Կարծում եմ՝ G7-ի երեկվա հայտարարությունն ընդունվել է Ֆրանսիայի ջանքերով

Կարծում եմ՝ G7-ի երեկվա հայտարարությունն ընդունվել է Ֆրանսիայի ջանքերով

Տոկիոյում նոյեմբերի 8-ին G7-ը՝ Մեծ յոթնյակը, հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ անդրադարձ է կատարվել իսրայելապաղեստինյան, ռուս-ուկրաինական հակամարտություններին, Չինաստանին ու Իրանին, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Արցախում առաջացրած հումանիտար աղետին։ Ադրբեջանին առաջարկել են վերացնել այդ աղետի հետեւանքները եւ հայտարարել են, որ սատարում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հաստատմանը։

Արդյոք Մեծ յոթնյակի անդրադարձն Արցախում կատարվածին առավել առարկայական չէ՞ր լինի, եթե ՀՀ իշխանությունները չվարեին Արցախից հրաժարվելու քաղաքականություն։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, պատասխանելով այս հարցին, ասաց. «Կդժվարանամ այդ տարբերակը դիտարկել, որովհետեւ այստեղ բազմաթիվ փոփոխականներ կան, օրինակ՝ այն, որ ներկայիս հայաստանյան իշխանությունը ստանձնել է արեւմտամետ արտաքին քաղաքականություն։ Ինչպե՞ս է դա ազդում G7-ի կողմնորոշվածության վրա, կարծում եմ՝ ազդում է։ Գուցե սա ազդել է այս հայտարարության բովանդակության վրա։ 2 տարբերակ կարող է լինել, որ հենց Արցախից հրաժարումը բերեց  G7-ի կողմից այդպիսի հայտարարություն տարածելուն, եւ երկրորդը, որ հակառակը՝ Արցախից հրաժարվելու պատճառով հայտարարությունը մեղմ է եղել։ Բազմաթիվ տարբերակներ կան, դժվարանում եմ ասել։ Ի՞նչն է ինձ համար ակնհայտ. այն, որ այս հայտարարությունն արտահայտում է G7-ի երկրների քաղաքական կարծիքը, բայց, մյուս կողմից, պարզ է, որ չկա որեւէ պատրաստակամություն եւ հաստատակամություն, որ նրանք ավելի կոնկրետ գործեն։ Այսինքն՝ այստեղ միայն եւ միայն կարծիքի մասին է խոսվում, ու թեեւ այդ  կարծիքը հետաքրքիր է, բայց այդքան կարեւոր չէ»։

«Կարծում եմ, ամեն դեպքում, ե՛ւ Արեւմուտքում, ե՛ւ Ռուսաստանում կային հույսեր, որ Ադրբեջանը ձգտելու է իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե մարդկանց տեղահանելով, բռնությամբ, պատերազմներով։ Դա իրենց, բնականաբար, դուր չի գալիս, որովհետեւ սա եւս նպաստում է, որ աշխարհում նման քաոտիկ եւ անհասկանալի վիճակ ստեղծվի։ Մյուս կողմից, ամեն դեպքում պետք է հիշել, որ Մինսկի խումբը եղել է բանակցային գործընթացի մոդերատոր, իսկ Մինսկի խմբում երկու արեւմտյան պետություն կար, այդ թվում՝ Ֆրանսիան, որը, կարելի է ասել, հակաթուրքական կողմնորոշվածություն ունի, եւ դա գերագնահատել եւս պետք չէ: Նաեւ՝ ԱՄՆ-ն, իսկ այնտեղ դեմոկրատներն են իշխանության, որոնք եւս ավելի մոտիկ են հայկական լոբբիին եւ ավելի վատ հարաբերություններ ունեն թուրքերի հետ, ի տարբերություն հանրապետականների։ Այսինքն՝ այստեղ, հավանաբար, Ֆրանսիայի գործոնն է ազդել, ինչ-որ տեղ՝ նաեւ ԱՄՆ-ի, որովհետեւ եթե մենք խոսենք Մեծ յոթնյակի այլ երկրների մասին, օրինակ՝ Իտալիայի, ապա այնտեղ իրավիճակն այլ է»,- նկատեց Միքայելյանը։

Ռուսաստանի հարցում, սակայն, Մեծ յոթնյակը շատ հասցեական է արտահայտվել, իսկ Ադրբեջանի նկատմամբ կա ընդգծված ներողամտություն, արդյոք չի՞ ազդել այն հանգամանքը, որ Ադրբեջանն այլեւս Եվրամիության էներգետիկ գործընկերն է: Քաղաքագետը կարծում է, որ, բնականաբար, դա իր դերն ունի՝ հատկապես Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի համար։ 

«The Guardian թերթում հրապարակում է եղել, որտեղ մեղադրում էին British Petrolium-ին, որ նպաստել է Ադրբեջանում արցախահայության նկատմամբ էթնիկ զտմանը։ Մյուս կողմից պետք է գիտակցել, որ եթե խոսվում է Ռուսաստանի մասին, ապա այստեղ խոսք է գնում աշխարհաքաղաքականության մասին, այսինքն՝ համաշխարհային գերտերությունների միջեւ պայքարի մասին՝ մեծ փողերի համար, եւ այլն։ Այստեղ խոսքն այն մասին չի գնում, որ Ռուսաստանը պատերազմ է սկսել, եւ դրանով դատապարտում են... մենք տեսնում ենք զուգահեռ պատերազմներ։ Հեռու չգնանք․ Թուրքիան հարձակվել է Սիրիայի վրա եւ մի քանի անգամ Սիրիայից պոկել է տարածքներ եւ դե ֆակտո օկուպացրել դրանք ու միացրել իրեն: Այդ մասին չի հայտարարվել, բայց սիրիական տարրը, այդ թվում՝ անկլավը, որտեղ քրդերի էթնիկ զտում է իրականացվել, միացված է Թուրքիային, ու դրա մասին ոչ ոք չի խոսում։ Ինչո՞ւ․ որովհետեւ դա արդիական չէ, Թուրքիան Միացյալ Նահանգներին դեմ չէ, կամ անհամաձայնությունները բավական չեն, որ ԱՄՆ-ում հստակ հակաթուրքական  դիրքորոշում լինի»,- նկատեց քաղաքագետը։

«Իսկ Ռուսաստանի պարագայում առկա է սառը պատերազմի փորձ եւ ամերիկյան քաղաքական դասի փորձը, իսկ նրանք հիմնականում տարիքով են, նրանց համար Ռուսաստանի դեմ պայքարը նույն՝ Խորհրդային Միության դեմ պայքարն է, այսինքն՝ այստեղ ինչ-որ տեղ նաեւ էմոցիոնալ գործոնն է ազդում, իսկ այդ էմոցիոնալ գործոնը մենք կարող ենք թուրքերի նկատմամբ ունենալ, բայց ամերիկացիները հաստատ չունեն եւ ոչ միայն ամերիկացիները»։
«Եթե խոսք է գնում այն մասին, որ Ֆրանսիան է պնդել, որպեսզի G7-ի մակարդակում ընդունվի այս հայտարարությունը, որում ես գրեթե համոզված եմ, ապա Ռուսաստանի եւ Ուկրաինայի նկատմամբ քաղաքականությունը վարում է Ամերիկան, իսկ մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի քաշն իրարից էականորեն տարբերվում է։ Այսպիսով, Միացյալ Նահանգների դիրքորոշումը շատ ավելի կարեւոր է G7-ի շրջանակում, քան Ֆրանսիայինը։ Ֆրանսիայինը բավականացնում է, որպեսզի մի քանի հայտարարություն ընդունվի, իսկ Միացյալ Նահանգներինը հերիքում է, որ բոլոր երկրները, այդ թվում՝ G7-ից դուրս, սկսեն քաղաքականություն փոխել»,- եզրափակեց Միքայելյանը։