Ելքը լաբիրինթոսի մեջ չընկնելն է, իսկ հետ նայելը պատմաբանների գործն է

Ելքը լաբիրինթոսի մեջ չընկնելն է, իսկ հետ նայելը պատմաբանների գործն է

Իշխանությունը պատրաստվում է անդրադառնալ 1991-ից տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին։ «Հրապարակն» էլ 7 խորհրդարանական ու 6 նախագահական ընտրություններին  խոստացել էր անդրադառնալ շարունակելի հոդվածաշարով։ Այսօրվա մեր հարցազրույցը ՀՀ ԳԽ առաջին փոխնախագահ (1992-95) եւ ԱԺ փոխխոսնակ (1995-98) Արա Սահակյանի հետ է։

- Պարոն Սահակյան, ի՞նչ կտա Հայաստանում ընտրական գործընթացներին հետահայացը։ Ու նաեւ՝ կողմնակի՞ց եք ընտրություններին վերադառնալուն։

- Նախ, կատարեմ առաջին արձանագրումը․ պետք է որոշել, թե որ ընտրությունների մասին է խոսքը։ Ժամանակային եւ «տարածական» կտրվածքներով ո՞ր ընտրություններն են ուզում դիտարկել։ 1988-ից սկսած են Հայաստանում մրցակցային ընտրություններ տեղի ունեցել․ ՀԽՍՀ ԳԽ մասնակի ընտրություններ, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումարի ընտրություններ, եւ հենց այդ ժամանակ պատահել են սուր բախումներ Արցախյան շարժման ու գործող կոմունիստական վարչախմբի միջեւ։ Եթե ցանկություն կա խորանալ անցյալի մեջ, պետք է սկսել 1988-ի դրամատիզմով լի, անսովոր ու անկրկնելի այդ օրերից։ Նաեւ խնդրի ծավալը հասկանալու խնդիր կա։

Երկրորդ․ 1990-ի աշնանը Հայաստանում տեղի են ունեցել նաեւ տեղական իշխանության մարմինների՝ ժողովրդական պատգամավորների գյուղական, քաղաքային, շրջանային խորհուրդների ընտրություններ։ Յուրաքանչյուր գյուղում, քաղաքում, շրջանում դրանք ճակատագրական են եղել, քանի որ մարդիկ գնում էին քվեատուփի մոտ՝ Շարժման գաղափարներն առաջ տանելու ունակ առաջնորդներին ընտրելու հավատով։ Եղել են բախումներ, որոնք պառակտել են ոչ միայն համայնքները, այլեւ ընտանիքները, միմյանց դեմ հանել երեկվա ընկերներին, բարեկամներին։ Բազում անհամություններ են պատահել, պարզ մարդիկ ցավ ու դառնություն են պատճառել միմյանց, աներեւակայելի համարձակությամբ ըմբոստացել կոմունիստական գողիաթի դեմ։

1990-ի մայիսի 20-ին կայացած ԳԽ ընտրություններն ընդունված է կոչել մաքրամաքուր ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ։ Արդյոք դրանք այդպիսի՞ն էին իրականում։ Քանի՞ տեղ է ծեծուջարդ եղել, քանի՞ մարդու իրավունքներ են ոտնահարվել, քանի՞ արժանի թեկնածու է արհամարհվել՝ ո՞վ գիտի դրանց համրանքը ․․․ Ռոբերտ Ամիրյանի ղեկավարած Կենտրոնական  ընտրական հանձնաժողովը բազմաթիվ ընտրություն ճանաչել է անվավեր, նշանակել են կրկնական ընտրություններ։ Մեկ տասնյակից ավելի ընտրված պատգամավորների լիազորություններն ինքը՝ Գերագույն խորհուրդն է անվավեր ճանաչել։ Մայիսի 20-ին սկսված ընտրությունները երկար ու մաշեցնող շարունակություն ունեցան։ Այսօրվա տեսանկյունից անարդար ընթացք շատ է եղել։ Եվ ի՞նչ։ Իրավական ո՞ր դիրքերից է ուզում այս ամենը գնահատել մեր երիտասարդների կառավարությունը։ Քաղաքական մշակույթի, իրավագիտակցության ի՞նչ չափորոշիչներ է կիրառելու։

Վերադառնալով տեղական խորհուրդների աշխատանքին՝ հիշեցնեմ, որ դրանք  91-ի հունվարից սկսեցին խորհուրդների նախագահներ ընտրել։ Մարդիկ ցնծության մեջ էին, Երեւան, Վանաձոր, Կապան, Աբովյան, Չարենցավան, Գորիս եւ այլ քաղաքներում ներկա պատկերացմամբ քաղաքապետներ ու մարզպետներ դարձան ոչ կոմունիստ գործիչները։ Իսկ չանցած մի քանի ամիս՝ սկիզբ առավ ՀՀ կառավարության կողմից նրանց անվստահություն հայտնելու կամ անձնական հրաժարականների հիասթափեցնող շարանը։ Տեղերում գոյացած իշխանության բացը լրացնելու նպատակով ՀՀ ԳԽ բազմակուսակցական նախագահությունը հարկադրված էր նշանակել կառավարության լիազոր ներկայացուցիչներ։ Այս ամենը քննության առարկա դառնալո՞ւ է՝ չգիտեմ։ Շատ ազնիվ ու անմեղ քաղաքապետեր դարձան բանսարկության կամ իրենց խորհուրդների ագրեսիվ մեծամասնության քմահաճույքի զոհը։ Այդ խճճված ու բարդագույն շրջանը ձգվեց մինչ 1996-ի հոկտեմբերին նոր Սահմանադրության հիման վրա կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ քիչ դրական տարրեր ներմուծելով մեր մենթալիտետի բաղադրամասը դարձած ընտրական մշակույթում։  Ընտրությունների հետեւանքները քննել ցանկացողները գիտե՞ն, թե 91-96-ին քաղաքային խորհրդի քանի նախագահ է փոխվել Գյումրիում, մյուս քաղաքներում։ Ինչպե՞ս են կողմնորոշվելու խորհրդային ընտրական օրենքով ընտրված եւ տեղական խորհուրդների մասին խորհրդային օրենքով տրված լիազորությունների շրջանակներում գործող եւ հենց դրանով էլ կաշկանդված պաշտոնյաների գործողությունները գնահատելիս։  

Եթե ոմանք համարում են քիչ այն բացատրությունը, որ մենք ընտրական մշակույթ չենք ունեցել, ապա ես դա համարում եմ բավականաչափ ծանրակշիռ փաստարկ առ այն, որ ընտրությունների ինստիտուտն ավելի քան 30 տարի գտնվում է երկունքի մեջ։ Նույն ցավերի մեջ են ընտրություններին կուսակցությունների մասնակցության ձեւի ու չափի, ընտրական հանձնաժողովների, վստահված անձանց, դիտորդների, լրատվամիջոցների իրավունքների հետ կապված կարգավորումները, ձայների հաշվարկման ընթացակարգը, բողոքարկումների հետեւանքները․․․

- Այն ժամանակ կայի՞ն ընտրակեղծիքներ։

- Այն ժամանակ կար ամեն ինչ։ Պատգամավորության թեկնածուներին աջակցող խմբերից յուրաքանչյուրը ձգտում էր ամեն գնով առաջ մղել իր հովանավորյալին։ Երեւույթը կար, բայց «ընտրակաշառք» եզրույթը չկար։ Հոգում էին տեղական բնույթի ինչ-որ խնդիրներ, ինչ-որ ծախսեր էին արվում՝ բարեգործության անվան տակ։  

- Պարզ է, Դուք ներկայացնում եք վաղուց մոռացված դեպքեր, երեւույթներ, բայց ո՞րն է ելքը՝ չանդրադառնա՞լ դրանց։

- Ելքն այն է, որ չի կարելի հասարակությունը նետել լաբիրինթոսի մեջ եւ հետո ելք փնտրել։ Ելքը լաբիրինթոս չընկնելն է։ Ելքն այն է, որ քաղաքական համակարգը ծրագրի եւ իրականացնի քաղաքական բարեփոխումներ, իսկ անցյալի գնահատականը թողնի պատմաբաններին, քաղաքագետներին, ի վերջո՝ այդ իրադարձությունների մասնակիցներին։ Եթե շատ է հարկավոր այս ամեն ինչի մեջ արագ պարզություն մտցնել, ապա կարող է կառավարությունը կրթության նախարարության միջոցով հորդորել բուհերի հումանիտար ֆակուլտետների ամբիոններին, որպեսզի կուրսային, դիպլոմային, ասպիրանտական աշխատանքներում այս երեւույթների ոսումնասիրություններ կատարվեն։ Սրանք  թեմաներն են, որոնցով պետք է զբաղվեն հետազոտողները։ Դա  իշխանության խնդիրը չէ։ Իշխանությունն իր առջեւ պետք է դնի կառուցողական, առաջընթացին միտված խնդիրներ։ Հետ նայելը պատմաբանների խնդիրն է։

- Նիկոլ Փաշինյանը, խոսելով 95-ից կեղծված ընտրությունների մասին, Լեւոն Տեր-Պետրոսյանին անվանեց չարիք։ Սա սկզբունքայի՞ն մոտեցում է։

- Ցանկացած իշխանություն փորձում է ամրապնդել իր դիրքերը մրցակիցներին մեկուսացնելու, վարկաբեկելու միջոցով նույնպես։

- Բայց ինչո՞ւ մրցակից, նախկին գաղափարակից, պայքարակից ․․․

- Խոսքն ասվել է իշխանության դիրքերից՝ իշխանությունը պահպանելու մտադրությամբ։ Եվ, ինչպես հաճախ է լինում, այս դեպքում էլ անհաջող, անընդունելի ձեւակերպում է արվել։ Չեմ ընդունում նման ձեւակերպումը՝ անկախ որեւէ մեկնաբանությունից կամ սրբագրումից։ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ըստ սահմանման, չի կարող լինել չարիք։

- Ի՞նչ իմաստով չի կարող լինել։

- Ես գիտեմ իրեն, իր գործունեությունը։ Ի տարբերություն ավանդական ու նաեւ նորօրյա  գործիչների, Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի քաղաքական գործունեությունը տվել է շոշափելի դրական արդյունքներ։