Մշակույթի նախարարություն պետք է, բայց ոչ այն գործառույթներով, որ եղել է

Մշակույթի նախարարություն պետք է, բայց ոչ այն գործառույթներով, որ եղել է

Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի եւ կրոնի, սփյուռքի, միջազգային ինտեգրման հարցերի նորաստեղծ հանձնաժողովը երեկ համատեղ նիստ էր հրավիրել՝ քննարկելու «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին նախագիծը, մասնավորապես՝ մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների հետ կապված կառուցվածքային փոփոխությունները։

Մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը նախ խնդրեց շրջանցել լիրիկական մասերը եւ կարճ առաջարկներ ներկայացնել։ Բայց ներկաներն ինչպես էլ խոսեցին, այնուհանդերձ, լիրիկան ամբողջովին շրջանցել չկարողացան։ Եվ դա բնական է, ըստ Սամվել Հարոյանի, ով երկար տարիներ աշխատել է սփյուռքի նախարարությունում. «Այս հարցը վերաբերում է բոլորիս՝ շարքային մարդուց մինչեւ ամենաբարձր արվեստագետը։ 2 նախարարություններն էլ այս ընթացքում որոշակի դիրքի հասել են, որոշակի գործ արել են, չնայած կան բացթողումներ»։ Հարոյանը դեմ է 2 նախարարությունների փակվելուն եւ ոչ ճիշտ որոշում է համարում այդ նախարարությունների միավորման հանգամանքը. «Շատ ժամանակ չեն ընտրվում այն կադրերը, որոնք կարողանային իրենց գործով, հայոց պատմությունը իմանալով՝ կողմնորոշել տվյալ գերատեսչությունների աշխատանքը, որովհետեւ նման գերատեսչություն ղեկավարելու համար պետք է ունենալ շատ մեծ փորձ, ինչը չունեն ներկայիս ղեկավարները․ նույն Լիլիթ Մակունցն ու Մխիթար Հայրապետյանը՝ լավ աղջիկ է, լավ տղա է, բայց դա դեռ չի նշանակում, որ պետք է նշանակվեն նման պաշտոնի»։

Գագիկ Մանասյանը ցավում է այն մշակութային գործիչների համար, ովքեր եթերից հայտարարում են, որ մշակույթի նախարարություն պետք չէ, եւ օրինակ են բերում Ամերիկան, որտեղ չկա նախարարություն. «Ես ուզում եմ այդ տգետներին մի բան ասել, որ Ամերիկայում մշակույթի նախարարություն չկա, բայց Ամերիկայի Սենատն ամեն տարի ունի մշակույթին աջակցելու պետական ծրագիր, որը կազմում է 60 մլրդ դոլար։ Ես էլ եմ համաձայն՝ թող Հայաստանում մշակույթի նախարարություն չլինի, բայց ամեն տարի պետությունն ընդունի որոշում՝ մշակույթին աջակցելու 6 մլն դոլարով»։

Ըստ նրա՝ եթե լիներ հովանավորչության մասին օրենք, բիզնեսի շատ մարդիկ, ովքեր սիրում են մշակույթը, կամ ելնելով որոշակի շահադիտական նպատակներից՝ կարող էին ֆինանսավորել մշակութային տարբեր ծրագրեր, բայց այդ մարդիկ այսօր չունեն որեւէ առավելություն, այդ թվում՝ հարկերից ազատվելու. «Այսինքն՝ եթե ՀՀ կառավարությունը չի կարող ընդունել մշակույթին աջակցելու պետական ծրագիր, այդ նախարարությունում աշխատող մարդիկ կհայտնվեն սարսափելի վատ վիճակում»։  

Նա նկատում է՝ մշակույթի նախարարության կանոնադրությունն ինքն է գրել, եւ 2001-ից մինչ այսօր նույն կանոնադրությունն է. «Առաջին կետում գրված է՝ մշակույթի նախարարությունը պետական կառավարչական հիմնարկ է, որի գլխավոր նպատակն է՝ մշակույթի ասպարեզում մշակել եւ իրականացնել պետության մշակութային քաղաքականությունը, եթե մեր պետությունը չունի մշակութային քաղաքականություն, հասկանանք՝ ուրեմն մեզ նախարարություն էլ պետք չէ։ Մեր մշակույթի նախարարը երբ դեռ տաքսիով չէր եկել նախարարություն, հայտարարեց, որ մշակույթը ես եմ, հիմա քանի որ գնում է Ազգային ժողով, երեւի մեզ էլ մշակույթ պետք չէ»։

Կրոնի, սփյուռքի, միջազգային ինտեգրման հարցերի նորաստեղծ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Մկրտչյանն էլ իր խոսքում նշեց, որ գործի բերումով երկար տարիներ աշխատել է սփյուռքի հետ եւ ծանոթ է խնդիրներին ներսից. «Մեր պետական ապարատում դեռ այն ընկալումն է, երբ սփյուռք ասելով՝ առաջին հերթին պատկերացնում են ներդրումներ։ Նախարարության աշխատակիցները Նոր տարուց ուղղակի իրենց աշխատանքից զրկվում են։ Եթե մենք հայտարարում ենք հայրենադարձություն, դա ուղղակի լոզո՞ւնգ է, սիրուն խո՞սք, ո՞նց ենք հայրենադարձությունը կազմակերպում՝ ի՞նչ ֆինանսական միջոցներով։ Այս հարթակում մեծ խնդիր կա․ մենք պետք է նոր ռազմավարություն մշակենք։ Այս հարցը հապճեպ որոշելու հարց չէ, պետք է քննարկումների շարք սկսել թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում»։

«Օրեր առաջ մեր մշակույթի կարկառուն ներկայացուցիչներից մեկն ասաց, որ մշակույթի նախարարությունը տարիներ շարունակ եղել է փողերի լվացման տեղ, իսկ դա նշանակում է հաղորդում հանցագործության մասին»,- իր խոսքում ասաց բանախոսներից Կարո Շահբազյանը, ով ժամանակին 4 տարի աշխատել է մշակույթի նախարարությունում։ Ասում է՝ ինքն էլ բազմաթիվ անգամ քննադատել է նախարարությանը, որը չի անում այն, ինչ պետք է։ «Վերջին տարիներին մշակույթի նախարարության գործառույթը ֆինանսն էր, այսինչ ՊՈԱԿ-ին՝ այսքան, այսինչ ծրագրին՝ այսքան, որի հետ ես համաձայն չեմ, ըստ էության, դա կարող էր անել ֆինանսների նախարարությունը»,- ասում է նա ու նկատում, որ մշակույթի նախարարություն պետք է, բայց ոչ այն գործառույթներով, որ եղել է։ «Մշակույթի նախարարությունը պետք է զբաղվի պետական մշակութային քաղաքականությամբ, այդտեղ ֆինանսներն արդեն ածանցվում են, եթե լինի քաղաքականությունը, մնացածը կլինեն»,- ասաց Կարո Շահբազյանն ու նշեց, որ չարաշահումներ եղել են բոլոր տեղերում, բոլոր կառույցներում, այդ թվում՝ ՊՆ-ում․ «Հիմա ՊՆ-ն փակե՞նք»։ 

Օպերայի նախկին տնօրեն Կամո Հովհաննիսյանն էլ նշեց, որ դեռ հայտնի չէ, թե 5 նախարարությունների կրճատման արդյունքում ինչքան մարդ պետք է կրճատվի ու մնա առանց աշխատանքի. «Այդ մարդիկ ի՞նչ պիտի լինեն, եւ մեր կառավարությունը մտածե՞լ է այդ մարդկանց մասին, նրանք կարողանալո՞ւ են իրենց հանապազօրյա հացը վաստակել»։

Գագիկ Մանասյանն իր խոսքում եւս մեկ անգամ նկատեց, որ իրենք այն կարծիքի չեն, որ բոլոր այդ նախարարություններում ամեն ինչ իդեալական է, բայց դա բնավ առիթ չի տալիս, որպեսզի այդ նախարարությունները վերացնեն. «Մշակույթի նախարարության գործառույթն է մշակութային քաղաքականություն մշակել եւ իրականացնել, որը չի արվում։ 30 տարվա ընթացքում մշակույթի ասպարեզում ընդունվել է 9 օրենք։ Պետությունն օրենսդրորեն պետք է ապահովի բոլոր այն պայմանները, որ, օրինակ, նկարիչը նկարի եւ կուզենա նկարել։ Պետական քաղաքականություն այսօր մշակույթի նախարարությունը չունի, եւ, ցավոք, մեր վերջին 2-3 նախարարները նախարարությունը դարձրեցին պրոդյուսերական կենտրոն՝ առանց բովանդակային ծրագրերի»։