«Մենք կսպասենք, բույսերը չեն սպասի»․Հայաստանում սպասվում է թունաքիմիկատների դիֆիցիտ

«Մենք կսպասենք, բույսերը չեն սպասի»․Հայաստանում սպասվում է թունաքիմիկատների դիֆիցիտ

Այսօր թունաքիմիկատ ներմուծող գործարարները կրկին գնացել էին Սննդի անվտանգության տեսչական մարմնի շենքի մոտ` հանդիպելու պաշտոնյաներին և իրենց դժգոհությունն արտահայտելու այս մարմնի աշխատանքից։ Սա արդեն երկրորդ ակցիան է ՍԱՏՄ-ի մոտ։ Առաջինը՝ մարտի 13-ին էր։ Այն ժամանակ տեսչությունից հորդորեցին գրավոր ներկայացնել խնդիրը։ Հաջորդ օրը գործարարների բողոքը դիմումի տեսք ստացավ և ուղարկվեց վարչապետին, էկոնոմիկայի նախարարին, ՍԱՊԾ։

Հիշեցնենք՝ թունաքիմիկատների ահռելի խմբաքանակներ դեկտեմբերից մնացել են մաքսային պահեստներում և չեն մաքսազերծվում։ ՍԱՏՄ-ն չի թուլատրում, որ դրանք մտցնեն շուկա, քանի որ ՍԱՏՄ պետը հրաման է ստորագրել, որով պեստիցիդ պարունակող թունաքիմիկատ ներմուծողներից պահանջվող փաստաթղթում պետք է արտադրողի վերաբերյալ տեղեկություն նշվի: Արդյունքում հին կարգով բերված բեռները չեն մաքսազերծվենլ, մնացել են պահեստներում, իսկ դրանց տերերը, ահռելի գումարներ են մուծում պահեստավորման համար եւ չեն կարողանում իրացնել ապրանքը։ 

Երեկ գործարարները հերթական գրավոր մերժումը ստացան ՍԱՊԾ-ից։ Թույլտվությունը չի տրամադրվել, որովհետև ներմուծվող պեստիցիդները չեն համապատասխանում ՀՀ-ում գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի տվյալներին։ 
«Նոր չափորոշիչ չեն ընդունել։ Ներքին որոշում է։ Նախկինում թույլ էին տալիս, որ բերենք առանց կոնկրետ երկրի, կոնկրետ գործարանը նշելու, հիմա չեն ուզում թույլ տալ», - ասում է թունաքիմիկատ ներմուծողներից «Ագրո իմպուլս» ընկերության ներկայացուցիչ Լևոն Թերլեմեզյանը: Նա գտնում է, որ այս նոր որոշումը ենթակա է չեղարկման, քանի որ շատ բրենդներ կան, որոնք արտադրվում են ամենատարբեր երկրներում։ Արդյունքում արտադրանքը նույնն է, թեև արտադրողները տարբեր են։ 

«Նրանք կանգնեցրել են ներմուծումը, բայց գյուղատնտեսությունը կանգնեցնել չի կարելի։ Արդեն շատ դեղերի կարիք է զգացվում, որոնք չկան։ Արդեն ծիրանը ծաղկել է, ուշացման հետևանքով հիմա կարտֆիլը կծլի, դրա համար քիմիկատներ են պետք, որ խոտը քիչ լինի, եթե խոտը շատ եղավ, կարտոֆիլը քիչ դուրս կգա։ Կյանքը ցույց տվեց, եթե Հայաստանում մի բան չի արտադրվում, գները բարձրանում են», - ասում է «Նատալի Ագրո» ընկերության գլխավոր գյուղատնտես Սուրեն Ասատրյանը։ 

«Արդեն կա դեղերի դիֆիցիտ։ Բույսերը պետք է ցանվեն, սրսկվեն, բայց չեն սրսկվում։ Ամեն օրը հաշիվ է բոլոր ներկրողների համար։ Անցյալ շաբաթ հավաքվեցինք, մեզ ասեցին, որ մի անգամ էլ դիմում գրենք, մի անգամ էլ գրեցինք, մեզ նորից մերժեցին։  Ամեն արտադրող կարող է մի քանի երկրներում ունենա գործարաններ, բայց նույն արտադրանքն է, նույն ընկերությունն է արտադրողը։ Իսկ մեզ ասում են, այդ ամեն առանձին երկրում արտադրված նույնանման արտադրանքը պետք է գրանցվի։ Մենք տեղեկանք ենք բերել արտադրողից, որ էսինչ երկրների արտադրությունը նույնպես իրենն է։ Բայց մեզ ասում են՝ դա հիմք չէ։ Մեզ թույլ չեն տալիս նույնիսկ նշենք բոլոր այն երկրները, որոնք շվեյցարացի արտադրողը նշել է փաստաթղթում, որը տվել է մեզ, ասում են՝ չի լինի։ Տեղ չկա, մեկ երկիր պետք է գրեք», - ասում է ներմուծողներից Գոհար Դավթյանը։ Ի դեպ, երեկ ՍԱՏՄ ղեկավարները այդպես էլ չցանկացան տեսնել գործարարներին։ Նրանց լսելու ոչ ոք չիջավ։ Ակնհայտ է, որ Հայաստանում սպասվում  է թունաքիմիկատների դիֆիցիտ։ Կամ էլ նոր խաղացողներ են հայտնվել այս շուկայում, որոնց համար անհրաժեշտ է տարածք ազատել։