«Հրապարակ». Ինչ գրքեր է գնել Փաշինյանի աշխատակազմը

«Հրապարակ». Ինչ գրքեր է գնել Փաշինյանի աշխատակազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «Բուկինիստ» գրախանութից 4 գիրք է գնել՝ ընդհանուր 22 հազար 410 դրամ արժեքով։ Այդ ստեղծագործություններն են՝ Այզեք Ազիմովի «Ակադեմիա», «Ակադեմիան եւ կայսրությունը», Դանտե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությունը» եւ Նասիմ Նիկոլաս Թալեբի «Սեւ կապարը»։

Այզեք Ազիմովի «Ակադեմիա»  եռապատումի առաջին մասի դեպքերը ծավալվում են հեռավոր ապագայում, «երբ մարդիկ արդեն բնակեցրել են Գալակտիկայի միլիոնավոր աստղային համակարգերի մոլորակները եւ անգամ մոռացել, որ իրենց նախնիներն ապրել են Երկրի վրա: Մաթեմատիկոս, հոգեպատմիչ Հարի Սելդոնը կանխատեսում է Գալակտիկական կայսրության մոտալուտ վախճանն ու այդ արհավիրքի հետեւանքները մեղմելու համար առաջարկում է ստեղծել Ակադեմիա, որը պիտի դառնա նոր կայսրության ձեւավորման հիմքը»: «Ակադեմիան եւ կայսրությունը» Այզեք Ազիմովի եռապատումի երկրորդ մասն է: «Այս մասում Ակադեմիան կարողանում է իր գերակայությունը հաստատել հարեւան բարբարոս մոլորակների նկատմամբ: Սակայն Գալակտիկական կայսրությունը վերջնականապես չի կորցրել հզորությունը եւ պատրաստ է հարձակվելու, որպեսզի վերականգնի իր երբեմնի փառքը»:

«Սեւ կարապը» գիրքն այն մասին է, որ «մեծ ազդեցություն ունեցող, բայց հազվադեպ իրադարձություններն են պատմություն կերտում, որ հետահայաց զանազան պատումների շնորհիվ մենք այդ ամենը հասկանալու պատրանքներ ենք ձեւավորում, մինչդեռ դրանք անհնար է գիտականորեն գնահատել, իսկ որոշ ոլորտներ (ոչ բոլորը) ընդհանրապես անկանխատեսելի են, որպես հետեւանք՝ Սեւ կարապների հանդեպ կույր «վայ փորձագետների» պատճառով հակված ենք ծայրահեղ իրադարձությունների նկատմամբ ավելի ու ավելի խոցելի համակարգեր կառուցել»։
Դանտեի «Աստվածային կատակերգություն» պոեմն այս գրքերի մեջ ամենահայտնին է`  գործողությունները ծավալվում են հանդերձյալ աշխարհում, գործող անձինք մարդկանց հոգիներն են։ Գործող անձանց մեծագույն մասը պատմական ծանոթ, իրական մարդիկ են։ Բանաստեղծը պատմում է նրանց հոգիների եւ երկրային գործերի, կենդանի ժամանակ կատարած արարմունքների մասին։

Գնման պայմանագրում նշված չէ, թե կոնկրետ ինչ նպատակի համար են գնվում գրքերը, բայց գնումը կատարվել է ներկայացուցչական ծախսերի անվան տակ, ենթադրվում է, որ ինչ-որ մեկին նվիրելու համար են։ Հետաքրքիր է՝ Փաշինյանն իր կարդացած գրքերի՞ց է սիրում նվիրել, թե՞ ինչ պատահի։ Գուցե գրքերը գնվել են Գիրք նվիրելու օրվան ընդառաջ: Հիշեցնենք, որ փետրվարի 19-ը` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն քանի տարի է՝ նշվում է որպես Գիրք նվիրելու օր: