Զրույց վարչապետի հետ

Զրույց վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյան

Պարոն Փաշինյան, բարեւ Ձեզ: Հույս ունեմ` լավ եք: Ասենք` ինչո՞ւ պետք է վատ լինեք: Արդեն ինչքան ժամանակ է՝ Հայաստանում մարդ չի վատանում, ընդհակառակը` լավանում են, եւ դրա մեջ կա Ձեր մեծ ներդրումը:

Պարոն Փաշինյան, ինչպես Դուք եք փոխել ինձ հետ շփվելու ֆորմատը, այնպես էլ ես եմ փոխել եւ, ահա, Ձեզ հետ խոսում եմ առանց Ձեզ հետաքրքրող հարցերին անդրադառնալու, այսինքն` ասում եմ այն, ինչ խելքիս փչի: Խնդրում եմ` նեղանալ չլինի, որովհետեւ մոտ մեկ ժամանոց Ձեր «լայվում» Դուք նույնն արեցիք ինձ հետ:

Բայց նախ թույլ տվեք շնորհավորել, որ երկու անգամ չընտրվելուց հետո Ձեզ հաջողվեց վերջապես վարչապետ ընտրվել:

Սկսեմ այնտեղից, որ Հայաստանում մինչ օրս լրատվամիջոցներից վառված վարչապետ չի եղել: Նախագահներ` գուցե, բայց վարչապետ` ոչ: Վարչապետներին մի տեսակ չի սազում դա: Ասացեք խնդրեմ,  ի՞նչ էր նշանակում այն ակնարկը, թե լրատվամիջոցների 90 տոկոսը նախկին իշխանավորների են պատկանում եւ ամեն ինչ անում են, որ ձեզնից (եւ թիմից) «բոբո» ստեղծեն: Ասում եք` անուններ չեմ տա, բայց մեկ էլ ասում եք, թե Ձեր մասին գրել են` 2-ական ականջ ու ոտք ունեք, կոստյումով եք ման գալիս, խաշ եք ուտում, ծնունդ եք նշում, ճոխ առեւտուր եք անում խանութից եւ այլն ու դրանով նման եք նախկին իշխանություններին… 

Իսկ հիմա, պարոն Փաշինյան, մի անհամեստ հարց` ճի՞շտ է, արդյոք, այդ կտրոնի պատմությունը, որը, իբր, խանութում չեն տվել, եւ Դուք ստիպված եք եղել 5-6 րոպե սպասել: Եթե ճիշտ է, ապա վատ է, որ այդքան ժամանակ եք կորցրել, իսկ եթե ճիշտ չէ, ապա Դուք ընդամենը էպատաժ եք անում ու հիմա էլ կտրոնն եք դարձրել Հոռոմի էն իքը, որ մարդիկ խոսելու նյութ ունենան: Ընտրեք Ձեզ հարմար տարբերակը, ու եթե այդ մեքենայում ռադիո կա, լսեք` «վարչապետի կտրոնը» դարձել է Հայաստանի թիվ մեկ թոփ լուրը:

Պարոն Փաշինյան, ինձ թվում է, որ Դուք առաջվա հավեսով այլեւս Ֆեյսբուք չեք կարդում եւ տեղեկություններ չունեք այն գրառումներից, որոնց հեղինակները բառիս բուն իմաստով խայտառակում են Ձեզ եւ Ձեր իշխանությանը, ընդ որում` հենց այն ամենի համար, ինչին անդրադարձել էր «Հրապարակը»: Ինչ է, անսպասելի՞ էին լրատվամիջոցի «ծանր մեղադրանքները», թե՞ սկսել եք նմանվել նախկիններին, թե կարեւորը երկրորդականից ջոկել չեք կարողանում, Ձեզ տվել եք քեֆ-ուրախությունների: Ֆեյսբուքյան հայհոյախառն գրառումները, ինչ է, ավելի՞ լավն են:
Հիմա որ ասեմ` էլի պիտի նեղանաք, թե ես էլ մյուս վարչապետների նման 2 աչք ու ականջ ունեմ, զրահապատ մեքենա ունեմ, վերտալյոտ եմ նստում եւ այլն, եւ այլն:

Պարոն վարչապետ, մենք շատ ուրախ ենք, որ Ձեր մեքենայում այնքան տաք է, որ վերնաշապիկով եք երթեւեկում: Իմ մեջ նույնիսկ մի պահ կասկած արթնացավ, որ այդ ամենը մոնտաժված է, կինո, բայց երբ տեսա, որ Ձեր մարմինը «թռվռում» է փոսերի վրայով անցնելիս, համոզվեցի, որ իսկապես երթեւեկում եք եւ զրուցում ինձ հետ: Էս անտեր Ֆեյսբուքը, ի դեպ, վերջերս շատ է կտրտում, այնպես որ՝ շատ չնեղվեք անճշտությանս համար:

Պարոն վարչապետ, Դուք այդ հսկա զրահապատ մեքենայով ուղիղ մեկ ժամ երթեւեկում էիք եւ, դատելով շարժիչի աղմուկից ու հետեւի ապակու մեջ միմյանց հաջորդող տեսարաններից` բավականին արագ: Մեկ ժամում երեւի հասաք Դիլիջան, հետո՝ Վրաստանի սահման, վրաց վարչապետի հետ կոֆե խմեցիք ու հետ եկաք: Ուզում եմ ասել` մեզ հետ շփվելու այդ ձեւաչափն այնքան էլ էֆեկտիվ չէ: Հաշվե՞լ եք, թե ինչքան մարդու կտրեցիք գործից: Հիմա ես որ չգրեի այս մասին, պետք է շարունակեիք, չէ՞, այդ ախմախ ձեւաչափով 11 հազար մարդու (դիտումն այդքան էր ցույց տալիս) գործից կտրել, որ կտրոնի մասին խոսեք ու Ձեր հույժ կարեւոր հանձնարարականի` զբաղվել խանութի ու խանութպանի հարցով:

Այլ ձեւաչափ առաջարկեմ, պարոն Փաշինյան: Ֆեյսբուքում ձերոնց նման «լռճվելու» փոխարեն, այցելեք որեւէ թերթի խմբագրություն: Դա շփում է ոչ թե տվյալ խմբագրության, այլ այդ լրատվամիջոցի ընթերցողի եւ լսարանի հետ: Ոչ մի լրատվամիջոց, կարծում եմ, վարչապետին չի մերժի, եթե նույնիսկ նա ուզում է գնալ եւ տեղում տվյալ լրատվամիջոցին քննադատել որեւէ հրապարակման համար: Արժեւորեք Ձեր խոսքը, պարոն վարչապետ: Վաղն ո՞վ է հիշելու, թե մեկ ժամ ինչ էիք ճառում՝ զրահապատ ավտոմեքենայի հետեւի նստարանին նստած: Մինչդեռ մամուլում տպված, լրատվամիջոցով հրապարակված ամեն խոսք պատմության համար է եւ շատ կարեւոր:
Եվ ո՞ւմ եմ ես այս ամենն ասում` իմ երբեմնի կրտսեր գործընկերո՞ջը, թերթի երկարամյա խմբագրի՞ն, թե՞ երկրի ղեկավարին, որ լսել է՝ Ֆեյսբուք ու «լայվ» կա, բայց չգիտի՝ ինչի համար եւ ինչու: