ՀՀԿ-ն էլ չի կողմնորոշվել Երեւանի ավագանու ընտրությունների հարցում

ՀՀԿ-ն էլ չի կողմնորոշվել Երեւանի ավագանու ընտրությունների հարցում
Թեեւ Երեւանի ավագանու ընտրություններին շատ ժամանակ չի մնացել, բայց տարիներ շարունակ քաղաքական լուրջ գործընթացներից դուրս մղված, միայն առանձին դեպքերում ԶԼՄ-ներում իրենց տեսակետները բարձրաձայնող քաղաքական ուժերի առջեւ ծագել է համլետյան հարցը՝ մասնակցե՞լ Երեւանի ավագանու ընտրություններին, թե՞ ոչ։ Եվ եթե մասնակցեն, ապա ինչ ցուցակով են մասնակցելու, ինչ ռեսուրսներով, ում են պատրաստվում առաջադրել որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու։ Եթե դա հասկանալի է «Հայ ազգային կոնգրես», Հայաստանի ժողովրդական եւ մի քանի այլ, մինչեւ իշխանափոխությունն ընդդիմադիր գործունեություն ծավալած, իսկ թավշյա հեղափոխությունից հետո դեռեւս իրենց տեղը չճշտած կուսակցությունների համար, ապա առնվազն անհասկանալի է ընդամենը երեք ամիս առաջ իշխանությանը հրաժեշտ տված Հայաստանի Հանրապետական կուսակցության համար, որը քսան տարի համարվում էր իշխող ուժ։



Իսկ այսօր էլ Երեւանի ավագանիում ՀՀԿ-ն ունի պատկառելի ներկայություն։ «Մենք դեռեւս քննարկում չենք արել՝ կմասնակցե՞նք, թե՞ չենք մասնակցի։ Քանի որ պաշտոնապես դեռ չի հայտարարված, մենք քննարկում չենք անցկացրել։ Արձակուրդից վերադառնանք, կքննարկենք։ Օգոստոսին կքննարկենք»,- Երեւանի ավագանու ընտրություններին վերաբերող մեր հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը։ Դատելով ՀՀԿ-ի կայքում՝ hhk.am, տեղադրված տեղեկություններից՝ ՀՀԿ-ն այս փուլում շեշտը դրել է երիտասարդներին քաղաքականության մեջ ներգրավելու վրա։ Եվ այս հարցում նրանց օգնության ձեռք են մեկնում միջազգային կազմակերպությունները։



Այսպես՝ հունիսի 18-20-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները մասնակցել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտ (NDI) միջազգային կազմակերպության կազմակերպած «Քաղաքական կազմակերպման եւ ընտրարշավների դպրոցին», հունիսի 29-հուլիսի 1-ը երիտհհկականները Ծաղկաձորում մասնակցել են «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվող «Լիդերների ակադեմիա Հայաստանում» ծրագրին։ Իսկ ահա հուլիսի 12-ին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին։ Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը կարեւորել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եւ ՀՀԿ-ի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը։ Ըստ երեւույթին՝ ՀՀԿ-ն իշխանությունը կորցնելուց հետո որոշել է արեւմտյան հանդերձանքով կադրեր պատրաստել՝ հետագայում կրկին իշխանության գալու հող նախապատրաստելու համար։



**Թագուհի Հակոբյան**