Կա՛մ պետք է «Վեոլիան» դուրս գա երկրից, և Հայաստանը փոխհատուցում վճարի, կա՛մ կդիմեն միջազգային ատյաններին

Կա՛մ պետք է «Վեոլիան» դուրս գա երկրից, և Հայաստանը փոխհատուցում վճարի, կա՛մ կդիմեն միջազգային ատյաններին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքները և դատապարտում է իրավիճակի ապակայունացմանն ուղղված արշավը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ընկերության տնօրեն Քրիստիան Լըֆեն։ Նա նշեց, որ իրենց դեմ արշավ է իրականացվում, անհիմն մեղադրանքներ են ներկայցվում իրենց՝ առանց հաշվի առնելու անմեղության կանխավարկածի սկզբունքը։



Նշենք, որ ՀՀ ոստիկանությունը իր պաշտոնական կայքէջում զետեղել էր տեղեկատվություն, ըստ որի՝ «Վեոլիա ջուր» ընկերության երեք ղեկավար անձինք ներգրավված էին եղել ներհիմնարկային կոռուպցիոն գործողություններում, իսկ երկու այլ ղեկավար անձինք էլ կաշառել են ՀՀ ՀԾԿՀ-ին՝ ջրի սակագնի բարձրացման նպատակով, վերջինիս ներկայացուցիչներին աշխատանքային այցով Ֆրանսիա հրավիրելու միջոցով: Քրիստիան Լըֆեն ասաց, որ ՀԾԿՀ-ի աշխատակիցներին իրենց միջոցներով Փարիզ տանելը որևէ առնչություն չունի սակագնի բարձրացման հետ, քնաի որ սակագնի բարձրացումը նախատեսված է կառավարության հետ կնքած պայմանագրով, և ՀԾԿՀ-ն այստեղ որևէ կերպ չի կարող միջամտել։



Լըֆեի խոսքով՝ ՀԾԿՀ աշխատակիցների Փարիզ այցը եղել է ճանաչողական և փորձի փոխանակման նպատակով, որտեղ նրանք ծանոթացել են, թե ինչպես է աշխատում «Վեոլիա ջուրը» Ֆրանսիայում, ինչ տեխնոլոգիաներ է կիրառում և այլն։ Ի դեպ, Քիստիան Լըֆեն հայտնեց, որ ՀՀ կառավարության հետ 2016 թվականին կքնած պայմանագրով՝ Հայաստանի կառավարությունը պարտավորվել է 5 տարվա ընթացքում 200 մլն դոլար ներդրում իրականացնի ջրամատակարարման ցանցի արդիականացման համար, բայց մինչ օրս որևէ ներդրում չի իրականացվել։ «Ի վերջո, երբ վերլուծում ենք սակագինը, և այն գումարները, որը մենք կարողանում ենք ետ բերել սակագնի միջոցով, դուք կարող եք նկատել, որ կառավարությունը պարզապես ջրամատակարարման ծառայության վերաբերյալ վատ վերաբերմունք է ցուցաբերում։ Մեր եկամտից 50 տոկոս պարզապես մենք վերադարձնում ենք կառավարությանը։ Այդ գումարները ուղղակիորեն գնում են պետական բյուջե և ոչ մի ձևով այնուհետև չեն ներդրովում ջրային ոլորտում։



Ակնհայտ է, որ նման ստեղծված իրավիճակում անհնար է վարձակալության պայմանագրով ֆիքսված առաջադրանքներին հասնել, ինչը ես արդեն արդեն բազմիցս բացատրել եմ»,-ասաց պարոն Լըֆեն։ **Hraparaka.am**-ի հարցին, թե իրենք այս ընթացքում (իրենց դեմ ծավալվող արշավից առաջ կամ հետո) փորձե՞լ են հանդիպել վարչապետի կամ կառավարության ներկայացուցիչների հետ և փորձել հարթել խնդիրը, Քրիստիան Լըֆեն ասաց, որ վարչապետի հետ՝ ոչ, բայց հանդիպել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի հետ։ Եվ տիկին Գաբայանը, ըստ նրա, հրաժարվել է կատարել պայմանագրով նախատեսված կետերը, այս դեպքում՝ սակագնի բարձրացումը։ Իսկ սակագինը պետք է մինչև 2021 թվականի ամեն տարի որոշ չափով բարձրանա, ապա նույն սկզբունքով իջնի։



«Ակնհայտ է, որ երբ ՀՀ կառավարությունը հավատարիմ չի մնում վարձակալության պայմանագրին, և որոշում է միակողմանի ձևով վերոհիշյալ պայմանագրի կարևորագույն դրությներից մեկը պարզապես չկիրառել, խոսքը այս պարագայում վերաբերում է սակագնի ձևավորման դրույթին, ապա այս դրսևորմամբ վերջինս պարզապես կստեղծի բոլոր այն հանգամանքները, երբ մենք պարզապես հարկադրված կլինենք փաստել, որ պայմանագրի մյուս կողմն այլևս հավատարիմ չի մնում պայմանագրի պարտավորություններին։ Այդ պարագայում արդեն մենք ստիպված կլինենք դիտարկել, որ այդ պամանագիրն այլևս գոյութուն չունի։ Այդ դեպքում արդեն երկու լուծում է առաջ քաշվում՝ կա՛մ պետք է «Վեոլիան» դուրս գա երկրից, և այս դեպքում Հայաստանը պետք է արդեն անպայման փոխհատուցում վճարի «Վեոլիա ջրին», կա՛մ, եթե չկարողանանք գալ ընդհանուր հայտարարի, ապա մենք արդեն ստիպված կլինենք դիմել միջազգային բարձր ատյաններ»,-ասաց Քրիստիան Լըֆեն։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**