Կա՛մ լիազորություններն ավելացրեք, կա՛մ գործից հանեք

Կա՛մ լիազորություններն ավելացրեք, կա՛մ գործից հանեք

Արմեն Սարգսյանին մեղադրում (կամ նախանձում) են տարին կլոր վոյաժների, ֆռֆռալու և «ոչինչ չանելու» մեջ (երևի պիտի տնտեսությունը զարգացներ, կոռուպցիան կանխարգելեր, որը չի անում): Բան չեմ ասում, բայց եկեք փաստենք, որ մարդը վերջին մեկ ամսում միայն 2-3 պաշտոնական այց է կատարել բավականին կարևոր պետություններ: Ու իրեն օդանավի մոտ դիմավորել, իսկ հետո երկրի ներսում ընդունել են տվյալ երկրների առաջին դեմքերը՝ նախագահ, շեյխ, էմիր և այլն: Ու սա այն դեպքում, երբ Արմեն Սարգսյանը երկրի դե ֆակտո ղեկավարը չէ, դե ֆակտո առաջին դեմքը վարչապետն է, որը դեռ որևէ ռեալ պաշտոնական այց չի ունեցել որևէ լուրջ երկիր, որը նաև ռեալ արդյունք է ապահովել, ասենք՝ էսօրվա Քաթարի այցի նման առնվազն գոնե դեսպանատան կամ վիզային ռեժիմի հարցի լուծում և ոչ միայն... Կրկնում եմ՝ խոսքը պաշտոնական այցի մասին է ընդունող երկրի ղեկավարների օֆիցիալ հրավերով: Իհարկե, սա չի արդարացնում Արմեն Սարգսյանի՝ հաճախ կոնֆորմիստական, երբեմն գլուխը օդանավի տուրբինների արանքում թաքցնելու և առճակատման չգնալու, երկրի ներսի խնդիրներին «չափազանց փիլիսոփայորեն» ու «մետաֆիզիկորեն» մոտենալու նրա համառ ճիգերը...

Բայց... ասածս ինչ է, էսօր իշխանության երկու ինստիտուտների միջև ակնհայտ է, որ անջրպետ կա, վարչապետն ու նախագահն իրար հետ կարծես կապ չունենան, նա ի՛ր Հայաստանի նախագահն է՝ սեփական օրակարգով, նա՝ ի՛ր Հայաստանի վարչապետը՝ իր առանձին օրակարգով: Մինչդեռ երկրի զարգացումը այս երկու ինստիտուտների ջանքերի մեկտեղման մեջ է, ոչ թե հեռակա պայքարի և անթաքույց սառը հակամարտության: Էնպես որ, կա՛մ էդ մարդու լիազորություններն ավելացրեք և օգտվեք նրանից լիարժեք, կա՛մ գործից հանեք, որ էլ չֆռֆռա և միայն դուք ֆռֆռաք: