Շիրակի մարզպետին ղեկավարում է Լևոն Բարսեղյա՞նը

Շիրակի մարզպետին ղեկավարում է Լևոն Բարսեղյա՞նը
Օրերս լրացավ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի պաշտոնավարման 100 օրը: Երիտասարդ մարզպետը որոշ նախաձեռնություններով է հանդես եկել, բայց մարզում պտտվող խոսակլցությունների համաձայն, նրան հաճախ ուղղորդում, խորհուրդներ է տալիս, կադրային քաղաքականությունը որոշում է «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ոմանք կարծում են, որ մարզը դե ֆակտո կառավարում է հենց նա եւ զարմանում են, թե ինչու Նիկոլ Փաշինյանը հենց նրան մարզպետ չնշանակեց:



Այս խոսակցությունների հետ կապված Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը **hraparak.am**-ին ասաց. «Բացառվում է, չկա նման բան: Պարզ ասեմ՝ ես պարոն Բարսեղյանի հետ շփվում եմ միայն Շիրակի պետական համալսարանի խորհուրդի շրջանակներում, որի անդամ եմ նաև ես, իսկ Բարսեղյանը հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Մեր մեջ շատ լավ հարաբերություններ կան, բայց ինչ-որ քաղաքական առումով շփումներ եւ հատկապես մարզպետարանի աշխատանքի, չկա, էլ ուր մնաց ինքը որևէ հարցում միջամտի կամ այլն »,-ավելացրեց մարզպետը՝ նշելով, որ նորմալ է վերաբերում տարատեսակ խոսակցություններին:



Լևոն Բարսեղյանի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց. ցանկալի էր լսել նաև նրան: Նշենք, որ իշխանափոխությունից հետո Շիրակի մարզում ամենից շատ քննարկվում է մարզպետի հարցը: Շրջանառվեցին բազմաթիվ անուններ՝ հեղափոխության առաջամարտիկներից մինչև Լևոն Բարսեղյան, ով իշխանափոխության գործում իր ներդրումն էր ունեցել: Թեպետ Բարսեղյանն անձամբ քանիցս նշել էր, որ մարզպետ դառնալու ցանկություն չունի եւ առհասարակ հակված չէ որևէ պաշտոնի:



**Արևիկ Հակոբյան**