Որքան է հայ հասարակության իմունիտետը 

Որքան է հայ հասարակության իմունիտետը 

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների կամ փոփոխությունների հարցն աստիճանաբար վերածվում է Հայաստանի ազգային ինքնության եւ արտաքին քաղաքականության ուղղվածության հարցերի շուրջ վիճաբանության։ Այդ «կրակը» թեժացավ այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանի՝ 90 թվականի օգոստոսի 23-ի Անկախության Հռչակագիրը, որը դարձել է հիմնաքար հետխորհրդային հայկական պետականության համար, չի ապահովում խաղաղություն երկրի եւ քաղաքացիների համար։ 

Հայաստանի ինքնորոշումն, ըստ այդմ, տեղի է ունեցել Հայկական ԽՍՀ եւ ԼՂԻՄ միավորման գաղափարի հենքի վրա, ինչը ըստ Փաշինյանի, Հայաստանի ապագայի համար չափազանց ռիսկային է։ Իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հիմնովին վերափոխության ենթարկել հայկական պետականությունը, որը նրա ընկալմամբ՝ Ղարաբաղից եւ հայկական ազգային իղձերից ամբողջովին հրաժարում է նշանակում։ Սա ըստ էության նշանակում է երրորդ հանրապետությունից անցում չորրորդ հանրապետության։ 

Խնդիրը հայկական ներքին դաշտում, թերեւս, այն աստիճան սրությամբ չէր դրվի, եթե Փաշինյանի արտահայտած մտքերի մասով գրեթե գաղափարական հարազատություն ունեցող մտքեր չարտահայտեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Հայաստանի ներքին հանրային-քաղաքական կյանքում կատարվող զարգացումները, որպես այս հարցի արձագանք, ի ցույց են դնում հարցի նրբազգացությունը եւ պատահական չէ, որ արդեն նշված հարցազրույցից հետո վերջինիս համար ներողություն է խնդրել Հանրային ռադիոյի ղեկավար Գարեգին Խումարյանը, իսկ «Հայաքվեի» նախաձեռնող Ավետիք Չալաբյանն էլ նոր շարժում է սկսում, որը կոչված է պաշտպանել Անկախության Հռչակագիրն ու հայկական պետականության ազգային դիմագիծը։ 

Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ոչ իշխանական ճամբարից էլ քննադատությունների պակաս կարծես չկա։ Եւ պատահական չէ այս ամենը, քանի որ ըստ էության Հայաստանի գործող իշխանություններն առաջարկում են ազգային ինքնության սրբագրում իրականացնել։ Սակայն այստեղ այլ հարց կա, որը պակաս կարեւոր չէ։ Որքանո՞վ է հայաստանյան հանրությունը գիտակցում այն իրականությունը, որում գտնվում է, որքանո”վ է տեսնում Հայաստանի Հանրապետության, օրինակ, հարյուր տարի հետո «Էրմենիսթան թուրք ռեսպուբլիկաս»-ի վերածվելու հեռանկարն ու մտահոգվում այդ առնչությամբ, ինչպես օրեր առաջ սահմանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Խնդիրը հենց այստեղ է։ 

Արդյո՞ք հայաստանյան հանրությունը բավարար ռեսուրս ու իմունիտետ ունի՝ սեփական դիմագիծը պահելու համար, թե՞ կրկին Աջապահյանի բառապաշարով ասած՝ «անկախությունը մսխվել է» այն աստիճան, որ նույնիսկ Հայաստանի՝ «Էրմենիսթանի» վերածվելու հեռանկարի վրա է տարածվել համընդհանուր անտարբերությունը։