Ռուսական ընկերությանը տուգանել են Հայաստանից վարկ ստանալու համար

Ռուսական ընկերությանը տուգանել են Հայաստանից վարկ ստանալու  համար

Մոսկվայում գործող «Արտեքս» ՍՊԸ-ն, որը աշխատում է սննդամթերքի ապահովման բնագավառում, օրերս ծանր իրավիճակում է հայտնվել։ ՌԴ-ում հարկային վերահսկողություն իրականացնող մարմինը՝ հարկային տեսչությունը, տուգանել է ընկերությանն այն բանի համար, որ 2017 թվականին այն վարկ է ստացել հայկական «Ամերիաբանկից», որից հետո, ըստ տեսչության, ինչ-որ  խախտումներ է կատարել։

«Դա նպատակային վարկ էր, որը մենք արդեն վաղուց փակել ենք։ Այն ստանալուն պես անմիջապես

հայտնեցինք հարկային մարմիններին գործարքի մասին։  Նրանք մեր ստացած գումարի 75 տոկոսի չափով  ստացել տուգանք սահմանեցին։ Մենք ստացել էինք 30 մլն ռուսական ռուբլի ու 22-23 միլիոն ռուբլու չափով տուգանվել ենք, մենք որեւէ խախտում չենք կատարել»,- «Հրապարակին» հայտնեց «Արտեքս» ընկերության տնօրեն Օլգա Մազիկինան։

Նա հայտնեց նաեւ, որ ընկերությունը դիմել է Մոսկվայի արբիտրաժային դատարան՝ պահանջելով ապօրինի ճանաչել եւ չեղարկել «Արտեքս» ընկերությանը տուգանելու վերաբերյալ ՌԴ հարկային տեսչության ամիսներ առաջ ընդունված որոշումը։
Հայցվորն իր պահանջը պատճառաբանել է նրանով, որ ՌԴ օրենսդրության մեջ ոչ ռեզիդենտների համար սահմանված չեն պարտականություններ, որ նրանք պետք է դիմեն միայն ՌԴ բանկերին եւ որ նրանք պետք է ՌԴ տարածքում բացեն ՌԴ տարադրամով բանկային հաշիվներ։
Հարկային տեսչության ներկայացուցիչը դատարանին առարկել է, թե «Արտեքս» ընկերությունը պարտավոր է հետեւել արտարժույթի վերաբերյալ ՌԴ օրենսդրական կարգավորումներին եւ հաշվետվություն ներկայացնել արտարժույթի հետ կապված  օպերացիաների վերաբերյալ, ինչպես ՌԴ տարածքում, այնպես էլ դրանից դուրս, ինչն ընկերությունը չի կատարել։ Արբիտրաժային դատարանը մերժել է «Արտեքս» ընկերության հայցը՝ գտնելով, որ  Մոսկվայի հարկային տեսչությունը ճիշտ է վարվել՝ տուգանելով ՍՊԸ-ին։

«Իրենք մի հիմար օրենք ունեն՝ 90-ականներին ընդունված, որ արտասահմանից ՌԴ իրավունք չունես ինվեստիցիա անելու,- գանգատվում է Օլգա  Մազիկինան,- առաջին անգամ ենք այս վարկը ստացել եւ մենք ենք տվել իրենց ինֆորմացիան ու հանկարծ իմացել ենք, որ տուգանված ենք»։ Այժմ ընկերությունը պատրաստվում է բողոքարկել Մոսկվայի արբիտրաժային դատարանի որոշումը։ Ընկերության ներկայացուցիչները սա դիտարկում են որպես Հայաստանի նկատմամբ խտրականություն։ «Մենք ուզում ենք հասկանալ՝ Հայաստանը հիմա ԵԱՏՄ անդա՞մ է, թե՞ ոչ։ Եթե անդամ է, ապա ինչո՞ւ Հայաստանից ինվեստիցիաներ չեն կարող լինել»,- հարցնում է «Արտեքսի» տնօրենը։

Ճի՞շտ է արդյոք, որ ՌԴ-ում գրանցված ընկերությունները չեն կարող վարկ կամ ներդրում բերել Հայաստանից։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը «Հրապարակի» հարցին պատասխանեց, որ իրեն նման սահմանափակում հայտնի չէ։ «Նման տեղեկատվություն չունենք»,- ասաց խոսնակը եւ խորհուրդ տվեց դիմել Կենտրոնական բանկ։

Կենտրոնական բանկից հայտնեցին, որ, իրոք, կա նման խնդիր։ «Իրավական կարգավորումներում բաց կա»,- հայտնեց ԿԲ խոսնակը՝ ժամանակ պահանջելով ավելի մանրամասն տեղեկություններ հաղորդելու համար։ Մոսկվայի արբիտրաժային դատարանի որոշումից երեւում է, որ ՌԴ օրենսդրությամբ արգելված չէ արտերկրից վարկ ստանալը։ Հայցը մերժվել է, քանի որ ընկերությունն ապօրինի արժութային գործարք է իրականացրել, որն արգելված է ՌԴ արժույթի վերաբերյալ օրենսդրության կարգավորումներով։

«Այստեղ չի կարելի Հայաստանի դեմ ուղղված կամ քաղաքական քայլ տեսնել։ Դա ընդամենը հաշվապահի կոպտագույն սխալն է եղել։ Խախտվել է ՌԴ ներքին օրենսդրությունը։ Եթե ՌԴ ընկերությունը որեւէ երկրում վարկ է վերցնում, ապա պարտավոր է տեղեկացնել ֆինանսական, հարկային մարմիններին, հակառակ դեպքում ընկնում է տուգանքների տակ։ Նշանակություն չունի, որ բանկը հայկական է։ Ընկերությունը պարտավոր էր տեղեկացնել վարկ ստանալու մասին։ Հավանաբար, ստացել է վարկ, չի տեղեկացրել պետական մարմիններին եւ տուգանվել է»,- ասաց ռուսական բիզնես-շրջանակին մոտ մեր աղբյուրը։ «Արտեքսի» ներկայացուցիչը սակայն վստահեցնում է, որ վարկը ստանալուն պես ՌԴ հարկային մարմնին իրենք անմիջապես տեղելացրել են, և ունեն համապատասխան փաստաթղթեր: 

ՀԳ․ Մենք էլ չէինք ցանկանա այս ամենի մեջ քաղաքական բաղադրիչ տեսնել։ Ամեն դեպքում, կսպասենք ՀՀ ԿԲ պարզաբանումներին։