ՀՀԿ-ի սաբոտաժը եվ կառավարության ձախողումը

ՀՀԿ-ի սաբոտաժը եվ կառավարության ձախողումը
Նոր Ընտրական օրենսգիրքը, որն այդքան ջանում էր անցկացնել կառավարությունը, երեկ տապալվեց։ Օրենսգրքի ընդունման համար՝ որպես սահմանադրական օրենք, անհրաժեշտ էր պատգամավորների թվի 3/5-ը կամ նվազագույնը 63 ձայն, ինչը չապահովվեց։ Կողմ քվեարկեց ընդամենը 56 պատգամավոր, դեմ՝ 3 հոգի։ Իսկ նախագծի քննարկումը, քվեարկությունն ու տապալումն ունեցան բավականին դրամատիկ ընթացք։ Ամեն ինչ ընթացավ նույն սցենարով, ինչ այն ժամանակ էր, երբ ՀՀԿ-ն էր իշխանության, պարզապես դերերն էին փոխվել։ Եթե առաջ ՀՀԿ-ն էր իր ուզած նախագիծը կյանքի գնով անցկացնում, երեկ նույնը փորձեցին անել նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ։



Բայց եթե ՀՀԿ-ին առաջ հաջողվում էր իր ուզածին հասնել եւ իր բերած օրենքներն ուժով անցկացնել, նոր իշխանություններին երեկ դա չհաջողվեց։ Երեկ նրանք ողջ օրը ոտ ու ձեռ ընկած բանակցում, համոզում էին, ով գիտի՝ կոմպրոմատների եւ ճնշումների էին դիմում, որ ՀՀԿ-ականներին շեղեն իրենց գծից եւ քաշեն իրենց կողմ, բայց չհաջողվեց։ Այդ գործին, ինչպես տեղեկացանք, լծվել էր մասնավորապես առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, բայց նրա ջանքերն ապարդյուն անցան։ Ընդամենը 56 հոգի կողմ քվեարկեց։



ԲՀԿ-ից երեք հոգի բացակա էր, եւ որքան էլ Նաիրա Զոհրաբյանը ջանք չխնայեց, այդուհանդերձ, նրան չհաջողվեց ամբողջ ֆրակցիայի ներկայությունն ապահովել դահլիճում։ ՀՅԴ-ից էլ միայն Անդրանիկ Կարապետյանն էր բացակա։ Բայց նույնիսկ եթե ԲՀԿ-ն ողջ կազմով ներկա լիներ, մեկ է՝ ՀՀԿ-ականներից էլի ձայներ էին պետք։ Միայն Ռուզաննա Մուրադյանը եւ Ռուստամ Մախմուդյանն այս անգամ թեքվեցին իշխանության կողմը ու լրացուցիչ 2 ձայն ապահովեցին կառավարության նախագծի համար։



Հետաքրքիր էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի պահվածքը։ Նա մեկ անգամ կարող էր եղած պատգամավորներով անմիջապես հարցի քննարկման ավարտից հետո հայտարարել քվեարկություն եւ տապալել այն, բայց չարեց։ Հարցը զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր եզրափակիչ ելույթի վերջում խնդրեց Բաբլոյանին հարցը քվեարկության դնել 2 ժամ ուշ՝ հույսով, որ կկարողանան դահլիճում ապահովել 63 կողմ պատգամավոր։ Եվ Բաբլոյանը չմերժեց Զեյնալյանին, «որպեսզի ամեն ինչ արդար լինի»։ Սրանով բարի կամք դրսեւորեց՝ թերեւս ցույց տալով, որ իրենք չեն օգտվում առիթից եւ թեպետ դեմ են, բայց թույլ են տալիս, որ իշխանություններն օգտագործեն իրենց բոլոր շանսերը։ Կամ էլ այլ՝ ավելի խորքային ենթատեքստ կար այս ժեստի տակ։



Ամեն դեպքում, նույնիսկ երկու ժամ անց 63 կողմ քվեարկող պատգամավոր չգտնվեց։ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հստակ դեմ դիրքորոշում հայտնեց միայն ՀՀԿ-ն՝ որպես քաղաքական ուժ, որը ներկայացրեց մի քանի փաստարկ, թե ինչու են դեմ։ Արփինե Հովհաննիսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ եթե ժամանակ ունենային այս օրենսգիրքը մանրամասն քննարկելու, հնարավոր է եւ կոնսենսուս լիներ, բայց ժամանակ չեն ունեցել անգամ նորմալ ծանոթանալու փոփոխություններին, որն ընտրակարգի արմատական փոփոխություն է ենթադրում։ Հստակ կողմ էր նաեւ ԲՀԿ-ն, որի առանձին ներկայացուցիչների նյարդերը քիչ էր մնում տեղի տային, եւ հարձակվեին ՀՀԿ-ականների վրա։



Ամենաօրիգինալը ՀՅԴ-ի դիրքորոշումն էր։ Այս քաղաքական ուժը տարիներ ի վեր չի շեղվում իր որդեգրած «սկզբունքային» գծից՝ կողմ ըլլալով՝ դեմ ըլլալ, դեմ ըլլալով՝ կողմ ըլլալ։ Արմեն Ռուստամյանը թե՛ ամբիոնից, թե՛ լրագրողների հետ զրույցում ոգեւորված քննադատեց կառավարությանը՝ հապճեպ նախագիծ բերելու, իրենց առաջարկություններն այդ նախագծում չընդունելու եւ դեկտեմբերին ընտրությունների գնալու համար, բայցեւ հայտարարեց, որ կողմ են այս օրենսգրքին։ «Այսինքն՝ կողմ ենք լույսին, դեմ ենք խավարին։ Այո, ե՛ւ կողմ ենք, ե՛ւ դեմ»,- մեր հարցին ի պատասխան՝ հայտարարեց Ռուստամյանը։ Նախագծի տապալումն Ալեն Սիմոնյանը համարեց ՀՀԿ-ի վերջին վատությունը, թեպետ ՀՀԿ-ն կարող է էլի նույն վատություն անել, եթե կառավարությունը որոշի նախագիծն արտահերթ ռեժիմով բերել խորհրդարան։ Սակայն այդ խնդիրը չի առաջանա, եթե ուժային կառույցներն այս ընթացքում «աշխատեն» ՀՀԿ-ական պոտենցիալ թույլ օղակների վրա՝ «վերբովկա» անեն կամ վախեցնեն։ Դրա մասին ակնարկներ արդեն հնչում են մերձիշխանական ճամբարից։



Կառավարությունը նորից նույն նախագիծը կբերի՞ ԱԺ, դեռ հստակ չգիտեն, բայց նախնական խոսակցություններով՝ կրկին փորձելու մտադրություն կա։ «Ես կարծում եմ՝ կանոնակարգը թույլ է տալիս կառավարությանն արտահերթ ռեժիմով նորից նախագիծը բերել։ Եվ ես կհորդորեմ կառավարությանը, օրինակ, այսօր ժամը 18։30-ին, երբ կավարտվի հերթական լիագումար նիստը, հրավիրել արտահերթ նստաշրջան»,- ասաց ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը։ Նա կարող է հասկանալ քաղաքական բոյկոտը, եթե դրա տակ կա քաղաքական տրամաբանություն, մոտիվացիա, «բայց ես չեմ կարող հասկանալ քաղաքական մանր քինախնդրությունը եւ մանր սաբոտաժը»,-ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ