Ժամանակակից թուրքական արձակը․ I

Ժամանակակից թուրքական արձակը․ I
Ժամաակակից թուրքական արձակն հայտնի է իր դեմոկրատական եւ մարդասիրական միտումներով։ Թուրքիայի առավել տաղանդավոր հեղինակները իրենց ստեղծագործություններում պատմում են իրական կյանքի մասին։ Կյանքը իր բուռն եռունությամբ, չարի եւ բարու սուր բախումներով, արդարությունն ու ճնշվածությունը, գեղեցկությունն ու տգեղությունը պատկերված են այնտեղ։



Թուրական արձակի առանձնահատկություններից մեկը ավանդական կերպարների, սյուժեների եւ ժողովրդական բանահյուսության ձեւերի լայն եւ վերաիմաստավորված կիրառությունն է։ Դա օգնում է ժողովրդական զանգվածների գիտակցությանը հասցնել նոր գաղափարները, որոնք թելադրված են ժամանակակից կյանքի պայմաններով։ Ժամանակակից թուրք նշանավոր պոետ Օրհան Վելին գրում է այս առնչությամբ․ «Ժամանակակից թուրքական պոեզիան պատմում է ժողովրդին ժողովրդի մասին»։ Այս խոսքերը լիովին կարելի է աղերսել նաեւ ժամանակակից թուրքական արձակին։ Դրանց ճշմարտացիության մեջ կարելի է համոզվել կարդալով Քեմալ Բիլբաշարի «Ջեմոն», Յաշար Քեմալի «Լեգենդ սարի մասին», «Ջենգիզ Թունջերի «Բռնագանձված հողը» գործերը։



Ինչն է միավորում արդյոք այս գործերին։ Նախ այն իրականությունը չընդունելու ոգեւորությունը, որը եղծում է մարդկային անհատականությունը, ոտնակոխ անում մարդկային արժանապատվությունը։ Հերոսներից յուրաքանչյուրն իր ճանապարհով իր վերջո հասնում է նրան, որ սկսում է բացահայտ պայքար ծավալել, զինված ապստամբության դիմել կյանքի եւ այս աշխարհի՝ գոյություն ունեցող դրվածքի դեմ։ Վառ անհատականությունը, հպարտ եւ ուժեղ բնավորությունը իրադարձությունների զարգացման տրամաբանության ուժով կանգնում է երկընտրանքի առաջ՝ կամ ենթարկվել հանգամանքներին եւ հաշտվել իրականության հետ, փոխել սեփական ես-ն ու մահանալ որպես անհակատականություն, կամ պայքարել։ Հենց այդ վառ անհատականություն լինելն է, որ օգնում է Ահմեդին Յաշար Քեմալի մոտ, կամ Հասանին Ջենգիզ Թունջերի մոտ, կամ Մեմոյին Քեմալ Բիլբաշարի մոտ, կրավորական կեցվածք չընդունել, չլինել հարմարվողական եւ չհաշտվել ստրուկի խղճուկ գոյությունը քարշ տալու հեռանկարի հետ։ Այս հերոսները մարմնավորում են մի ողջ հավաքականության, կամ ժողովրդի մեջ եղած դրական կողմերը։



Ուշագրավ է, որ հավաքականության լավագույն հատկանիշների խտացումը մեկ հերոսի մեջ եւ անձնավորումը ժողովրդական բանահյուսության հնագույն ավանդույթներից է։ Հիշենք թեկուզ հսկաներին, որոնք ժողովրդին են օգնում։ Նրանց մի ամբողջ պատկերասրահ է ստեղծվել բանահյուսության մեջ։ Դրանցում են իրենց առավել լիարժեք արտահայտությունը գտնում սոցիալական արդարությունը։



Վաղ-թյուրքական առասպելներում՝ «Մանասում» եւ «Քորքուդ պապիս գրքում», հսկան միայնակ մարմնավորում է ողջ ժողովրդին։ Նա պաշտպանում է իր ազգակիցներին եւ ցեղակիցներին հեքիաթային հրեշներից, օտարերկրացի թշնամիներից։ Սովորաբար հսկաները հին թյուրքական առասպելներում պայքարում են արտաքին թշնամական ուժերի դեմ, առանց բախման գնալու երկրային տիրակալների հետ։ Իսկ եթե նմանատիպ բախումներ էլ լինում են, ապա դրանք կրում են, սովորաբար, անձնական եւ ոչ թե սոցիալական բնույթ։ Դա հասկանալի է, ի վերջո, քանի որ առասպելները ծնունդ են առել հասարակության նախնական կարգերի ժամանակ, երբ սոցիալական բախումները դեռեւս հստակ ձեւավորված կամ սահմանված չէին։



Առասպելը ժողովրդի պատմական կյանքի գեղարվեստական ընդհանրացումն է։ Ժամանակի ընթացքում նրանում ի հայտ են գալիս նոր գաղափարներ, նոր հերոսներ, իրադարձություններ, դրվագներ, որոնք միահյուսվում են նախահիմքին։ Առավել ուշ շրջանի առասպելներում, երբ արդեն սահմանված եւ ձեւավորված էին սոցիալական բախումները, եւ ավելի որոշակիացված, ի հայտ են գալիս ապստամբ հերոսները, աղքատների եւ ճնշվածների պաշտպանները, ովքեր պայքարում են ընդդեմ մեծահարուստների կամ իշխանավորների կամայականությունների։ Այսպիսին է թյուրքական ամենից հայտնի առասպելներից մեկի՝ «Քյորօղլուի» հերոսը։ Նա հայտնի է բազմաթիվ թյուրքական եւ մյուս ժողովուրդների մոտ եւ յուրաքանչյուր ժողովրդի ներսում հերոսն իր յուրատեսակ մեկնաբանությամբ է ներկայացվել, ինքնահատուկ սյուժետային գծերով, դրվագներով ու կերպարներով, սակայն ամենուր գերակշռում են աղքատների պաշտպանի եւ արդարության համար մարտիկի գծերը Քյորօղլուի մոտ, իսկ հեքիաթային Չամլըբել երկիրը այն երազանքների երկիրն է, որտեղ յուրաքանչյուրը զինվոր է եւ աշխատավոր։



(շարունակելի)







**Գ․ Ա․ Գորբատկինա**