Բոլոր դաշտերը կարգավորել են՝ անցել են մամուլի դաշտը «կարգավորելուն»

Բոլոր դաշտերը կարգավորել են՝ անցել են մամուլի դաշտը «կարգավորելուն»

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը որոշել է պատմության մեջ մնալ որպես մամուլի դեմ արշավ սկսած ՏՄՊՊՀ նախագահ։ Այս օրերին ՏՄՊՊՀ-ն իբրեւ թե ուսումնասիրություն է սկսել՝ լրատվական դաշտում գովազդի քաղաքականության հետ կապված։

Ընդ որում, հայտարարում են, թե մեզ համար են անում, ու մեզնից պահանջում են այնպիսի տվյալներ, որոնք առեւտրային գաղտնիք են պարունակում։ Ասենք, օրինակ, Գուգլ անալիտիկի տվյալներ, որոնք միայն ներքին օգտագործման են, կամ՝ գովազդային գնային եւ զեղչային քաղաքականության մանրամասները, կամ՝ բոլոր գովազդային պայմանագրերի պատճենները եւ գովազդատուին ընտրելու չափանիշները։ Մի խոսքով՝ ՏՄՊՊՀ-ն որոշել է սողոսկել լրատվամիջոցների ներքին խոհանոցը, բնականաբար՝ ոչ սեփական նախաձեռնությամբ։ Ակնհայտ է, որ այս ամենի հետեւում մամուլի մրցակից ու արդեն, կարելի է ասել՝ մամուլի թշնամի, մեր երբեմնի գործընկեր Նիկոլ Փաշինյանն է կանգնած, որը մեր մրցակիցն է՝ սեփական լրատվամիջոցն ունի եւ որոշել է հասկանալ, թե ինչպես ամբողջ գովազդն ուղղել դեպի սեփական լրատվամիջոցը եւ ինչպես չեզոքացնել մրցակիցներին։ Եվ Գեղամ Գեւորգյանի ղեկավարած կառույցը, ինչպես բոլոր պետական կառույցները, զբաղված են վարչապետի շահերը սպասարկելով։

Այս «ուսումնասիրության» հետ կապված նամակներ լրատվամիջոցները ստացել էին արտակարգ դրությունից առաջ, ապա կորոնավիրուսն ընդհատել էր գործընթացը, հիմա ՏՄՊՊՀ-ն վերադարձել է իրեն տրված հանձնարարությանը եւ կրկին սպառնալից նամակներ է ուղղում լրատվամիջոցներին, թե իր ուզած տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում կենթարկեն պատասխանատվության։
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանից երեկ հետաքրքրվեցինք, թե  ով է որոշել լրատվամիջոցներից նման տվյալներ պահանջել՝ իրենց հանձնաժողո՞վը, թե՞ քաղաքական որոշում է։ «Ոչ մի քաղաքական որոշում կապ չունի․ ՏՄՊՊՀ-ն՝ մենք մեդիա-դաշտում գովազդի շուկայի ուսումնասիրություն ենք կատարում, ոչ միայն լրատվամիջոցները, այլ նաեւ հեռուստատեսությունը, IT-ն, եւ մենք ուսումնասիրում ենք ոչ թե բովանդակային հատվածը, այլ զուտ գովազդի տրամադրման պայմանները։ Սա ավելի շատ ուղղված է հենց լրատվական դաշտի պահանջից․․․ հենց լրատվական դաշտն է էդ պահանջով դիմել, որ մենք ուսումնասիրություն անենք»,- ասաց նա։

- Պարոն Գեւորգյան, վարչապետը տեղյա՞կ է այդ ուսումնասիրությունից։

- Մենք, անկեղծ ասած, մեր որեւէ ուսումնասիրություն կառավարությանը չենք ներկայացնում, մենք ինքնավար մարմին ենք եւ ինքներս ենք կատարում ուսումնասիրությունը, բայց մեր ամբողջ գործունեությունը հրապարակային է։

- Իսկ վարչապետին պատկանող լրատվամիջոցին ուղարկե՞լ եք այդ նամակը։

- Ես, անկեղծ, նույնիսկ չգիտեմ՝  կոնկրետ որ մեկին ենք ուղարկել, բայց բոլորը, որոնք՝ ռեյտինգային երկու կայք կա, դրա մեջ եղել են, բոլորին ուղարկել ենք։ Այսինքն՝ որոնք սպառման ամենամեծ ծավալն ունեն, դրանց բոլորին ուղարկել ենք։

- Դե, վարչապետի թերթը սպառման երեւի ամենամեծ ծավալն ունի, որովհետեւ իրենք անվերադարձ պայմանագիր ունեն։

- Ուրեմն իրենց էլ կարող է ուղարկած լինենք, եթե կա այդ ցանկում, ուրեմն ուղարկել ենք։ Բայց ասում եմ՝ մենք շուկան ամբողջ ծավալով ենք նայելու, ու դա չի վերաբերելու որեւէ լրատվական սուբյեկտի մասնագիտական գործունեությանը։

- Բայց դուք տվյալներ եք պահանջում մեզնից, որոնք կարող են առեւտրային գաղտնիք հանդիսանալ։

- Հենց առեւտրային գաղտնիք էլ ուզում ենք մենք, բայց դա ապահովված է օրենքով, որեւիցե խնդիր չկա։ Այսինքն՝ ցանկացած ոլորտ, որը մենք ուսումնասիրում ենք, շատ հաճախ այդ տվյալները պարունակում են կա՛մ առեւտրային, կա՛մ հարկային գաղտնիք, որն օրենքով ինքը հրապարակման ենթակա չէ, եւ օրենքով սահմանված է այդ ինֆորմացիայի վարման կարգը, արխիվացման կարգը եւ այլն։

- Կներեք, իսկ ինչո՞վ եք վստահ, որ մենք ուզում ենք մեր՝ առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները փոխանցել ՏՄՊՊՀ-ին։

- Մենք չենք ասում՝ դուք ուզում եք, թե չէ, մենք ասում ենք՝ օրենքով ՏՄՊՊՀ-ն իրավասու է ձեռք բերել, պահանջել ցանկացած տեղեկատվություն, որն առնչվում է գործի ուսումնասիրությանը։ Ընդ որում՝ սա վարույթ չէ, ձեզնից որեւէ մեկի վրա որեւէ կոնկրետ գործ չկա։

- Բայց մեզ մոտ տպավորություն է, որ սա հատուկ արշավ է լրատվադաշտի դեմ։

- Բացարձակ կապ չունի կոնկրետ լրատվամիջոցը, որովհետեւ ահավոր մեծ ծավալի ուսումնասիրություն ենք անում, որը հրապարակելու ենք։

- Մենք դառը փորձ ունենք, թե ինչպես են բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հայտնվում, օրինակ, վարչապետի ձեռքում, եւ նա հրապարակում է դրանք, հիմա ինչո՞ւ պետք է վստահ լինենք, որ այս տեղեկություններն էլ վաղը վարչապետի կամ նրա շրջապատից որեւէ մեկի ձեռքում չեն հայտնվի։

- Ձեր ամբողջ մտահոգությունները փարատված են օրենքով։

- Բանկային գաղտնիքն էլ է օրենքով պաշտպանված, բայց տեսնում ենք, թե ինչպես են հրապարակվում ոմանց՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները։

- Ես չեմ կարող ասել, ես այդ դեպքին ծանոթ չեմ, չեմ կարող որեւիցե կարծիք հայտնել, բայց մենք հարյուրավոր ուսումնասիրություններ ենք անում, չէ՞, հիմա ի՞նչ տարբերություն՝ դա ձե՞ր ոլորտին է վերաբերում, թե՞, օրինակ, կաթնամթերքի կամ սննդամթերքի։

- Մեծ տարբերություն՝ մամուլն այսօր քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունի։

- Անկեղծ, էլի, չի հետաքրքրում մեզ քաղաքականությունը, մենք անկախ մարմին ենք, քաղաքականությամբ չզբաղվող եւ դրա հետ որեւէ կապ չունեցող մարմին ենք։

- Պարոն Գեւորգյան, մենք՝ որպես լրավամիջոց, կարո՞ղ ենք մտավախություն ունենալ, որ մեր՝ առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կարող են հայտնվել ՏՄՊՊՀ-ից դուրս այլ շրջանակներում, եւ, ըստ այդմ՝ չտրամադրել այդ տեղեկատվությունը ձեզ։

- Դուք ցանկացած բան մտածելու իրավունք ունեք, բայց չտրամադրել չեք կարող, որովհետեւ օրենքով է կարգավորված։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, որ բոլոր տնտեսվարող սուբյեկտներն ասեն՝ մենք մտավախություն ունենք եւ տեղեկատվություն չենք տրամադրում, մենք ո՞նց ենք գործ ուսումնասիրելու։ Եվ մեր կառույցն այս տարի արդեն 250 հատ վարույթ է իրականացրել, մի հատ դեպք կարո՞ղ եք ասել, որ մեր կառույցի կողմից հրապարակվել է որեւէ տեղեկատվություն կամ ոչ իրավաչափ ձեւով հայտնվել է որեւէ մարմնում։

- Դուք գիտե՞ք, որ սրանով դառնում եք պատմության մեջ ՏՄՊՊՀ առաջին նախագահը, որը մամուլի դեմ այսպիսի արշավ է իրականացնում․․․

- Մենք մամուլի դեմ արշավ չենք իրականացնում, մենք սա իրականացնում ենք դաշտում հավասար մրցակցության համար։ Ես գործ անում եմ զուտ օրենքի շրջանակներից ելնելով եւ չեմ կարող մտավախություն ունենալ, որ իմ մասին լավ կամ վատ բան կգրեն։
Մենք որեւէ ձեւ չենք ուսումնասիրում, թե դուք ինչ բովանդակությամբ հոդված եք գրում, մենք զուտ ուսումնասիրում ենք, թե էդ գովազդը հասնո՞ւմ է տեղ։ Ընդ որում՝ ձեզանից որեւէ մեկի վրա որեւէ վարույթ չկա։ Պետք է համագործակցենք, ձեզնից պետք է ինֆորմացիա ստանամ, ձեր օգնությունը ստանամ, որ կարողանանք ձեր դաշտը կարգավորել։