Միայն հզոր ու մարտունակ բանակով Հայաստանը կկարողանա տարածաշրջանում խաղաղության հասնել

Միայն հզոր ու մարտունակ բանակով Հայաստանը կկարողանա տարածաշրջանում խաղաղության հասնել

«Չնայած Իսրայելը գտնվում է պատերազմական իրավիճակում, այնուամենայնիվ, չի դադարում զենք մատակարարել Բաքվին․ 2020 թվականի պատերազմից ի վեր զենք է մատակարարում ու կուտակում Բաքվում, եւ դրանց միայն մի փոքր մասն է օգտագործվել Արցախի դեմ»,- անդրադառնալով Իսրայելից Ադրբեջան զենքի մատակարարումներին՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնին։ Հետաքրքիր է, որ Իսրայելը՝ ինքը, ԱՄՆ-ից օգնություն էր խնդրել նաեւ զենքի տեսքով, իսկ դա նշանակում է, որ նրանք նպատակ ունեն մեր տարածաշրջանում Իսրայել-Իրան պատերազմ սկսել, որպեսզի Իրանի դեմ երկրորդ ճակատը բացվի՝ Իրանի հյուսիս-արեւմուտքից, եւ փորձեն այնտեղից Իրանին հարվածներ հասցնել՝ կարծում է իրանցի փորձագետը։

«Հնարավոր է Հայաստանի դեմ էլ օգտագործվեն այդ զենքերը։ Արցախի դեմ եղած 2 պատերազմները ցույց տվեցին, որ Իսրայելն ամբողջությամբ աջակցում է Ադրբեջանին ու նույնիսկ իսրայելական մասնագետներ է ուղարկում, ովքեր կառավարում են իսրայելական ԱԹՍ-ները եւ ուղիղ մասնակցություն են ունեցել Արցախի դեմ պատերազմում։ Այդ աջակցությունը դեռ կա եւ շարունակվում է, սակայն Իրանը վերահսկում է իրավիճակը, տեսնում է զենքի տրամադրումն ու մտահոգված է դրանով։ Իրանը բազմիցս զգուշացրել է Ադրբեջանին, որ դրանք սադրիչ գործողություններ են եւ կարող են վտանգավոր դառնալ Ադրբեջանի համար, խնդիր ստեղծել մեր տարածաշրջանի համար։ Բայց նրանք շարունակում են գործողություններն Իրանի դեմ, եւ դա անպատասխան չի մնալու Իրանի կողմից»,- ասաց Հոսեյնին։
Անդրադառնալով Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլահիանի հայտարարությանը, որ եթե Իսրայելը չդադարեցնի Գազայում արյունահեղությունը, ցանկացած սցենար հնարավոր է՝ ընդհուպ մինչեւ այլ ուժերի միջամտություն ու ներգրավում պատերազմին, այդպիսով զգուշացնելով Իսրայելին, որ պիտի դադարեցնի պաղեստինցիների ցեղասպանությունը, ասաց․ «Եթե Իսրայելը չդադարեցնի այն արյունահեղությունը, ցեղասպանությունը, որն իրականացնում է Գազայում, հնարավոր է ավելի մեծ պատերազմ լինի տարածաշրջանում, որովհետեւ եթե միջամտեն իրանական խմբավորումները, որոնք գործում են տարածաշրջանում, ապա դա շատ լուրջ հետեւանքներ կունենա Իսրայելի համար»։

Իրանցի վերլուծաբանը շեշտում է, որ ամեն ինչ կախված է Իսրայելի գործողություններից, եւ Իրանի արտաքին գործերի նախարարը դա է զգուշացնում։ Իսրայելի կողմից հարձակման ենթարկվելու պարագայում Իրանը հարվածներ կհասցնի ոչ միայն Իսրայելին, այլեւ Իսրայելին աջակցած երկրներին կամ տարածաշրջանում Իսրայելի հետ համագործակցողներին, որոնք Իսրայելին թույլ են տվել իրենց տարածքում ռազմաբազա ունենալ կամ հետախուզական գործողություններ իրականացնել։ «Ոչ միայն Իսրայելին է պատժելու, այլ նաեւ համագործակցող երկրներին, եւ Իրանի ռազմական ղեկավարությունը բազմաթիվ անգամներ զգուշացրել է, որ այդ երկրներն Իրանի օրինական թիրախն են դառնալու։ Այսինքն՝ մենք կարող ենք ասել, որ եթե Իրանի ու Իսրայելի միջեւ պատերազմ լինի, Ադրբեջանն Իրանի օրինական թիրախն է լինելու։ Այս մասին Իրանը հստակ հայտարարել է»,-ասաց իրանցի քաղաքագետը։
Իսկ տեղի կունենա Հայաստանի հետ, եթե Իրանին ներքաշեն պատերազմի մեջ, եւ Անդրկովկասը հակամարտությունների թեժ կետի վերածվի։ Հայաստանը պիտի շատ զգուշավոր քաղաքականություն վարի, որովհետեւ ՀՀ անվտանգությունը չափազանց թույլ եւ խոցելի է։ Հայաստանը պետք է աշխատի հակասությունների մեջ գտնվող բոլոր երկրների հետ ու պիտի զգուշանա որեւէ հակամարտող կողմի աջակցելուց՝ դա շատ վտանգավոր կլինի ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար։ Հայաստանը պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարի ու բոլոր խաղացողների հետ հավասարակշիռ եւ կշռադատված հարաբերություններ կառուցի՝ նշում է մեր զրուցակիցը։

«Հայաստանը պետք է պատրաստ լինի պատերազմին, որովհետեւ գլոբալ առումով աշխարհաքաղաքական իրավիճակն է այդպիսին, եւ ամեն ինչ անկանխատեսելի է, եւ ամեն օր հնարավոր է ինչ-որ սպառնալիք լինի տարածաշրջանում, դրա համար Հայաստանի ռազմական ուժը պետք է վերականգնվի։ Հիմա շատ խոցելի է Հայաստանի անվտանգությունը, շատ արագ պետք է այդ ռազմական բալանսը վերականգնել՝ այդ սպառնալիքին դիմակայելուն պատրաստ լինելու համար։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է քիչ վնասներ ստանալ, եթե հակամարտությունների ինչ-որ օջախներ ստեղծվեն։ Նաեւ՝ Հայաստանը պետք է ուժեղ դաշնակիցներ ձեռք բերի, որոնք կանգնած կլինեն Հայաստանի մեջքին, որովհետեւ Հայաստանը չի կարող միայնակ դիմագրավել այն բոլոր սպառնալիքները, որոնք կան։ Պետք է հզոր դաշնակիցներ ունենա, որոնց հետ կհամընկնեն իր շահերն ու անվտանգային հարցերը, եւ կարողանա դիմադրել ցանկացած սպառնալիքի։ Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ պիտի պատրաստվենք պատերազմներին։ Խաղաղությունը բոլորի համար էլ ցանկալի է, բայց եթե իրատես լինենք՝ խաղաղություն ունենալու համար պիտի պատրաստ լինես պատերազմին, որ կարողանաս դիմադրել։ Խաղաղություն կարող է լինել միայն հզոր ու զինված բանակով։ Ինչպես տեսնում ենք, Իրանը՝ տարիներ շարունակ այդքան սպառնալիքների տակ, իր շուրջ պատերազմներով անվտանգ անցավ, որովհետեւ մի խաղաղություն ուներ՝ Իրանի ռազմական ներուժը, որը հզորացրեց ու դրանով կարողացավ հակառակորդին ասել՝ չփորձեք Իրանի դեմ հարձակվել։ Իրանի այդ փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար, որ միայն հզոր ու մարտունակ բանակով կարող է խաղաղություն ակնկալել»,- ասաց Հոսեյնին։

Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության ԳՇ պետ Մոհամադ Բաղերիի՝ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ժամանակ արած հայտարարությանն այն մասին, որ Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը կարող է հիմք դառնալ հակամարտության մեջ նոր խաղացողների ներգրավման, Բաղերին հենց Իրանի՞ն նկատի ուներ, իրանցի վերլուծաբանը նշեց, որ նոր խաղացողներ ասելով՝ նկատի ունի, որ տարածաշրջանում Իրանն ունի զինված խմբավորումներ՝ Եմենում, Սիրիայում, Լիբանանում, Իրաքում եւ այլ երկրներում։ Բնականաբար, նկատի ունի, որ այդ խմբավորումները կարող են միջամտել, որոշ արաբական երկրներ էլ կարող են միանալ մեծ պատերազմի դեպքում եւ պաշտպանել պաղեստինցիների իրավունքները։ Հնարավոր է, որ վերջում էլ Իրանը ներգրավվի այդ պատերազմին։