Բարդ ընտրություն

Բարդ ընտրություն

Այսօր փաստաթղթերը ԿԸՀ հանձնելու վերջին օրն է՝ վաղը կիմանանք, թե որ ուժերն են մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվեն կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների ցուցակները, ապագա պատգամավորների փաստաթղթերը, եւ կթեւակոխենք հաջորդ փուլ՝ փաստաթղթերի ստուգման ու մասնակիցների գրանցման փուլը։ Դատելով նախապատրաստական փուլի իրադարձություններից եւ հավակնորդների արած հայտարարություններից՝ այս անգամ մասնակիցների պակաս չենք ունենա։

Հակառակը՝ թերեւս այս ընտրություններն աչքի կընկնեն կուսակցությունների եւ դաշինքների աննախադեպ քանակով, ինչը մի կողմից լայն ընտրության հնարավորություն է ստեղծում՝ ամեն մեկն իր ճաշակին հարմար թեկնածու գտնելու առումով։ Լավ է նաեւ այն իմաստով, որ ինչքան թեկնածուները շատ են, այնքան քվեարկության գնացողների քանակն էլ մեծ կլինի, եւ անիմաստ էին այն մտավախությունները, թե մասնակցության ցածր տոկոս է գրանցվելու։ Անգամ սոցհարցումների արդյունքներն են արդեն ցույց տալիս՝ ընտրություններին չմասնակցելու որոշում կայացրած անձանց քանակն անշեղորեն նվազում է, եւ դա լավ է։ Բայց մյուս կողմից խիստ մեծանում է այս բազմազանության մեջ չկողմնորոշվելու հավանականությունը։ Առհասարակ՝ երբ շատ մեծ է ընտրությունը, մարդը, որպես կանոն, ավելի վատ է կողմնորոշվում, եւ սխալվելու աստիճանն էլ մեծանում է։ Մանավանդ մեր քաղաքական ուժերն ու գործիչները չեն փայլում ազնվությամբ եւ անկեղծությամբ, ստախոսությունն էլ դարձել է մեր կյանքի անբաժան մասը, ուստի կողմնորոշվել, թե ով է ավելի արժանի, ում գործուղել խորհրդարան, բավականին բարդ է։ Կհասցնե՞ն ընտրողներն այս կարճ ժամանակամիջոցում թացը չորից զատել եւ ճիշտ ընտրություն կատարել՝ վստահ չեմ։