Պարբերաբար փորձել են ինձ շանտաժ անել այդ կոմպրոմատով

Պարբերաբար փորձել են ինձ շանտաժ անել այդ կոմպրոմատով

Իշխանությունն ընդդիմադիրների նկատմամբ ռեպրեսիաների սեզոնը շուտով կհամարի բացված, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, կոմպրոմատներ են հավաքվում բոլորի դեմ` չեն խնայելու եւ ոչ մեկին։ Մեր աղբյուրից տեղեկացանք, որ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հետ կապված՝ ունեն հեռախոսային խոսակցության գաղտնալսում, որտեղ Զոհրաբյանը հայհոյախառն բառապաշարով է շփվում զրուցակցի հետ, եւ պատրաստվում են հրապարակել այն, ինչպես նախկին իշխանությունները հրապարակեցին Ալեքսանդր Արզումանյանի եւ մի կնոջ խոսակցությունների գաղտնալսումները ։

Զոհրաբյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է նման բան՝ զրույցների ընթացքում հայհոյանք օգտագործե՞լ է։ «Ասեմ, որ այդ տեղեկությունը նոր չէ։ Պարբերաբար ինձ փորձել են դրանով շանտաժ անել։ Ես չեմ թաքցնում, որ էմոցիոնալ անձնավորություն եմ, չեմ բացառում, որ, այո, նման ձայնագրություն կարող է լինել»,- ասաց նա՝ հիշելով, որ մի անգամ վրդովված հեռախոսազրույց է ունեցել ՀՀԿ-ական ազգականի հետ, հորդորել է նրան չաշխատել ՀՀԿ-ի համար կամ առնվազն իրեն «բարոյապես» չվնասելու համար նախընտրական փուլում ինչ-որ ժամանակով հեռանալ երկրից․ «Բայց երբ իմ ջանքերն ապարդյուն անցան, ես շատ խիստ հայհոյանքներ եմ տվել նրան»։

Զոհրաբյանը չբացառեց, որ նման բնույթի զրույց այլ մարդկանց հետ էլ է ունեցել․ «Թող հրապարակեն, ի՞նչ ասեմ, այս իշխանությունից ես այլեւս ամեն ինչ սպասում եմ»։ Նա տեղեկացրեց, որ իր նկատմամբ իշխանական արշավի, մասնավորապես, շանտաժների մասին նյութերը հատ-հատ ուղարկում է միջազգային կառույցներին, իրավապաշտպան կազմակերպություններին․ «Ավելին ասեմ․ քիչ առաջ մեսենջերով մի նամակ եմ ստացել․․․ գիտեք, որ Ֆեյսբուքն այնպիսի ֆունկցիա ունի, որ ոչ ընկերների նամակներն ավտոմատ սպամ է գցում, բայց Էրիկ անունով անձնավորության նամակը, որը ես ստացա այսօր, զարմանալիորեն եկավ ոչ թե սպամ, այլ ուղիղ իմ փոստարկղի մեջ։ Մտածելով, որ ՖԲ իմ ընկերներից է, որովհետեւ սովորաբար ես սպամները չեմ բացում, բացեցի նամակը, եւ այնտեղ սեռական, խուլիգանական բնույթի առաջարկներ էին արված ինձ։ Ես մոտավորապես կարող եմ ենթադրել այն անբարոյականների շրջանակը, ովքեր սա կազմակերպում են՝ մտածելով վարկաբեկել ինձ՝ որպես կնոջ, հասկանալով, որ Հայաստանում ավանդապաշտությունն այնպիսին է, որ շատ ավելի խոցելի են կանայք եւ հատկապես՝ հանրային կանայք։ Կասեմ մի բան՝ անբարոյականը դուք եք, ձեր կանայք են։ Էն, որ լակած վեր էին ընգնում տարբեր տեղերում։ Ի դեպ, ֆեյք օգտատեր էր՝ երիտասարդ տղայի նկարով։ Ես արդեն ուղարկել եմ ԵԽԽՎ, իմ եվրոպացի գործընկերներն իրենք առաջարկեցին իրենց օգնությունը, իրենք կմիջնորդեն, որ վեհաժողովը պաշտոնապես դիմի Ֆեյսբուքին, որովհետեւ երբ մեր իրավապահն է դիմում, Ֆեյսբուքը մերժում է՝ իրական ըքաունթները տրամադրել, ուստի իմ գործընկերները ԵԽԽՎ-ից ամեն ինչ կանեն»։

Զոհրաբյանի խոսքով, ոչ միայն Գագիկ Ծառուկյանին ու ԲՀԿ-ին, այլեւ անձամբ իրեն իշխանությունը պատերազմ է հայտարարել, ինքն ընդունում է իրեն նետված մարտահրավերը ու ասում՝ եթե նման ձայնագրություն հրապարակվի, դրա անմիջական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանը կլինի․ «Փորձում են պեղել մարդկանց, ովքեր կասեն, որ Նաիրա Զոհրաբյանը Երեւանի ավագանու ընտրության ժամանակ ինչ-որ գումար է բաժանել։ Այնքան բարոյազուրկ են, որ Կաննի միջազգային կինոփառատոնին մասնակցած ռեժիսորի են կանչել, հարցրել են` կարո՞ղ է ընտրարշավի ժամանակ քեզ փող է տվել, ու դու պլակատ ես բռնել։ Այդ մտավորական մարդն ապշահար պատասխանել է․ «Մի հատ դեմքիս նայեք. ես նմա՞ն եմ պլակատ բռնողի»»։