Որ Մարտի 1-ը պետք է բացահայտվի, չեմ կասկածում․ Ալիկ Սարգսյան

Որ Մարտի 1-ը պետք է բացահայտվի, չեմ կասկածում․ Ալիկ Սարգսյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ՀՔԾ-ում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և Յուր Խաչատուրովի՝ Մարտի 1-ի գործով հարցաքննությունը։



Մինչ լրագրողները սպասում էին, թե երբ պետք է դուրս գա Խաչատուրովը, ՀՔԾ եկավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապես Ալիկ Սարգսյանը։ Հիշեցնենք՝ նա հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՔԾ։ Նրա խոսքով՝ Մարտի մեկը անպայման բացահատվելու է, ինքը չի կասկածում․



«Դե թող քննությունը պարզի, որ Մարտի 1-ը պետք է բացահայտվի, չեմ կասկածում, բայց թե ով ինչ մասնակցություն ունի, քննությունը ցույց կտա, ամեն ինչ կպարզաբանվի»։



Ալիկ Սարգսյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի վերջին շրջանում տեղի ունեցող աղմկահարույց բացահայտումների մասով, ինչպե՞ս է պատահում, որ երկրում տեղի է ունենում իշխանափոխություն, որին անմիջապես հետևում են օրինապահ մարմինների բացահայտումները․



«Շատ նորմալ եմ վերաբերվում, որ բացահայտումներ են արվում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ես հայտարարել եմ ու հիմա էլ պնդում եմ՝ ամեն մարդ իր արածի համար պետք է պատասխան տա»։



Հարցրինք, թե մինչ այս քաղաքական կա՞մքն էր բացակայում․



«Դե, միգուցե, գնահատականը թողնում եմ ձեզ, ես չգիտեմ ,թե ինչն է պատճառը, որ չէր բացահայտվում»։



Ալիկ Սարգսյանին հարցրինք նաև, թե ինչ կասի շրջանառվող լուրերի մասին, ըստ որոնց՝ ինքը մոտ ապագայում պատրաստվում է լքել Հանրապետական կուսակցությունը․



«Ես ասել եմ՝ աշնանը իրադարձությունները ինչպես կզարգանան, ես կորոշեմ ԱԺ-ում իմ հետագա գործունեությունը՝ կմնա՞մ, թե՞չէ, ես կուսակցությունից չեմ ասել։ Կուսակցությունը լքելու մասին առայժմ որևէ բան չեմ որոշել՝ զուտ հանրահայտ օրենքից ելնելով»։