Թիվ 32 դպրոցը մոտ մեկ տարի է՝ ռուսերենի ուսուցչուհի չունի. մրցույթը պարբերաբար տապալվել է

Թիվ 32 դպրոցը մոտ մեկ տարի է՝ ռուսերենի ուսուցչուհի չունի. մրցույթը պարբերաբար տապալվել է
Երեւանի թիվ 32 հիմնական դպրոցը անցած տարի սեպտեմբերից ռուսերենի ուսուցչուհի չունի, մրցույթն էլ ինչ-ինչ պատճառներով մի քանի անգամ տապալվել է։ Այսօր հերթական մրցույթն էր, որին մասնակցելու հայտեր էին ներկայացրել 5 հոգի։



Մեզ ահազանգել էին, թե ամիսներ շարունակ մրցույթը տապալվում է, քանի որ տնօրեն Քնարիկ Պետրոսյանը ուզում է իր նախընտրած մասնակցին անցկացնել։ Մենք եղանք դպրոցում, ներկա գտնվեցինք քննությանը։ Հետաքրքիր էր, որ հանձնաժողովում ներգրավված էին միայն այդ դպրոցի ուսուցիչները, տնօրենը նշեց, որ քաղաքապետարանի ներկայացուցիչը ճանապարհին է, իսկ մեկ այլ դպրոցի մասնագետ իր չգալը պատճառաբանել էր, թե երեխան առողջական խնդիրներ ունի։



Տնօրեն Քնարիկ Պետրոսյանը, **«Հրապարակ»**-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մրցույթը չէր կայանում, նշեց․ «Փոխարինող է եղել, մեր դիպլոմավորված մասնագետը, որին մենք ժամերը տրամադրեցինք, ոչ մի ժամ բաց չի մնացել։ Դուք էլ հետեւելով տեսել եք, որ պարբերաբար մրցույթը հայտարարվել է, ուղղակի մրցույթին այդ ժամանակաշրջանուկ դեպք էր լինում, որ ոչ մի հայտ չէր լինում։ Այսօր ես ուրախությամբ կարող եմ նշել, որ 5 մասնակից կա, դա պայմանավորված է այն փաստի հետ, որ ուսանողներն իրենց դիպլոմները վերցրել են եւ արդեն աշխատանք են ուզում, գալիս են դպրոց։ Մենք էլ բնականաբար ընթացք ենք տալիս, եւ այսօր արդեն մրցույթը կայանում է»։



Պետրոսյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ քննությունները մասնակիցները չեն կարողացել հաղթահարել․ «Եկել են ռուսաց լեզվի մասնագետի թափուր տեղին մասնակցելու, ասում են՝ ինչո՞ւ ենք օրենքներ հանձնում, երբեմն ռուսաց լեզվի մասնագետները ռուսախոսներ են, որոնք օրենքը շատ դժվար են հասկանում, չեն կարողանում մտապահել։ Երբեմն լինում են այդպիսի խնդիրներ, ուղղակի տապալվել է, չի կարողացել հաղթահարել 90 տոկոսի այդ շեմը»։



Տնօրենն, անդրադառնալով նախընտրելի թեկնածու ունենալուն, նշեց, որ այդպիսի բան հնարավոր չէ, ինքը նախըտրելի թեկնածու չունի։



Ի դեպ, նշենք, որ մրցույթի մասնակիցներից մեկը դժգոհում էր թեստից՝ նշելով, որ հարցերը որեւէ աղերս չունեն մասնագիտական որակների հետ, հարցերը կաված են օրենքների հետ։



**Աննա Պապիկյան**



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-0/p280x280/36754149_2129919363934432_92695710759124992_n.jpg?_nc_cat=0&oh=78db1d0c7e85a3cf950f431935f32f32&oe=5BD929BB)







![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-0/p280x280/36666116_2129919330601102_8393511834744782848_n.jpg?_nc_cat=0&oh=8569c93f5e7bc0f33cf1ec8d06be325d&oe=5BD6A017)