Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»

Ռուսական օրագիր. «Մունդիալ 2018»
Եվ այսպես, «Մունդիալ 2018»-ի 1/4 եզրափակչի բոլոր զույգերը հայտնի են՝ Ուրուգվայ-Ֆրանսիա, Բրազիլիա-Բելգիա, Շվեդիա-Անգլիա, Ռուսաստան-Խորվաթիա: Վստահաբար կարելի է ասել, որ առաջին զամբյուղի հավաքականներից մի քանիսը կարգով ավելի բարձր են, քան երկրորդ զամբյուղում ընդգրկված որոշ թիմերը: Այդուհանդերձ, առաջնության հաղթողի գլխավոր, ես կասեի՝ լրջագույն թեկնածուներից մեկը երկրորդ զամբյուղում հանդես եկող Խորվաթիայի ընտրանին է: Խորվաթներին բարդ եւ վճռական փորձություն է սպասվում եւ ոչ հեշտ մրցակից․ Ռուսաստանի հավաքականի դեմ խաղում, թերեւս, կբացահայտվի Խորվաթիայի ողջ ներուժը:



Այս պահին ռուսները հասել են ներշնչանքի ու ոգեւորության բարձրակետին, ռուս ֆուտբոլային մեկնաբաններն արդեն աշխարհի առաջնության եզրափակչից են խոսում, նրանց կարծիքով՝ եզրափակիչ խաղի մասնակիցներից մեկը, իհարկե, հայտնի է․ դա Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած Ռուսաստանի հավաքականն է: Իհարկե, ռուսների էյֆորիկ տրամադրությունն ամբողջովին հասկանալի է, 1/4 եզրափակչում նրանց հավաքականի մասնակցությունն իսկապես հրաշքի է նման, մանավանդ՝ Իսպանիայի ընտրանու դեմ տարած անմոռանալի հաղթանակից հետո: Առաջնությունից առաջ թվում էր, թե այս հավաքականը նույնիսկ խմբային մրցափուլը հաղթահարելու իրական ներուժ չունի, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, քիչ չեն դեպքերը, երբ անվստահ, շատ ժամանակ խարխուլ ու ծանրաշարժ խաղով աչքի ընկած հավաքականը վերջնարդյունքում չեմպիոն է դարձել՝ անակնկալի բերելով բոլորին: Ներկայումս Ռուսաստանի հավաքականի հաջողությանը կարող է խանգարել միայն սթափության կորուստը, ավելորդ ինքնավստահությունը, անհարկի մեծամտությունը, գովեստների տեղատարափին կուրորեն հավատալու միամտությունը: Դե, իսկ խորվաթների կամային, մինչեւ վերջ պայքարող բնավորության մասին, անկասկած, բոլորը գիտեն, եւ Խորվաթիայի հավաքականն ամեն ինչ անելու է՝ բացառիկ շանսը ձեռքից բաց չթողնելու համար:



Արգենտինայի ընտրանուն ծնկի բերելուց հետո Ֆրանսիայի հավաքականը վերջնականապես հաստատեց իր հեգեմոնիան, 19-ամյա հարձակվող Կիլիան Մբապպեն դարձավ այս առաջնության բրենդային աստղերից մեկը, ում խաղն ապշեցնում եւ հիացնում է գեղեցիկ, հարձակվողական ֆուտբոլի երկրպագուներին: Սակայն Ուրուգվայի հավաքականին անցնելը հեշտ չի լինելու, հարավամերիկացիները տաղանդավոր են, ֆիզիկապես լավ պատրաստված, ունեն զորեղ հարձակման գիծ եւ ունակ են լուծելու յուրաքանչյուր բարդ առաջադրանք:



Բրազիլիա-Բելգիա մրցավեճը, կարծում եմ, խոսակցության առանձին նյութ է, այս հանդիպմանը կարելի է այսպիսի բնորոշում տալ՝ «ընթացիկ եզրափակիչ», որի ընթացքում հնարավոր է լինելու անհնարինը, հնարավոր է լինելու ֆանտասմագորիկը:



Իսկ, ահա, Շվեդիա-Անգլիա մրցավեճում անգլիացիներն ամենեւին խիստ ընդգծված լիդերներ չեն, եւ Անգլիայի սայթաքումը զարմանալի չի թվա: Շվեդիայի հավաքականը բարձր որակի թիմային խաղ է ցուցադրում եւ ստեղծել է ամուր, գրեթե անանցանելի պաշտպանություն:



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**