Հայաստանի այդ քայլը փորձագետները դրական են գնահատում

Հայաստանի այդ քայլը փորձագետները դրական են գնահատում

Բաքվի՝ Հայաստանին ուղղված հերթական մեղադրանքն այն մասին է, որ Հայաստանը ԵԱՀԿ-ում արգելափակել է Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա իրականացված հարձակման վերաբերյալ բանաձևի ընդունումը։ Այս բանաձևի շուրջ քննարկումներն ու բանակցությունները ընթացել են շուրջ երկու ամիս։ Բաքվի հայտարարության համաձայն բանաձևում ցավակցություն էր արտահայտվում զոհվածների ընտանիքներին և հարազատներին ու կոչ էր արվում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել, մեղավորներին պարզել, պատժել ու ճշմարտությունը վերականգնելու համար։

Իրանագետ Գարիկ Միսակյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե հայկական կողմին ուղղված Ադրբեջանի մեղադրանքն իսկապե՞ս հիմնավորված է ու արդյո՞ք հայկական կողմն այս քայլով աջակցություն է ցույց տվել Իրանին եւ Հայաստանի իշխանությունները սկսել են հասկանալ Իրանի կարևորությունը Հայաստանի համար։ Իրանագետն ասաց, որ իր կարծիքով, թե հայկական, թե իրանական կողմերը լավ գիտակցում են միմյանց կարևորությունը։ 

«Հայկական կողմի համար դա այս փուլում առավել կարևոր նշանակություն ունի, քան նույնիսկ իրանական կողմի համար։ Քանի որ Իրանը մեզ համար բավականին դրական դիրքորոշում է որդեգրել նույն Սյունիքի հետ կապված»,-ասաց Միսակյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի՝ ԵԱՀԿ-ին ներկայացրած բանաձևին հայկական կողմի դեմ հանդես գալուն, իրանագետը շեշտեց, որ դա բավականին դրական քայլ կարելի է համարել՝ հատկապես հայ-իրանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

«Միանշանակ  ադրբեջանական կողմը սա պլանավորել էր անմիջապես հենց դեսպանատանը տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ դրանք որակել էր ահաբեկչություն։ Ի հեճուկս նաև այն փաստի, որ նույն իրանական կողմում այս դեպքը բացահայտել էին և անվանել կենցաղային հողի վրա տեղի ունեցած գործողություն․ իսկ այս փուլում, համենայնդեպս, և Իսրայելի աջակցությունն է կարծես թե վայելում Ադրբեջանը, և Թուրքիայի և որոշ արևմտյան երկրների»,-նկատեց իրանագետը։

Գարիկ Միսակյանն ասաց, որ չնայած Արևմուտքում ոչ այդքան միանշանակ հակաիրանական դիրքորոշում են որդեգրել, բայց ամեն դեպքում Իրանում Ադրբեջանի դեսպանատանը տեղի ունեցածը մի հավելյալ գործիք էր Իրանի վրա որոշակի միջազգային ճնշումների բանեցման համար։ Եւ դրանցից մեկը Հայաստանի օգնությամբ, ըստ էության, կանխվել է։