմշակութային նկարագրի, արժեհամակարգի վրա։
Մեր պատմության սկիզբը եւս առասպելացված է։ Հայի ինքնությունն սկսվում է Բելի դեմ Հայկի հաղթանակով, այդ ինքնությունը «պաշտպանվում» է Շամիրամի նկրտումների դեմ Արա Գեղեցիկի ընդվզումներով, իսկ քրիստոնեական ազգի մեր կերպարը վերջնականապես «մշակվում» է Ավարայրով։ Կարծում եմ՝ հիմնականում այս առասպելներն են դարեր շարունակ պահպանել հայ էթնոսը։

Որքան էլ տարօրինակ հնչի, նոր ժամանակները եւս կարիք ունեն առասպելների։ Գուցե նաեւ այն պատճառով, որ հներն իրենց ինչ-որ չափով սպառել են։ Ահա թե ինչու նոր ժամանակներում առասպելացվում է Արցախյան ազատամարտը։ Իսկ մեզնից ընդամենը պահանջվում է ոչ թե դեմ գնալ այդ առասպելացմանը, այլ՝ փայփայել այն, զգույշ վերաբերվել, փորձել չվնասել՝ մանավանդ ինչ-ինչ քաղաքական, անձնախնդիր նպատակներով։ 
Պետք է զգույշ լինել նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմի առասպելացման առումով, որը, ներհյուսվելով Արցախյան ազատամարտի առասպելին, ավելի ամբողջական ու ժամանակի մեջ առաձգական է դարձնում առասպելը։ 

Հատկանշական է, որ «Ապրիլյան քառօրյա պատերազմ» բառակապակցությունը մեր ժողովրդի գիտակցության մեջ արդեն սեղմ կերպով դրոշմվել է իբրեւ Քառօրյա, եւ այդ սեղմության մեջ «ապրիլյան» ու «պատերազմ» բառերի բացակայությունը ոչ թե հերքում է «պատերազմ» բաղադրիչը, այլ ցույց է տալիս, թե մեր ժողովուրդը որչափո՛վ է իրենը համարում այդ առասպելյալ պատերազմը, նրա հերոսներին։ Մի՞թե այսօր առասպելական շրջանակների մեջ չեն Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, մյուս հերոսների կերպարները։ 

Ահա թե ինչու տողերս գրողի համար հասկանալի չեն Ապրիլյան պատերազմի առնչությամբ ծավալվող «պատերա՞զմ, թե՞ դիվերսիա», «հաղթանա՞կ, թե՞ պարտություն» դիսկուրսները։ Ի դեպ, դիսկուրսներ՝ որպես այդպիսիք, չկան էլ․ դրանք արհեստականորեն հրահրվում են միայն իշխանությունների եւ նրանց արբանյակների կողմից։ Ես պատմաբան չեմ, ռազմական փորձագետ չեմ, սակայն պարզ տրամաբանությամբ՝ 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունները ծավալով, ընդգրկումով ու աշխարհագրությամբ ոչ մի կերպ չեն տեղավորվում «դիվերսիա» հասկացության սահմաններում, ուրեմն ինչի՞ համար են իշխանական ու նաեւ ինչ-ինչ գեներալական ճիգերը՝ Ապրիլյան պատերազմը դիվերսիա համարելու։ 

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում լսում էի Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին ու ոչ մի կերպ չէի կարողանում ըմբռնել այն «ուղղությունը», որ բռնել էր այս մարդը։ Եվ ինձ չէր լքում կասկածը՝ արդյո՞ք դա անվտանգ ուղղություն է, ինչի համար կոչված է նաեւ այն կարեւորագույն պաշտոնը, որ զբաղեցնում է Ս․ Բաբայանը։ Վերջինս այնպիսի եռանդով էր հերքում Ապրիլյան քառօրյայի՝ պատերազմ լինելու հանգամանքը, որ մտածում էի՝ այդ մարդն ապրիլյան ռազմագործողությունները գուցե դիվերսիա է համարում այն պատճառով, որ ինքն այդ ժամանակ որեւէ կերպ կամ կարգավիճակով դերակատար չէ՞ր։ Իր բացակայության միտքը գուցե նա հետին թվով արտածում էր Ապրիլյանի վրա՞՝ իբր ա՛յդ պատճառով «տանուլ տված» ռազմագործողության։ 

Ամբողջ հարցազրույցից այն տպավորությունն էր ստեղծվում, որ անտեսանելի մի ձեռք հետեւողականորեն ոչնչացնում է այն բարակ միֆական շղարշը, որ ձեւավորվել եւ ամրանում էր Ապրիլյան քառօրյայի շուրջ՝ իբրեւ Արցախյան ազատամարտ-առասպելի մի ընձյուղ։ Հարցազրույցում հայ գեներալն առասպել եւ առասպելի ընձյուղ էր ոչնչացնում՝ չունենալով դրա համար ավելի մեծ նպատակ, քան ինքը՝ առասպելն է։
Ս․ Բաբայանը խոսեց նաեւ Ապրիլյան քառօրյա պատերազմի հաղթական լինել-չլինելու մասին։ Հիմնական փաստարկն այն էր, թե դա հաղթական պատերազմ չէր, քանի որ տարբեր ուղղություններում կորցրել ենք երկու կարեւոր բարձունք՝ ավելի քան երկու տասնյակ հենակետերով։ Սակայն փաստը, որ Ապրիլյան պատերազմը փակել է թշնամու երախը, վերջ տվել նրա մեծամեծ նկրտումներին, գեներալի համար էական չէր․ նա փաստարկը գերադասում էր փաստերից՝ հետեւողականորեն 2016-ի ռազմաքաղաքական ղեկավարությունից կերտելով պարտվողի կերպար։ Ինչո՞ւ, եղբայր։ 

Եվ սրբապղծություն չէ՞՝ առաջարկել ստուգել, ինչպես արեց գեներալը, թե Ապրիլյան պատերազմի սկզբին մեր զինվորներն ի՛նչ զենքերից են խոցվել. արդյո՞ք զոհվել են մարտական իրադրությունում։ Ինչի՞ կամ ո՞ւմ է պետք այդ «հետաքննությունը»։ Զոհվածների հարազատներն ավելի սփոփվա՞ծ կզգան իրենց, եթե իմանան, որ իրենց զավակները ոչ թե մարտնչել են թշնամու դեմ, այլ դարձել են անսպասելի հարձակման կամ հրամանատարական անփութության պատահական զոհեր։ 
Մանավանդ որ՝ բնավ էլ այդպես չէ․․․
Եվ վերջում՝ էլի Ավարայրի մասին։ Այն այսօր էլ ենթագիտակցական հզոր ձգողությամբ մեզ պահում է իր տիրույթում, ասել է թե՝ հայի եւ քրիստոնեության տիրույթում, թեեւ ոչ վաղ անցյալում, բոլորս ենք հիշում, մեզանում ձեռք «բարձրացրին» նաեւ Ավարայրի վրա։ Բայց այդ օրերին եթե նույնիսկ փոխվեցին էլ Ավարայրի հետ կապված ինչ-ինչ պատմական տվյալներ կամ իրողություններ, անհնար եղավ ոչնչացնել առասպելը․ Ավարայրն այսօր էլ առասպելի ուժով մեզ պահպանում է։ Պահպանում է գլոբալիզմի չարիքից, սորոսական չարիքից, ապազգայնության չարիքից։ Ավարայրի մասին, ի դեպ, պարսից պատմագրությունը լռում է․ դրացի ժողովրդի պատմության համար այնքան աննշան է եղել այդ ճակատամարտի նշանակությունը։ Բայց այն ազգ ու ազգային ճակատագիր է կերտել հայոց համար։ Հիմա ի՞նչ, առաջնորդվենք նորահայտ «ճշմարտություններո՞վ», թե՞ ապավինենք առասպելին։ Մենք արդեն հազար վեց հարյուր տարի ապավինած ենք առասպելին։ Ուրեմն ինչի՞ համար է Ապրիլյան քառօրյա պատերազմի առասպելականության ոչնչացման այս մոլուցքը։
Քաղաքագետ կամ ռազմական արվեստի գիտակ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ այսօր մեր ժողովրդի համար նվիրական հերոսապատումներից մեկը փորձում են առասպելազերծել, դարձնել աննշան խաղաքարտ «հների» եւ «նորերի», «սեւերի» եւ «սպիտակների» արհեստականորեն հրահրվող կռվում։ 
ՀԳ․ Գեներալական վերոբերյալ վերլուծություններին ըստ էության համաձայն է նաեւ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական, ի պաշտոնե՝ նաեւ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ի դեպ, նրա որդին վերջերս պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն եւ այդպես էլ չպաշտպանեց հայրենիքը՝ իբրեւ զինվոր։