Ես խուճապի աստիճան վախենում եմ նավթալինի հոտից թատրոնում

Ես խուճապի աստիճան վախենում եմ նավթալինի հոտից թատրոնում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար **Կարեն Ներսիսյանն** արդեն Երեւանում է եւ ստանձնել է իր պարտականությունները։ Երեկ նա հանդիպեց լրագրողների հետ եւ խոսեց իր առաջիկա ծրագրերից, ու թե ինչ կարող է հանդիսատեսը սպասել իրենից։ Ներսիսյանը ներողություն խնդրեց, որ ռուսերեն պետք է խոսի, թեեւ հասկանում է ու կարողանում է հայերեն գրել, կարդալ։



«Իմ խնդիրը մեկն է, որ այս թատրոնը լինի կենդանի եւ ժամանակակից թատրոն։ Ես հիմա հանդիպումներ եմ ունենում դերասանների, կոլեկտիվի հետ, խաղացանկն եմ նայում։ Պետք է նաեւ հասկանանք, որ հիմա մեր առջեւ դրված չէ խնդիր՝ թատրոնը սկսել մաքուր էջից, բայց հասկանալի է, որ թատրոնը կենդանի օրգանիզմ է, եւ երբ այն մի քիչ կանգնում է, սկսում է մահանալ։ Դրա համար թատրոնը պետք է զարգանա, ու շատ բան կախված է հենց գեղղեկավարից։ Այդ առումով ես էներգիայով լի եմ»,- ասաց Ներսիսյանը, ով չցանկացավ կոնկրետ նշել, թե որ գործի վրա է հիմա աշխատում, միայն նշեց, որ մի քանի հեղինակներ կան՝ Շեքսպիր, Մոլիեր, Օստրովսկի, որոնց պիեսներից մեկն առաջիկայում ռուսական թատրոնում կբեմադրի․ «Միանշանակ կարող եմ ասել միայն այն, որ չեմ սկսելու բուլվարային կոմեդիայից, եթե նոր էջ ես բացում թատրոնի պատմության մեջ, ապա պետք է սկսել լուրջ աշխատանքով եւ հասկանալ, թե ինչի ենք մենք ընդունակ»։



Ներսիսյանը նկատում է՝ ամեն ինչ կարելի է անել հանուն կենդանի թատրոն ունենալու․ «Ես իմ կյանքում երբեք հատուկ պրովոկացիոն բեմադրություններ չեմ արել, բայց կարեւորը՝ լինեն այն բաները, որ հանդիսատեսը գա թատրոն եւ իրեն ճանաչի բեմում, իսկ ներկայացումները պետք է լինեն այն մակարդակի, որ հանդիսատեսը բերանը բաց նայի եւ չմտածի, թե ինչ լեզվով է այն, կարեւորը՝ թատրոնը լինի կենդանի, եւ լինի արձագանք։ Այդ առումով լեզուն ինձ համար թատրոնում առաջնահերթ չէ»։



Նորանշանակ գեղղեկավարն ասում է, որ շատ կուզեր դրսից հրավիրել պրոֆեսիոնալ ռեժիսորների, խորեոգրաֆների, նկարիչների, բայց միակ կաշկանդող հանգամանքը ֆինանսն է, որովհետեւ «թատրոնը, մեղմ ասած ,հարուստ չէ ֆինանսական առումով»։ Թե ինչը ստիպեց նրան գալ Հայաստան, Ներսիսյանը կատակով ասաց․ «Ավանտյուրան»։ Ապա հավելեց, որ ի սկզբանե առաջարկը դերասանախմբի մի մասի կողմից է եղել, ինչն իր համար շատ անսպասելի է եղել, միաժամանակ կասկածներ է ունեցել, բայց համարձակվել ու եկել է։ Նոր գեղղեկավարը մշակույթի նախարարի հետ դեռ չի հասցրել հանդիպել եւ հասկանալ նրա սպասելիքները․ «Նրան տեսել եմ միայն լուսանկարներում, բավականին գեղեցիկ կին է, հուսով եմ՝ կհանդիպենք եւ կշփվենք»։



Ինչ վերաբերում է թատերախմբի սպասելիքներին, հատկապես այն հատվածի, ովքեր իր թեկնածությունն առաջ քաշեցին, ապա դեռ ամռանը, երբ եկել է Երեւան, տեսել է նրանց փայլող աչքերը, բայց «եթե հանկարծ մեկը բարձրաձայներ, որ ուզում է խաղալ Համլետ կամ քեռի Վանյա, ես ուղղակի կթեքվեի եւ անմիջապես կգնայի։ Ինձ հենց դուր եկավ այն հանգամանքը, որ բոլորը պատրաստակամ էին, եւ ինչպես առաջ, այնպես էլ հիմա որեւէ մեկի կողմից չի եղել որեւէ ակնարկ»։ Այն հարցին, թե ինչ կարծիք ունի թատրոնի ներկայացումների մասին, հատկապես որ գեղղեկավարի մյուս հավակնորդներից ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն ասում է, որ թատրոնն այն վիճակով, որ կա այսօր, ամոթ կլինի ցույց տալ ռուսախոս հանդիսատեսին, Կարեն Ներսիսյանն ասաց․ «Ես մի քանի ներկայացում եմ հասցրել նայել, եւ ինչ-որ բաներ ինձ դուր եկան, ինչ-որ բաներ՝ ոչ, որոշ բաներ՝ զարմացրին, եւ ինձ թվաց՝ դրանք հեռավոր 70-ական թվականներից են եւ ոչ այնքան կենդանի, բայց, օրինակ, ինձ դուր է գալիս այն, ինչ անում է Նորա Գրիգորյանը․ ժամանակակից շնչառություն կա նրա գործերում։ Ես խուճապի աստիճան վախենում եմ նավթալինի հոտից թատրոնում, դա չի կարող լինել, պետք է նավթալինից օդափոխել թատրոնը։ Ես ընդհանրապես կողմ եմ նրան, որ թատրոնում լինեն տարբեր ներկայացումներ, բայց ամենակարեւրոը՝ չլինեն նավթալինոտ ու ոչ կենդանի»։



Ասուլիսի ողջ ընթացքին հեռվից հետեւում էին թե՛ թատրոնների դերասանները եւ թե՛ բեմադրիչ **Նորա Գրիգորյանը**՝ Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը, ով նույնպես հավակնում էր եւ հայտ էր ներկայացրել գեղղեկավարի պաշտոնի համար։ Նա նորանշանակ գեղղեկավարից ստացած իր տպավորությունները մեզ հետ զրույցում կարճ ձեւակերպեց՝ «շատ դրական», ապա հավելեց, որ շատ է գնահատում, երբ մարդը սիրահարված է թատրոնին, սիրում է աշխատել։



«Իմ ամենագլխավոր նպատակն այն էր, որ հորս մահից հետո թատրոնն էլ ավելի ուժեղ լինի։ Ես առանձին զրույց էլ եմ ունեցել Կարեն Յուրեւիչի հետ, մենք իրար շատ լավ հասկացել ենք, եւ ես շատ դրական եմ տրամադրված իր հանդեպ։ Ճիշտն ասած՝ իր ներկայացումները չեմ տեսել, բայց այն մթնոլորտը, որ ինքն իր շուրջը ստեղծել է, եւ այն առանձին երկխոսությունը, որ մենք ունեցել ենք, ինձ ավելի է տրամադրում աշխատելու, ստեղծագործելու»,- ասաց նա ու հավելեց, որ Ներսիսյանի՝ թիմային ոգի ունենալու գաղափարը դուր է գալիս իրեն։ Չկա՞ նեղվածություն, որ անկախ այն հանգամանքից, որ հայրն իր անունն էր տվել՝ որպես իրեն փոխարինողի, բայց դերասանները եւ թատրոնի տնօրինությունը նախընտրեցին հրավիրյալ ռեժիսորի, Նորա Գրիգորյանն ասաց․ «Բացարձակապես, իմ կյանքի ցանկացած փուլ անցնելու է, դրա համար ես սա ընդունում եմ այնպես, ինչպես որ պետք է ընդունել, ուրեմն այսպես էր պետ։ Եվ հետո՝ հիմա ծանոթանալով իր հետ՝ հասկանում եմ, որ իրենից սովորելու բաներ ունեմ, իսկ դերասանների պահով ոչ մի նեղվածություն չունեմ եւ երբեւիցե անձնականը չեմ խառնում աշխատանքի հետ»։



Նոր նշանակումից հետո իսկապե՞ս բոլորի աչքերն են փայլում։ «Այո, ավելին ասեմ՝ իմն էլ են փայլում, որովհետեւ գեղղեկավար արդեն վաղուց մեզ պետք էր»,- նշեց նա ու հավելեց, որ նույն ձեւով կարող է լինել նաեւ այլ նշանակում, եթե ինչ-որ բան չստացվի։ Այնպես որ՝ դա ցմահ պաշտոն չէ։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**