Բարիշենք, բարիշենք, 1000 տարի չկռվենք․ փաստաբանները հաշտվել են, քրգործը՝ կարճվել

Բարիշենք, բարիշենք, 1000 տարի չկռվենք․ փաստաբանները հաշտվել են, քրգործը՝ կարճվել
Անցած տարի փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է։ Պարզվում է՝ փաստաբան Արմեն Սողոմոնյանը, որը ծեծկռտուքի ժամանակ մարմնական վնասվածքներ էր ստացել, դատարանում հաշտվել է իր վրա հարձակված փաստաբաններ Սիմոն Բաբայանի, Արսեն Հարությունյանի եւ մյուս փաստաբանների հետ։



Սողոմոնյանը մեր հեռախոսազանգերին չպատասխանեց, իսկ Արսեն Հարությունյանը **«Հրապարակ»**-ի հետ զրույցում չմանրամասնեց, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեկուկես տարի հետո հաշտվեցին, միայն նշեց, որ հաշտվել են, ինչը շատ լավ է․ «Տիգրան Աթանեսյանի մասով չի եղել, այսինքն՝ չկար խնդիր հաշտվելու եւ չհաշտվելու մասով։ Ինքը դատավարության մեջ վկայի կարգավիճակ ուներ, իր նկատմամբ որեւէ մեղադրանք չի պարունակել։ Իսկ հաշտության մանրամասները թողեք չհայտնեմ, հաշտվեցինք, լավ չի՞։ Էդպես ստացվեց, ինձ թվում է՝ ամենաճիշտ տարբերակն էր։ Շատ ավելի լավ կլիներ՝ ավելի շուտ լիներ էդ ամեն ինչը, բայց էդպես ստացվեց»։



Հարցին՝ փորձելո՞ւ են հաշտության ձեռք մեկնել նաեւ Տիգրան Աթանեսյանին, մեր զրուցակիցը նշեց․ «Դե, եթե լիներ, ինքներդ տեսաք ամբողջ լրահոսը, այդ պայմաններում հնարավոր կլինե՞ր, կարծում եմ, որ ոչ»։



Իսկ Տիգրան Աթանեսյանը բողոք է ներկայացրել Սիմոն Բաբայանի, Արսեն Հարությունյանի, Վրեժ Խաչիկյանի և Գևորգ Մկրտչյանի դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ, այն արդեն քննվում է դատարանում։



Իսկ տեղի ունեցած հաշտությանը Աթանեսյանը արձագանքել է․ «Էն որ ասում են, «հաշտությունը» գանձ է։ Տեսնես կարգապահականները ջրվեցի՞ն, թե՞ ոնց։ Ով ինչ անի, իրեն կանի, դե ես էլ եմ փաստորեն իմ այս տարիքում մարդկանց մեջ սխալվում»։



Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 27-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի էին ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանը: Փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՔՕ-ի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով:



Հաղորդումներ էին ներկայացրել նաեւ միջադեպի մյուս մասնակցիները՝ Սիմոն Բաբայանը, Արսեն Հարությունյանը, Վրեժ Խաչիկյանը։ Այդ հաղորդումների հիման վրա ևս մեկ քրեական գործ էր հարուցվել նույն հոդվածով:



**Աննա Պապիկյան**