Թերթերը վերջացան, պատերազմը վերջացավ

Թերթերը վերջացան, պատերազմը վերջացավ
Լավ է, որ թերթով վարդի փունջը փաթաթելը մոդա դարձավ՝ նկուղում կուտակված թերթերն Ավոյի համար պիտանի դարձան: Ավոն հաճույքով էր վարդերը թերթի մեջ փաթաթում, քանի որ դրանց ձեռքը կրակն էր ընկել՝ ամեն մեկում ընկերներից մեկի անունը կար, ամեն մեկն իր՝ նրանց «ոչ պիտանի» լինելն էր հիշեցնում:



_Ավոն պատերազմի տարիներին ցրիչ էր աշխատում, այդ թվերին թերթերը ձեռքից ձեռք էին խլում: Յուրաքանչյուր թերթից մեկական էլ Ավոյին էր հասնում. այդպես խմբագիրների խիղճը մի քիչ հանգիստ էր լինում, քանի որ աշխատավարձ ստանալու հույսը միայն խաղաղության հետ էին կապում: Ավոն խորը կարճատեսություն ուներ, կռվի առաջին իսկ օրերից վազել էր զինկոմիսարիատ, բայց նայելով Ավոյի ակնոցի ապակիների հաստությանն ու դեռ այդ ակնոցի միջից կկոցվող աչքերին՝ գլուխները տարուբերել էին: Այդ օրվանից Ավոն սկսեց ցրիչ աշխատել՝ այն ծածուկ մտադրությամբ, որ մարտից եկող լուրերն առաջինն է կարդալու:_



-Վարդերն ի՞նչ արժեն,- հարցնում է մի տղամարդ:



-Երկարների փունջը՝ 4000, կարճերինը՝ 3000,- պատասխանում է Ավոն ու աչքի տակով նայում տղամարդուն՝ նորմալ էլ հագնված է, ի՞նչ է տատանվում:



«Պատերազմից հետո մարդիկ կարծես գծուծ են դարձել կամ էլ երեւի փողի արժեքը հիմա ավելի լավ են հասկանում՝ ո՞վ իմանա»,- մտածեց Ավոն ու տղամարդուն հարցրեց.



-Ի՞նչ ես ուզում, ախպերս: Ինչքա՞ն փող ունես:



-6000 դրամ ունեմ, բայց ճոխ բուկետ եմ ուզում, կարճերից չեմ ուզում. այսօր մեր ամուսնության 20-ամյակն է, պիտի կնոջս շնորհավորեմ, որ 20 տարի դիմացել է ինձ,- ասաց տղամարդն ու ձեռներն իրար շփեց․ ոնց որ հույս կա՝ երկար վարդերի գինը կիջեցնի:



Ավոն լուռ անցավ գործի՝ երկու փունջ երկար վարդերից վերցրեց ու սկսեց կոթերը մաքրել:



-Ո՞ւմ ջոկատում ես կռվել,- հարցրեց Ավոն:



-Ի՞նչ,- հանկարծակիի եկավ տղամարդը:



-Ասում եմ՝ դեմքդ ծանոթ է: Ո՞ւմ ջոկատում ես կռվել,-տղամարդուն չնայելով ու հարմար թերթ ընտրելով՝ հարցրեց Ավոն:



-Հա, հասկացա, ախպերս: «Սասունցի Դավիթ»-ում էի, Աշոտ Մանուկյանի ջոկատից: Կոմանդոսի հետ ինչ հարսանիք արեցինք լեռներում՝ թշնամին մինչ օրս հաստատ «դհոլ-զուռնայի» ձայնը հիշում է,- ասաց տղամարդն ու սկսեց գրպաններում ծխախոտ փնտրել: Չնայած ժպտում էր, բայց նյարդային դարձավ:



-Իսկ դո՞ւ: Դու է՞լ ես էդ կողմերում կռվել: Ո՞ւմ ջոկատից ես եղել,- հարցրեց Ավոյին:



-Բոլորի, ախպերս, բոլորի ջոկատում կռվել եմ,- հոգոց հանելով՝ ասաց Ավոն ու տղամարդուն մեկնեց ծաղիկների փունջը,- 5000 դրամ տուր, հերիք է:



-Չէ, ախպերս, տեղից արդեն լավություն արեցիր, կնեղանամ, վերցրու էս 6000 դրամը,- պնդեց տղամարդը:



-Բա կռվի դաշտում չե՞ն սովորեցրել՝ վերջին փամփուշտդ քեզ համար պահիր, որ հանկարծ…,- ասաց Ավոն, բայց տղամարդն ընդհատեց նրա խոսքը.



-Չէ, ախպերս, մեր կամանդիրը սովորեցրել էր վերջին փամփուշտի մասին չմտածելով՝ կրակել, բայց այնպես, որ յուրաքանչյուր հաջորդ փամփուշտ նախորդին նախանձի,-ասաց տղամարդն ու գումարը խցկեց Ավոյի վերարկուի գրպանը:



_Լուսադեմին Ավոն թերթերը ձեռքին վազում էր մի կրպակից մյուսը: Ուրախ լուր կար՝ Շուշին ազատագրվել էր: Ավոն այնքան ոգեւորված էր, որ ճանապարհին ում տեսնում՝ լուրն էր ավետում: Որպես մաղարիչ՝ Ավոն հացի ու նպարեղենի կտրոններ ստացավ այդ օրը, իսկ երեկոյան նեգոդնիներով մի կարգին հարբեցին: Մորը գլխաշոր գնած՝ երգելով տուն վերադարձավ, բայց ներս մտնելուն պես մոր հեծկլտոցն ականջին հասավ: Ավոյի եղբայրն էր զոհվել:_



_- Մամ, ոչինչ, հաղթանակի գինն էլ էս է, փոխարենը Արմանի երեխաները խաղաղության մեջ կապրեն,- մորը հույս էր տվել Ավոն ու կծկված մտել անկողին. ամեն զոհված տղայի մասին լուրն առնելուց Ավոյից մի մասնիկ էր պակասում: Ազատագրված գյուղերի մասին լուրերը, ճիշտ է, երջանկացնում էին Ավոյին, բայց տղերքի կորստից արդեն իսկ ծակծկված մարմնի անցքերը չէին լցնում:_



-Էս կարճ վարդերն ի՞նչ արժեն,- հարցնողը սիրունիկ մի աղջիկ էր՝ մեղմ ժպիտով, չարաճճի ու փախչող հայացքով:



-3000 դրամ, բայց քեզ 2500-ով կտամ,- աղջկա ժպիտը տաք էր՝ Ավոյին էլ ժպտալ ստիպեց:



-Հա՞: Շնորհակալություն: Թերթով կփաթաթե՞ք,- ասաց աղջիկն ու սկսեց թերթերը ջոկջկել,- այ, սրանով, կարելի՞ է:



Ավոն նայեց թերթին՝ Արմենակի ջոկատն էր․ հրացաններն ուսերին դրած, բոլորը բեղ-մորուքով, ժպտում են: «Մեզ համար են ժպտում»,- մտածեց Ավոն ու սկսեց ծաղիկները փաթեթավորել:



-Սիրուն դիմագծեր ունեք: Կուզեի նկարել Ձեզ: Լուսանկարիչ եմ: Սա իմ համարն է, եթե կուզեք, զանգեք, եկեք,- ծաղիկները վերցնելուց ասաց աղջիկը, շրթունքները կրծոտելով ժպտաց ու արագ քայլքով հեռացավ:



Ավոյին մի պահ թվաց, թե սրտի զարկերը բոլորը լսում են, հետո հանգստացրեց իրեն. «Երեխուս տարիքին կլինի»:



_Ավոն այդպես էլ չամուսնացավ: Մտածում էր՝ թող կռվից եկած տղերքն իրենց աղջիկ ընտրեն, ինքը, ոչինչ, մի 4-5 տարի հետո կամուսնանա: Ավոն կարծես անհարմար էր զգում իր երջանկությունը կառուցել: Տարիներն անցան, Ավոն սովորեց մենակությանը: Հարցուփորձերին, թե ինչու ընտանիք չի կազմում, միշտ խուսափելով թեմայի ձգվելուց՝ պատասխանում էր, թե ինքն արդեն ընտանիք ունի՝ եղբոր ընտանիքը: Եղբոր երկու աղջիկներին ինքն էր տիրություն անում՝ երկուսն էլ ուսում էին ստացել, աշխատանք գտել: Կանայք Ավոյի կյանքում շատ են եղել, բայց Ավոյի սիրտն ու աչքը հարեւան շենքի Սվետի վրա էր, ով օր օրի կնճռոտվում էր՝ ինչպես Ավոյի սերը: Սվետի ամուսինը չնայած ողջ-առողջ էր վերադարձել կռվի դաշտից, բայց բոլորը գիտեին՝ անկողնում «նեգոդնի» էր դարձել: Սվետը նկատել էր Ավոյի հայացքը, սկզբում չնկատելու տվել, իսկ երկար ժամանակ անց՝ ինքն էլ տոն տվել: Բայց Ավոն այդպես էլ քայլ չարեց՝ Սվետի ամուսինը, ախր, կռված տղա էր:_



-Հոպար, 4000 դրամով կարա՞նք մի հատ փունջ սարքենք,-ծամոնը ճլպացնելով ծամելով՝ հարցրեց օդեկոլոնով լողացած մի տղա:



-Ինչի՞ չենք կարող որ, մանավանդ՝ ոնց որ թե լավ առիթի ես,-խորամանկեց Ավոն ու ձեռքը տարավ թերթին: Ավոն կամուկացի մեջ էր՝ ախր թերթի առաջին էջում Մեղրյանի ջոկատի մասին պատմող լուր էր՝ Մադաղիսն ազատագրել էին տղերքը:- Ասում ես՝ ինչ առիթի ես տանո՞ւմ, որ իմանամ ինչ գույնի ժապավեն կապեմ:



-Հա, լավ առիթ ա՝ ընկերուհուս պտի սիրո առաջարկություն անեմ, այսինքն՝ ամուսնության առաջարկություն: Հենա, երեկ վաեննի բիլետս տվեցին, մի փեշ փող էինք տվել: Էսօր էլ ընկերուհուս առաջարկություն անեմ, արագի մեջ պսակվենք ու գնանք էս երկրից: Ընկերներիցս մեկն Ամերիկա ա, կանչում ա, ասում ա՝ ընդեղ ինչն ա շատ՝ գործն ու փողը: Մենք էլ աշխատող տղա ենք, էլի, հոպար ջան, բայց դե ստեղ չենք ձգում,- ոգեւորված ասաց տղան:



Ավոն թուքը կուլ տվեց ու սկսեց վարդերը փաթաթել թերթի մեջ: Կարմիր ժապավենով փաթաթեց ծաղիկների ծայրը ու փունջը մեկնեց տղային.



-Լավ էլ առիթ ունես, էս էլ իմ կողմից նվեր: Փող չտաս, թե չէ կնեղանամ,- ասաց Ավոն ու տեսնելով, որ տղան ուզում է ընդդիմանալ՝ հավելեց,- հորս արեւ՝ կնեղանամ: Կարգին տղա ես երեւում, բա էդ աղջիկը քո առաջարկը չընդունի՝ ո՞ւմն ընդունի: Ծաղիկները որ ընկերուհուդ նվիրես, ասա թող թերթը հիշատակ պահի, հետո կբերի օդանավակայան, ինքնաթիռի մեջ կկարդաք՝ ժամանակը կանցնի:



_Ավոյի ընկերները՝ զույգեր Կարոն ու Սարոն, Մադաղիսն ազատագրելու ժամանակ էին զոհվել: Տղաների մահվան մասին լուրն առնելուն պես տարեց հայրը՝ Սարգիս հայրիկը, գնացել էր Արցախ: «Նրանցից երկուսին սպանեմ, սիրտս հովանա, տղերք»,- աղիողորմ ձայնով ասել էր Սարգիս հայրիկն ու դողդողացող ձեռքերով վերցրել ավտոմատը: Ծերունու ձեռքերը շատ էին դողում՝ փամփուշտները փուստ էին գնում: Սարգիս հայրիկի` գնալով ավելի վհատվող դեմքը տղերքի սիրտը հալումաշ էր անում: Օրեր անց տղերքը խորամանկության էին դիմել. նշանառուներից մեկը պետք է Սարգիս հայրիկին զուգահեռ թաքնված կրակեր: Ասում են՝ Սարգիս հայրիկն էլ էր գլխի ընկել, որ հակառակորդի 2 զինվորներն էլ ո՛չ իր գնդակից զոհվեցին, բայց չիմանալու էր տվել:_



-Ի՜նչ սիրուն վարդեր են, ի՞նչ արժեն,- ցրտից կարմրած քթով ու այտերով տարեց կին էր հարցնողը:



-Երկարները Ձեզ 3000-ով կտամ, մայրիկ ջան: Ցուրտ է, ծաղիկները թանկացել են,- ասաց Ավոն:



-Հիմա ի՞նչը չի թանկացել, տղա ջան, մեռնելն էլ է թանկացել: Մի փունջ տվեք,- ասաց կինը ու սկսեց պայուսակը քրքրել, ինչ-որ խորքերից դրամապանակը հանել:



Վերջին թերթն էր մնացել: Գետաշենի ինքնապաշտպանության մասին կցկտուր ինֆորմացիա էր տրվում: Ավոն երկու տող հասցրեց կարդալ. զգացվում էր՝ զգույշ են գրում՝ ո՛չ հույս են տալիս, ո՛չ էլ վատն ակնարկում: Կինը նկատեց Ավոյի դանդաղկոտությունն ու դրա պատճառը եւ ինքն էլ աչք գցեց թերթի վրա:



-Գետաշե՜նը: Աջից երրորդն ամուսինս է: Զոհվեց,- ասաց կինն ու հոգոց հանեց:



Ավոն նկատեց՝ կնոջ աչքերը խոնավացան, բայց նա բացակա հայացքով ժպտում էր՝ ամուսնու հետ կապված ինչ-որ բան էր հիշել:



Ծաղիկները վերցնելիս կինն ամուր սեղմեց Ավոյի ձեռքը.



-Ծաղիկներն աղջկաս եմ տանում՝ աչքալուսանք է թոռանս համար, բարով-խերով ծառայել ու վերադարձել է:



_Չեղած բան էր, ասես, թերթերի վերջանալը, Ավոյի նկուղի դատարկությունը, այդ օրը մինչեւ ուշ գիշեր շրջմոլիկի հետ հարբելն ու հետո Երեւանը չափչփելը, ընկնելն ու ճակատը պատռելը, անցորդներից մեկի՝ վերքին դրված թաշկինակից եկող օծանելիքի նուրբ բույրը, գլորվելով տուն վերադառնալն ու մորը քնից հանելն ու գոռգոռալը. «Մամ, թերթերը վերջացան, հուշերը վերջացան, պատերազմը վերջացավ»:_



**Կարինե Հարությունյան- արձակագիր, լրագրող**



**Հրապարակ մշակութային հավելված**