Լևոն Գալստյանը որոշել է հեռանա՞լ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից

Լևոն Գալստյանը որոշել է հեռանա՞լ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից
Երեկ գլխավոր դատախազությունը հաղորդում տարածեց, որ Հանրային հեռուստաընկերությունում կատարված չարաշահումների փաստերով քրեական գործ է հարուցվել՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։



Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ 2017թ. ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի օրինականության ստուգում:



Ստուգման արդյունքների և դրան առնչվող պահանջված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՓԲԸ-ն դրամաշնորհային պայմանագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին 2015-2016 թվականներին տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հետ կնքել է ընդհանուր առմամբ շուրջ 2 մլրդ 400 մլն դրամի պայմանագրեր՝ հեռուստահաղորդումների, ֆիլմերի, հաղորդաշարերի ձեռքբերման և այդ հաղորդումների պատրաստման համար տեխնիկական միջոցների վարձակալման համար:



Ընտրանքային ուսումնասիրությամբ պարզվել է, որ ֆիլմերի կամ հաղորդաշարերի ձեռքբերման նպատակով կնքված ընդհանուր 118 մլն 223 դրամի թվով 4 պայմանագրերով կազմվել և օգտագործվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր:



Ուսումնասիրությամբ արդեն իսկ պարզվել է, որ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ կողմից պետության բյուջետային միջոցներով 2015-2016 թվականներին իրականացված շուրջ 168.5 մլն. դրամի ծախսերը կատարվել են իրականությանը չհամապատասխանող կամ կեղծ նախահաշվային փաստաթղթեր, կատարողական ակտեր կազմելով և օգտագործելով, ուռճացված, անհիմն ծախսեր հաշվարկելով և վճարելով:



Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:



Ավելի ուշ՝ օրվա վերջին, **Հանրային հեռուստաընկերությունը** արձագանքեց դատախազության հայտարարությանը, նշելով որ քրգործի հարուցման համար առիթ համարվող լրատվամիջոցների հրապարակումները պետք է ուսումնասիրվեն․ «Որպես առերևույթ չարաշահումներ դիտարկվել են Ֆինանսների նախարարության տեսչական ստուգումների արդյունքում ի հայտ եկած և հետագայում շտկված խախտումները: Խոսքը նույն այն խախտումների մասին է, որոնց շուրջ մի շարք պարզաբանումներ են տրվել ինչպես զանգվածային լրատվամիջոցներում, այնպես էլ ԱԺ-ում՝ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Նախաքննությունը հանձնարարվել է քննչական կոմիտեին»:



Ըստ Հանրային հեռուստաընկերության, դատախազության որոշմանն անդրադարձել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը՝ որոշ ձևակերպումներ որակելով ոչ կոռեկտ և չհիմնավորված: Մասնավորապես․ «Դատախազության իրավունքն է՝ հաշվի չառնելով Ֆինանսների նախարարության եզրակացությունը, ԱԺ-ում կայացած քննարկումների արդյունքները և մամուլում հնչեցված մի շարք պարզաբանումները՝ սեփական կարծիքն ունենալ յուրաքանչյուր իրավիճակի մասին: Այնուամենայնիվ, քրեական գործ հարուցելու որոշումը զարմանալի էր, իսկ որոշման մեջ տեղ գտած ձևակերպումները՝ ոչ կոռեկտ և չհիմնավորված: Դա թույլ է տալիս ենթադրել, որ դատախազությունը քրեական գործի հարուցումը նախաձեռնել է՝ պայմանավորված ո՛չ թե դրա անհրաժեշտությամբ, այլ զուտ թեմայի հանրային հնչեղությամբ: Բայց նաև ուզում ենք հավատալ, որ այս գործընթացի շարունակությունը ժառանգած Քննչական կոմիտեն զերծ կմնա հանրությանը հաճոյանալուց և նախաքննությունը կիրականացնի անաչառ: Սա առաջին հերթին Հանրային հեռուստաընկերության ցանկությունն է, և մենք մեր կողմից հայտնում ենք այս ուղղությամբ լիարժեք աջակցության պատրաստակամություն»:



Այսօր արդեն՝ րոպեներ առաջ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ **Լեւոն Գալստյանն** իր ֆեյսբուքյան էջում այսպիսի գրառում արեց․ «Սիրելի՜ բարեկամներ․ Վերջերս Հանրային հեռուստաընկերության շուրջ ստեղծված մթնոլորտը մղեց ինձ վերջնականապես վերանայելու իմ տեղն ու դերը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում»:



Լեւոն Գալստյանից հետաքրքրվեցինք՝ խորհրդից դուրս գալու դիմո՞ւմ է ներկայացրել․ «Նման մտադրություն ունեմ, բայց քանի որ այսօր ոչ աշխատանքային օր է, վաղը կորոշեմ»։ Ինչ վերաբերում է իր գրառմանը, ապա․ «Ես գրել եմ այն, ինչ գրել եմ եւ վաղն էլ կորոշեմ այն, ինչ կորոշեմ»,- ասաց նա։



Մեր տեղեկություններով, Գալստյանը վաղուց արդեն Խորհրդի կազմում իրեն հարմարավետ չի զգացել, իսկ երեկ Խորհրդի անունից տարածված հայտարարությունը լցրել է համբերության բաժակը եւ նա որոշել է «քայլ անել»։ Մեզ ասացին, որ հայտարարությունը տարածել են Խորհրդի որոշ անդամներ՝ առանց Լ․Գալստյանին տեղեկացնելու։