ՀԱՊԿ-ը խորհրդային շրջանի քաղբյուրոն չէ

ՀԱՊԿ-ը խորհրդային շրջանի քաղբյուրոն չէ

Ասում են` քաղաքականության մեջ էմոցիոնալ պահվածքն ընդունված չէ: Սակայն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր ընտրության հարցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական պատասխանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ոչ միայն տեղին էր, այլեւ արժանապատիվ։ Գուցեեւ գլխավոր քարտուղարի հետկանչման հարցում մենք փոքր-ինչ շտապել կամ վրիպել ենք, բայց դաշնակցային հարաբերություններում ոչ մեկին իրավունք չի վերապահվում ՀԱՊԿ անդամ երկրների բանակցությունների փակ քննարկումը բերանբացի քամահրանքով հայտնել ի լուր աշխարհի, առավել եւս՝ ոչ ՀԱՊԿ անդամ երկրի, ոչ ավել-ոչ պակաս՝ Ադրբեջանի դեսպանի։ Էստեղ են ասել. «Ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր»: Եթե մեղմ ասենք, նախ սա Լուկաշենկոյի կողմից ոչ ընկերական, ցինիզմին հասնող պահվածք էր, եւ երկրորդ՝ դա իր «Պոլոնեզ» զենքի քստմնելի վաճառքի աճուրդի հերթական գովազդն էր:

Պատկերացնո՞ւմ եք, ՆԱՏՕ-ի անդամ որեւէ երկրի ղեկավար Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ բացում է անդամ երկրի ղեկավարների միջեւ տեղի ունեցած փակ բանակցությունների խոսակցությունը: Դա ոչ թե միջազգային սկանդալի նյութ կարող է դառնալ, այլ պարզապես անտակտ քայլ կհամարվի տվյալ կառույցի (այս դեպքում՝ ՀԱՊԿ-ի) նկատմամբ: Նազարբաեւի պարագայում դեռ կարելի է հասկանալ․ մարդը «հոգու խորքում» տարիներ շարունակ փայփայում է մետաքսի ճանապարհը դարձնել թուրանական ճանապարհ։

Ինչպես հիշում եք, ժամանակին Հայաստանն ամեն ինչ արեց Եվրասիական կառույցի հիմնադիր անդամ դառնալու համար: Նույն այս տանդեմն այնպես արեց, որ մենք հեռու մնանք: Եվ վիրավորականն այն էր, որ մեր ղեկավարությունը հայտնվեց բեմահարթակից ներքեւ, իրենց աշխատակազմերի շարքերում: Ահա թե ինչու չափազանց տեղին էր Հայաստանի վարչապետի արձագանքը։

Ասեմ, որ ՀԱՊԿ անդամ որոշ երկրների ղեկավարներ մինչեւ հիմա կարծում են, թե իրենք դեռ խորհրդային բարձրագույն ատյան կոչվող քաղբյուրոյում են, որտեղ վճռորոշը Կունաեւի, Ալիեւի, Ռաշիդովի ձայնն ու կարծիքն էին:

Պարոնայք տանդեմ, արթնացեք տասնամյակների ղեկավարման ձեր նիրհից: ՀԱՊԿ-ն ոչ թե խորհրդային շրջանի քաղբյուրոն է, այլ դաշնակիցների իրավահավասար կառույց: Դա էլ չեղավ ՀԱՊԿ նախկին երեւանյան գագաթնաժողովները տարբեր պատճառաբանություններով հետաձգելը:

Այսօր առավել, քան երբեւէ, անհրաժեշտ է լինել միասնական, շատ չտարվել փուչ դեմոկրատիայով եւ առաջիկա ընտրություններում իսպառ վերացնել «սեւի» եւ «սպիտակի» օտարածին գաղափարը:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Հայաստանի եւ Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունների անդամ