Փաշինյանի ու իր թիմի բոլոր քայլերը պետք է դիտարկել Հայաստանի թրքացման կոնտեքստում
Շատերը զայրանում ու զարմանում են, թե ինչպես կարող է Գուրգեն Արսենյանի նման մեկը հայտնվել Հայաստանի խորհրդարանում եւ բացահայտ թուրքական քարոզչություն անել, համոզել հայերին, որ թուրքերը հայերի թշնամիները չեն, երբեք մեզ համար սպառնալիք չեն եղել՝ այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ամիս առաջ թուրքական հարձակումից 200-ից ավելի հայ զինվոր է զոհվել, իսկ շատերի մարմիններն էլ մնացել են ձյան տակ ու անթաղ են: Շատերը դա բացատրում են նրանով, որ Գուրգեն Արսենյանի կամ նրա նմանների համար գոյություն չունեն այնպիսի հասկացություններ, ինչպիսիք հայրենիքն է, ազգը, ազգային արժանապատվությունը, որ նրանց համար միայն մի սրբություն կա՝ փողը, ու հանուն փողի նրանք պատրաստ են թուրքին ոչ միայն արդարացնել, ալ նաեւ իրենց գլխին տեր ու տիրական կարգել: Բայց փողի նկատմամբ սերը չի կարող բացատրել նման դրսեւորումները կամ չի կարող բացատրել ամբողջությամբ:
Հայաստանի նախորդ խորհրդարաններում եւս եղել են հարուստներ եւ օլիգարխներ, որոնց ունեցվածքն անհամեմատ ավելի մեծ է, քան Արսենյանինը եւ Փաշինյանի կողմից խորհրդարան բերված մյուս օլիգարխներինը: Փաշինյանը, որ իբրեւ թե հանդես էր գալիս քաղաքականության ապաօլիգարխացման կարգախոսներով, ոչ թե քաղաքական դաշտը մաքրեց օլիգարխներից, այլ փոխեց դրանց որակն ու տեսակը: ՀՀԿ-ի իշխանության տարիներին Հայաստանի խորհրդարանում իրենց մշտական տեղն ունեին Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը եւ շատ ուրիշներ: Ռազմական օլիգարխիան խորհրդարանում ներկայացնում էին Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը: Գագիկ Ծառուկյանին եւ Սամվել Ալեքսանյանին Փաշինյանը փոխարինեց Գուրգեն Արսենյանով եւ Խաչատուր Սուքիասյանով, իսկ Մանվել Գրիգորյանին՝ Գագիկ Մելքոնյանով:
Ծառուկյանն ու Ալեքսանյանն իրենց կարողությամբ հաստատ չեն զիջում Արսենյանին եւ Սուքիասյանին, նրանք եւս սիրում են փող աշխատել եւ հաստատ կարող էին Փաշինյանից փողով մանդատ առնել եւ շարունակել պատգամավորի իրենց կարիերան: Բայց Փաշինյանը նրանց փոխեց, որովհետեւ Ծառուկյանն ու Ալեքսանյանը չէին կարող արտասանել այն տեքստերը, որոնք արտասանում են Արսենյանն ու Սուքիասյանը: Ոչ թե այն պատճառով, որ խելքները չի հասնում, այլ որովհետեւ Հայաստանի պետականության ոչնչացումը, Հայաստանի թուրքացումը չեն բխում նրանց բիզնես շահերից: Ընդհակառակը, լինելով ազգային բուրժուազիայի ներկայացուցիչներ, նրանք կողմնակից են ազգային ուժեղ պետության կայացմանը, որը կկարողանա իրենց պաշտպանել օտարերկրյա ազդեցությունից ու ոչնչացման վտանգից:
Ինչո՞վ է զբաղվել եւ զբաղվում Գուրգեն Արսենյանը, ինչի՞ վրա է ստեղծվել նրա կարողությունը՝ արտասահմանից սիգարետ առնելով եւ Հայաստանում վերավաճառելով: Արսենյանի աշխարհընկալումը ձեւավորվել է սիգարետ առնող վերավաճառողի հարթության մեջ. Հայաստանը կլինի թուրքական վիլայեթ թե անկախ պետություն՝ իր համար այնքան էլ կարեւոր չէ. ինքն Ուկրաինայից կամ մի ուրիշ երկրից սիգարետ կառնի ու օրվա իշխանության վճարը տալով՝ թանկ գնով կվաճառի, հնարավոր է՝ թուրքերի հետ պայմանավորվի՝ մի քանի բլոկ էլ Իգդիրում կամ Ղազախում թույլ տան վաճառել: Ծառուկյանի եւ Ալեքսանյանի համար Հայաստանի՝ որպես անկախ պետության գոյությունը կենսական կարեւորություն ունի. Ծառուկյանը ցեմենտի, շինանյութերի, կոնյակի եւ գինու, տեքստիլի եւ բազմաթիվ այլ ոլորտներում ներգրավված գործարար է: Ալեքսանյանն ավելի մեծ արտադրական ընկերություններ ունի. հսկայական թվով թեթեւ արդյունաբերության ձեռնարկություններ, ձեռնարկություններ գյուղատնտեսության եւ սննդի արտադրության մեջ, ալյուրի եւ կերերի արտադրություն, բազմաթիվ այլ արտադրական ընկերություններ: Նրանք չեն կարող շահագրգռված լինել Հայաստանի թուրքացման, թուրքական վիլայեթ դառնալու հարցում, որովհետեւ այդ դեպքում իրենց ձեռնարկությունները կսնանկանան. թուրքական տարածքում կվաճառվեն թուրքական ցեմենտ ու շինանյութ, թուրքական տեքստիլ ու ալյուր, թուրքական ձուկ ու ձկան կեր, ալկոհոլի կամ խոզի մսի արտադրությունն ընդհանրապես կարող է արգելվել կամ խիստ սահմանափակվել:
Ինչո՞ւ Փաշինյանը Մանվել Գրիգորյանին կամ Առաքել Մովսիսյանին փոխարինեց Սասուն Միքայելյանով կամ Գագիկ Մելքոնյանով: Միքայելյանի պարագան պարզ է. նրա առաջ խնդիր դրվեց՝ ուրանալ արցախյան շարժումը եւ դրա ձեռքբերումները, եւ նա սիրահոժար ու հրապարակային դա արեց: Կանե՞ր նման հայտարարություն Մանվել Գրիգորյանը. միանշանակ՝ ոչ: Մանվել Գրիգորյանի ու Գագիկ Մելքոնյանի տարբերությունն այն է, որ Գրիգորյանն անձնապես մասնակցել է մարտական գործողություններին, նա Արցախի ազատագրման եւ հաղթանակի խորհրդանիշներից էր:
Երբ Մանվել Գրիգորյանը զբաղված էր բանակաշինությամբ, փող էր հավաքում, որ ԵԿՄ անդամներին բաժաներ կամ Երիտասարդ երկրապահ կազմակերպություն պահեր, Գագիկ Մելքոնյանը զբաղված էր բանակի ու զինվորի թալանով: Մանվել Գրիգորյանը եւս պատերազմի ընթացքում ու հետպատերազմյան ժամանակահատվածում հարստություն էր կուտակել, բայց նա ուներ կարմիր գիծ, որը չէր կարող անցնել. ու դա Հայաստանի եւ Արցախի միասնությունն ու տարածքային ամբողջականությունն էր: Գագիկ Մելքոնյանի համար նման կարմիր գիծ չկա. եթե Փաշինյանը հանձնարարի, նա վաղը կարող է հարցազրույց տալ ու ասել, որ ավելի լավ է կորցնենք Սյունիքը, բայց փրկենք մնացած Հայաստանը, կորցնենք Գեղարքունիքը՝ փրկենք մնացածը:
Փաշինյանը Մանվել Գրիգորյանին Գագիկ Մելքոնյանով կամ Գագիկ Ծառուկյանին Գուրգեն Արսենյանով չի փոխարինել ինտուիտիվ, կամ այդ փոփոխությունները չեն ստացվել պատահականության արդյունքում: Չունենալով հայրենիքի, ազգային պատկանելության եւ հայրենասիրության զգացողություն, ինքն է հայտարարել, որ չի դավանում ոչ մի «իզմ»-ի, իսկ «իզմ»-երից ամենակարեւորը հայրենասիրությունն է` պատրիոտիզմ, նա ընտրել ու իրեն հատուկ շրջապատել է նույն բնութագրի տեր մարդկանցով, որոնց համար իշխանությունը պետք է՝ բացառապես փող աշխատելու եւ այդ փողն ապահով կուտակելու համար:
Հարցի պատասխանը, թե ինչու են Փաշինյանը եւ իր թիմը հիմա ամբողջ ուժով լծվել թուրքական հպատակության քարոզչությանը, նույնպես գալիս է այստեղից. Փաշինյանը, Արսենյանը, Մելքոնյանը համոզված են, որ իրենց իշխանության միակ սպառնալիքը հիմա գալիս է Թուրքիա-Ադրբեջան զույգից եւ ոչ թե Ռուսաստանից: Դրա համար նրանք փորձում են ստորաքարշորեն սիրաշահել իրենց նոր տերերին՝ հասկացնելով, որ պատրաստ են ընդունել թուրքական գերիշխանությունը, որ իրենք թուրքերի նկատմամբ չունեն ո՛չ թշնամություն, ո՛չ ատելություն եւ պատրաստ են հանձնվել առանց դիմադրության, առանց կորուստների: Խոսքն իշխանության եւ նյութական միջոցների կորստի մասին է, շարքային մարդկանց կյանքի վրա իրենք թքած ունեն: Դրա համար էր Փաշինյանը հայտարարում, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, եւ եթե պետք լինի, կարող է ասել, որ թուրք կոչվելն իր համար նույնիսկ հպարտություն է:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ