Մարզպետի խորհրդականից՝ քաղաքապետի խորհրդական

Մարզպետի խորհրդականից՝ քաղաքապետի խորհրդական
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո մարզպետարանում կադրային փոփոխությունների անցավ: Առաջինն աշխատանքից ազատվեցին հայեցողական պաշտոններ զբաղեցնողները: Աշխատանքից ազատվեց նաև մարզպետի մշակույթի գծով խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը: Նա Շիրակի մարզպետարանում աշխատում էր 1996թ-ից՝ զբաղեցնելով մշակույթի բաժնի պետի պաշտոնը:



Մարզպետի խորհրդական էր 2009թ-ից եւ կարողացել էր լեզու գտնել բոլոր մարզպետների հետ ու աշխատել համերաշխ: Նրան աշխատանքից ազատեցին որպես թոշակառու եւ պատճառաբանեցին, որ առողջական վիճակը չի ներում: Պարզվում է, սակայն, մարզպետի՝ թոշակառու, նախկին խորհրդականն ի վիճակի է աշխատելու քաղաքապետարանում՝ ստանձնելով քաղաքապետի խորհրդականի պաշտոնը:



Օրերս Գյումրիում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Հասմիկ Կիրակոսյանը՝ այս անգամ ներկայանալով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի խորհրդական։



Ի դեպ, նախկինում քաղաքապետի խորհրդականը Սամվել Բալասանյանի որդու մտերիմ Սահակ Սահրադյանն էր, ով աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց 2016թ-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ եւ ստեղծեց «Գյումրեցու ոգի» կուսակցությունը՝ նպատակ ունենալով ընտրություններին այդկերպ սատարել գործող քաղաքապետին: Սահրադյանից հետո քաղաքապետը կարծես յոլա էր գնում առանց խորհրդականի եւ այդ պաշտոնը տևական ժամանակ է՝ թափուր էր:



Քաղաքապետարանի պաշտոնական կայքում դեռևս նշված չէ Հասմիկ Կիրակոսյանի անունը, ինչպես նշված չեն Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի եւ Շինարարության և հողի վերահսկողության բաժնի պետերի անունները: Նշված բաժինների պետերը աշխատանքից ազատվել են վերջերս:



**Արևիկ Հակոբյան**