Հրդեհի ու զոհերի գլխավոր մեղավորներին թողած՝ «Քոչարյանի ալիքի» վրա են հարձակվել 

Հրդեհի ու զոհերի գլխավոր մեղավորներին թողած՝ «Քոչարյանի ալիքի» վրա են հարձակվել 

Երեկվանից ֆեյսբուքահայությունը նոր թեմա է գտել՝ TV5-ի տարածած տեսանյութը, որտեղ երևում է հրդեհի ճիրաններում հայտնված զինվորական կացարանը։ Տեսանյութը նկարված է շատ հեռվից, մեզ ասացին՝ գյուղի երեխաներից մեկն է նկարել։ Դրանում նաև ձայներ են լսվում, ոմանց կարծիքով՝ այրվող զինվորների ճիչերն են, որոշներն էլ պնդում են՝ գյուղացիների, տարածքում գտնվողների ձայներն են։

Ու սա երեկվանից քննադատության ու մեղադրանքների, բարոյական դասեր տալու նոր ճակատ է բացել ֆեյսբուքիստների համար։ Արդեն մոռացել են՝ ովքեր են այդ հրդեհի ու 15 զոհի մեղավորներն ու պատասխանատուները, արդեն մոռացել են՝ ում պատճառով է բանակն ու զինվորը հայտնվել այս աղետալի վիճակում, և անցել են լրատվամիջոցին բարոյականության դասեր տալուն, մեղադրելուն, քիչ է մնում ասեն՝ հրդեհի մեղավորն էլ է TV5-ը։ Թեպետ՝ համարյա այդպես էլ ասում են, քանի որ տվյալ հեռուստաընկերությունը կապում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Հետևաբար, մի կողմից մեղադրում են, թե հենց անձամբ Քոչարյանն է փորձել այս ողբերգությունից դիվիդենտներ շահել՝ «իրեն պատկանող» հեռուստաընկերությամբ այս կադրերը տարածելով, մյուս կողմից հենց իրենք՝ TV5-ի արածը Քոչարյանի հանգույն քաղաքականացնողներն են քաղաքականացնում ու էժանագին սռաչի վերածում այս թեման։ Ու զարմանալիորեն սա անում են նաև ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներ՝ տուրք տալով բարոյախրատական ճառերին, թե ինչպե՞ս կարելի էր այս ահասարսուռ կադրերը տարածել։ Հետո էլ իրար հորդորում են՝ ոչ մի դեպքում չբացել ու չնայել այդ տեսանյութը՝ դրանով ավելի մեծ գայթակղություն առաջացնելով դեռևս չդիտածների մոտ։

Ահա այսպես են մանիպուլացնում և բոլորին մեկ վայրկյանում շեղում բուն թեմայից ու իրական մեղավորներից։ Արդեն մոռացան, որ այս ամենի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն օրվա իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի և, այս դեպքում, Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։ Մոռացան, որ հրդեհն ու զոհերը պատճառ ու հետևանք են հենց նրանց հանցավոր անփութության, հենց նրանց «բարեփոխած» բանակի ու զինվորին անմարդկային պայմաններում պահելու, այլ ոչ թե այս կամ այն լրատվամիջոցի տարածած տեսանյութերի։ Ու կապ չունի՝ ում է պատկանում, ում է սպասարկում կամ ում հետ է կապվում տվյալ լրատվամիջոցը՝ Քոչարյանի՞, Սարգսյանի՞, թե՞ մեկ ուրիշի։

Բարոյականության դասեր պետք է տալ նախևառաջ օրվա իշխանություններին, եթե նրանք կրում են բարոյականության նշույլ իրենց մեջ, ու պահանջել անհապաղ կրել քաղաքական պատասխանատվություն ու հեռանալ, ապա նաև գտնել ու պատժել մեղավորներին, ոչ թե լուտանքներ տեղալ լրատվամիջոցների հասցեին, թե ինչո՞ւ են համարձակվել տարածել հեռվից նկարած տեսանյութը, որը կարող էր նույն հաջողությամբ տարածվել նաև ֆեյսբուքյան որևէ օգտատիրոջ էջով՝ հրդեհի պահին, ուղիղ եթերով։