Մեր ընտրանու ամենախոշոր պարտությունը ԱԱ ընտրական մրցախաղերում․ ոչինչ ավարտված չէ

Մեր ընտրանու ամենախոշոր պարտությունը ԱԱ ընտրական մրցախաղերում․ ոչինչ ավարտված չէ

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի 5-րդ տուրի շրջանակում  երեկ Հայաստան ազգային հավաքականը արտագնա խաղում 6-0 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Գերմանիայի ազգային թիմից, ինչի արդյունքում մեր ընտրանին զիջեց առաջատարի դիրքերը J խմբի մրցաշարային աղյուսակում և այժմ զբաղեցնում է արդեն երկրորդ հորիզոնականը։

Գերմանացիները Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից ու վաստակած 3 միավորներից հետո 12 միավորով գլխավորում են աղյուսակը, Հայաստանը մնաց վաստակած 10 միավորով։ Մեր խմբում ընգրկված մյուս հավաքականներից  Իսլանդիան և Հս․ Մակեդոնիան երեկ չպարզեցին հաղթողին՝ 2-2, իսկ Ռումինիայի հավաքականը 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին։ Ռումինիան հաղթանակից հետո արդեն 9 միավոր ունի ու Հայաստանին զիջում է միայն մեկ միավորով։ Վաստակած 8 միավորով Հս․ Մակեդոնիան 4-րդն է, իսկ  Իսլանդիան միայն 4 միավոր ունի ու զբաղեցնում է նախավերջին՝ 5-րդ հորիզոնականը։ J խմբում միայն Լիխտենշտեյնի հավաքականն է, որ ավարտված 5 տուրերից հետո որևէ միավոր չի վաստակել, ուստի եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Այսիպիսով, եթե նախկինում առաջիկա տուրերից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մրցակիցը համարվում էր Հս․ Մակեդոնիան,  Լիխտենշտեյնի դարպասը անպատասխան երկու գնդակ ուղարկելուց հետո ռումինացիները միացան Հայաստանի ու Հս․ Մակեդոնիայի հավաքականներին՝ խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու պայքարում։

Նշենք, որ Կատարում կայանալիք 2022 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորություն են ունենալու ընտրական մրցաշարի խմբային աղյուսակների առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած հավաքականները։

Շտուտգարտում կրած պարտությունը մեր ընտրանու համար աշխարհի առաջնությունների ընտրական մրցախաղերում ամենախոշորն էր ու նաև առաջին ջախջախիչ պարտությունը իսպանացի հանրահայտ մասնագետ Խոակին Կապառոսի գալուց հետո։ Նախկինում աշխարհի առաջնությունների ընտրական տուրերում  մեր ընտրանին  2016 թվականին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում էր խոշոր 0-5 հաշվով  պարտվել ռումինացիներին։

Հատկանշական է, որ մեր հավաքականին արդեն 4-րդ խաղն է, ինչ  չի հաջողվում հաղթանակ տոնել, ավելին՝ դրանցից վերջին երկուսում Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստները չեն կարողանում գոլի հեղինակ դառնալ։ Վերջին անգամ Հայաստանի հավաքականը հաղթել է մարտի վերջին, երբ Երևանում աշխարհի առաջնության ընտրական մրցախաղերի շրջանակում մրցում էր ռումինացիների հետ (3-2):

Նշենք նաև, որ Հայաստանի հավաքականին սպասվող փորձություններն այսքանով չեն ավարտվում։ Ընդամենը երկու օրից Երևանում Հայասատանի հավաքականը հյուրընկալելու է Լիխտենշտեյնին, որի նկատմամբ արդեն իսկ արտագնա խաղում հաղթանակ է տարել։ Սեպտեմբերի 8-ին կկայանան նաև մեր խմբի մյուս հանդիպումները։ Գերմանիան կհյուրընկալվի Իսլանդիային, իսկ Հս․ Մակեդոնիան սեփական հարկի տակը ուժերը կչափի Ռումինիայի հավաքականի հետ։