Փաշինյանի շրջապատը կոչ է անում ռուսներին քշել Հայաստանից․ Politobzor.net

Փաշինյանի շրջապատը կոչ է անում ռուսներին քշել Հայաստանից․ Politobzor.net
Այն բանից հետո, երբ Հայաստանում, ընդ որում բավական մեծ արագությամբ, տեղի ունեցավ իշխանափոխություն, որը նույնիսկ չկարողացավ ձեւավորվել որպես գունավոր հեղափոխություն, նոր կառավարությունը սկսեց ընդգծված կերպով արեւմտամետ քաղաքականություն որդեգրել եւ երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արեւմուտք ուղղել։ Հայաստանյան ինֆորմացիոն դաշտում էլ նույնիսկ հայտնվեցին կոչեր՝ ռուսներին ստիպել, որ հանեն 102-րդ ռազմական բազան Հայաստանից։



**Լավ պլանավորված ակցիա**



Օրերս ֆեյսբուքյան հարթակում ակտիվորեն պտտվում է մի էջ, որը կոչ է անում վտարել Հայաստանից ռուս զինվորականներին եւ դադարեցնել ռուսական 201-րդ բազայի գործունեությունը Հայաստանում։ Միաժամանակ ցանցում հայտնվեցին նաեւ Ռուսաստանի նախագահի ծաղրանկարները։ Միաժամանակ էջը գովազդում է նաեւ մի գրառում, որտեղ բացահայտ կերպով վարկաբեկվում են այն բոլոր մասնագետները, որոնք տարիներ առաջ ռուսական բազայի համար իրենց ծառայություններն են մատուցել։ Մարդկանց համարյա ազգի դավաճան են հայտարարում այն բանի համար, որ օրինական կերպով համագործակցել են ռուսական բազայի հետ։ Հաշվարկի հիմքում այն է, որ զանգվածային լրատվամիջոցները տիրաժավորեն էջի բովանդակությունը, իսկ ռուսներին Հայաստանից արտաքսելու գաղափարն էլ ինքնին տարածվի ժողովրդի մեջ։



**Ով է պատվիրատուն**



Նման լուրի շրջանառության մեջ դնելը կամ սոցկայքային հարթակում նման կոչի տարածումը նույն ձեռագիրն ունի ԱՊՀ տարածքի ամեն մի պետությունում գործող ընդդիմությունների հետ, որոնք այս պահին արդեն իշխանություն են Հայաստանում։ Բացի այդ, պետք է ուշադրություն դարձնել, թե ովքեր են այդ ամենի տիրաժավորմամբ զբաղվում։ Հիմնականում Սորոսի հիմնադրամից սնվողները, նրանք, ովքեր մասնակցում էին Երեւանի «մայդանին» եւ որոնք սպառնում էին պատգամավորներին, եթե նրանք Փաշինյանի օգտին չքվեարկեն, որպեսզի նա դառնար վարչապետ։



**Եկեք մեղադրենք Ռուսաստանին**



Փաշինյանը դեռեւս բավական կոկիկ է գործում։ Չնայած որ նա գունավոր հեղափոխության արդյունքում Արեւմուտքի աջակցությամբ եկավ իշխանության, սակայն չի շտապում միանգամից քննադատել Կրեմին եւ հայտարարել, որ Հայաստանը Եվրոպա է եւ կիրառել այն ավանդական շաբլոնային լոզունգները, որոնք օգտագործվել են արդեն Ուկրաինայում եւ Վրաստանում։ Պատճառը պարզ է։ Հայաստանը անվտանգային առումով հիմնականում կախված է Ռուսաստանից, եւ ժողովուրդը դա հասկանում է հիանալի կերպով։ Այդ է պատճառը, որ միայն հիմա ի հայտ եկան քննադատությունները ռուսական ռազմական բազայի հասցեին, որոնք շատ զգուշավոր կերպով առաջ են մղվում։ Հնարավոր է առաջիկայում ինչ-որ հարձակումներով մամուլը փորձի սեւացնել Ռուսաստանին, լինեն այլ սադրանքներ։ Նպատակը մեկն է, ամեն բան անել Ռուսաստանից հեռանալու համար։ Իհարկե հասկանալի է նաեւ, որ Երեւանի համար այդ ամենը կարող է վատ հետեւանքներ ունենալ, թեեւ Փաշինյանին դա քիչ է հետաքրքրում։



**Politobzor.net**